Ռուսաստանը սկսում է հաշտվել Հայաստանից հեռանալու գաղափարի հետ

Ռուսաստանը սկսում է հաշտվել Հայաստանից հեռանալու գաղափարի հետ

Լաչինի միջանցքի վրա ադրբեջանական անցակետի տեղադրման միակ ուղերձն այն է, որ Ռուսաստանը եւ նրա բանակը չեն կարող լինել անվտանգության երաշխավոր: Եթե նրանք չեն կարողանում ապահովել երկուսուկես տարի առաջ ստանձնած պարտավորությունների կատարումը եւ արցախահայության անվտանգությունը, ինչպե՞ս պետք է ապահովեն Հայաստանի նկատմամբ պայմանագրային պարտավորությունը` արտաքին ագրեսիայի դեպքում: Ռուսաստանն այլեւս այնքան հեղինակություն չունի, որ բանակցություններով զսպի Ադրբեջանին, իսկ զենքով էլ զսպելու ուժ եւ հնարավորություն չունի: Եթե Ադրբեջանն այսօր փակում է Լաչինի միջանցքը, վաղը կարող է բացել Զանգեզուրի միջանցքը: Այդ դեպքում եւս Ռուսաստանի արձագանքը կարող է լինել նույնը. դատապարտող հայտարարություն եւ ոչ մի կոնկրետ օժանդակություն: Հետեւությունը մեկն է. Հայաստանին պետք են անվտանգության նոր, ավելի հուսալի երաշխավորներ, քանի որ Հայաստանն ինքնուրույն ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը:
Ադրբեջանը եւ նրան հովանավորող արտաքին ուժերն ուզում են օգտվել ստեղծված իրավիճակից:

Ռուսաստանն Արցախում եւ Հայաստանում հայտնվել է պատային վիճակում. նրա համար անթույլատրելի շքեղություն կլինի Ուկրաինայի դեմ պատերազմի պայմաններում մի նոր պատերազմ էլ սկսել Ադրբեջանի դեմ: Ավելի լավ է զիջել Ադրբեջանին, աչք փակել նրա սադրիչ գործողությունների վրա, քան թե կոշտ արձագանքել: Իրանն էլ սկսեց կոշտ արձագանքել Ադրբեջանին, բայց երբ այդ արձագանքի տակ չկա ուժ, ավելի լավ է ոչինչ չասել: Ռուսաստանը հասկանում է, որ եթե ինքն Իրանի օրինակով սկսի կոշտացնել Ադրբեջանի հանդեպ հռետորաբանությունը, դա ոչ միայն չի բերի խնդրի լուծման, այլեւ, հակառակը՝ Ռուսաստանին ավելի խորը փակուղի կտանի: Ռուսաստանի միակ տարբերակը դեմքը պահելն է, որքան դա այս իրավիճակում հնարավոր է, ու ժամանակ շահելը, այն հույսով, որ ժամանակը կաշխատի իր օգտին: Ադրբեջանը եւ նրա հետեւում կանգնած ուժերն էլ հասկանում են, որ հիմա իրական հնարավորություն կա, Ռուսաստանի թուլությունն ու 2 ճակատով կռվելու անհնարինության գիտակցումն օգտագործելով, ռուսական բանակը դուրս բերել ոչ միայն Արցախից, այլեւ՝ Հայաստանից, Հարավային Կովկասն ազատելով ռուսական ռազմական եւ քաղաքական ազդեցությունից: 

Այս սցենարը նաեւ Հայաստանի իշխանությունների սրտով է: Համենայնդեպս, Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ անում է՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու, հակառուսական հանրային տրամադրություն բորբոքելու եւ, ի վերջո, Ռուսաստանի ներկայությունից Հայաստանն ազատելու համար: Ըստ որոշ տեղեկությունների, Փաշինյանն իր կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչներին արդեն իսկ հանձնարարություն է տվել՝ հաշվարկել, թե ինչ տնտեսական հետեւանքների հետ կարող է բախվել Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներին միանալու պարագայում, որը կբերի ՌԴ-ի հետ առեւտրատնտեսական կապերի խզման: Ուսումնասիրությունները չափազանց վատ հետեւանքներ են խոստանում, սակայն երբ նման որոշում կայացվի, հնարավոր հետեւանքները չեն կարող էական ազդեցություն ունենալ: Փաշինյանը կարող է հայտարարել, որ անվտանգության արեւմտյան համակարգին միանալն ավելի կարեւոր է, քան տնտեսական վիճակի վատթարացումը՝ խոստանալով, որ դա ժամանակավոր է, երբ Հայաստանն ինտեգրվի արեւմտյան տնտեսական համակարգին, տնտեսության վիճակն ու մարդկանց սոցիալական պայմաններն ավելի լավը կլինեն, քան կային մինչեւ պատժամիջոցներին միանալը:

Ռուսաստանը մի կողմից դիմադրում է՝ չցանկանալով հեշտ զիջել Արցախն ու Հայաստանը, մյուս կողմից չունի այլընտրանք: Ռուսական քաղաքական ու հանրային գործիչները, որոնք բավարար անկախություն եւ ինքնուրույնություն չունեն խոսելու այն մասին, որ Հարավային Կովկասում իրենց վերջին հենարան Հայաստանը կորցնելու հարցում մեղավորը Ռուսաստանի ներկա խոցելի վիճակն է, փորձում են մեղքը բարդել ՀՀ իշխանությունների, հայ ժողովրդի եւ Հայաստանի վրա: Նրանք Ռուսաստանի անգործությունը բացատրում են Հայաստանում հակառուսական, պրոարեւմտյան իշխանությունների գոյությամբ, հայ ժողովրդին մեղադրում են սորոսական իշխանությանն աջակցելու, իր իշխանությանը հեռացնելու անկարողության մեջ: Կարելի է կարծել, որ եթե Հայաստանում հիմա թունդ պրոռուսական իշխանություն լիներ, Ռուսաստանը պատերազմ էր հայտարարելու Ադրբեջանին եւ տանկերով ոչնչացներ ադրբեջանական անցակետը: Ուղղակի, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում մարդիկ սիրում են իրենց անզորությունը եւ սխալները բարդել ուրիշների վրա: Այդպես ավելի հեշտ է եւ անվտանգ, չէ որ Ռուսաստանում ընդունված չէ սեփական իշխանությանը քննադատելը:

Ռուսներն օր-օրի ավելի են համոզվում, որ Արցախում եւ Հայաստանում իրենց մնալը ոչ միայն դժվարանում է, այլեւ դառնում ժամանակավրեպ: Այն ապրանքը, որը նրանք մինչեւ այժմ առաջարկում էին Հայաստանին եւ հայ ժողովրդին`անվտանգություն, այլեւս «ժամկետանց» է: Հասկանում են, որ ինչ-որ պահի Հայաստանը կարող է միակողմանիորեն խզել Ռուսաստանի հետ ունեցած իրավապայմանագրային հարաբերությունները՝ իրենց պարտադրելով հեռանալ այստեղից: Եվ նրանք պատրաստվում են դրան:

Ավետիս Բաբաջանյան