Ռոզա Հովհաննիսյան․ Արգելակման ճառագայթում 

Ռոզա Հովհաննիսյան․ Արգելակման ճառագայթում 

ԽԱԽՈւՏ ԿԱՔԱՎԱՔԱՅԼՈՎ

Թե խելառդ լինեմ,
ուրիշ բաներ չանեմ ուրիշի հետ
բարով,
ուրիշ բառով՝
ունայնության շուքը ինձ չբռնի ուրիշ արեւի տակ,
ուրիշ արեւի տակ,
չլրբանա ձորը փեշիս տաքից,
փեշիս տակից չվրնջա ջուրը՝ ինձ վարարող,
ինձ վարանող աստղին
լեզու հանեմ մի քիչ էնպե՜ս…
մի քիչ էնպե՜ս լինեմ՝ քո խելառը,
եզան լեզուն կառնես,
կծածկես ինձ
կանաչ սիրահեւքով,
սիրահեւքով խեւարածի… 

ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄ

Ահա մի կյանք`
չոր-չոր տարված խաղով,
նետել եմ հատակին:
Հիանալի աղջիկ է այսպիսին լինելս,
ինքս ինձ թե առնեմ թեւիս տակ,
ինքս ինձ թե փորձեմ հատակից:

Սերս ոստնախաղ կարծեցին,
ինձ` թեւերիս հետ բամբասվածիս,
իսպառ քամու համար սիրող:

Արդ` ունայնագիրկս եւ եղուկ ամայիս,
մոխրի մեջ նստած տունմնաս
եւ արեւի այրություն չտեսած Ճլե գյոլս,
արդ` չապրեցնող խրուտս եւ տոներ ուշացնողս,
էլ ինչպե՞ս դառնամ խաս ու բոցունիկ,
էլ ինչպե՞ս` ծաղկահեւ նռնենի,
ինչպե՞ս տոհմաբանեմ անզույգիս ծոմ մարմնով,
ո՞ւմ տամ ճիշտանուն քնքշաշիթերս,
փորձից վեր մաքուր ոսկի սերս,
ո՞ւմ համար խայծաթռչնիկ չլինեմ,
ո՞ւմ համար` Սալոմե,
ո՞ւմ չգայթեցնեմ,
կախարդանշան չբանեցնեմ ո՞ւմ դեմ,
ծեծքարի նախնական ընծայումով
ո՞ւմ շեմի տակ ամփոփվեմ, գոյեմ,
ո՞վ է կախկռտողի ծիսական հաճույքով:

…Հե՜յ դու, իմ ճռճռացող ողերի գալի՛ք 
թագադիր,
ես ճաք եմ տալիս անապակ նշխարի պես,
թե ընկնում են մարմնիս ցորյանները,
վերջին պահպանիչը մոտեցրո՛ւ ինձ,
մոտեցրո՛ւ ինձ
ազատ մատաղ եղող թռչուններին`
ամենազուտ նրանց…

ՄԵՏԱԹԱԽԻԾ

Զգացմունք - թափոնների երկնաքերները 
քեզ բարձրացնում են
երկինք հափշտակողի
ավետման ձայներով:
Պառկած լուսնի դիրքով մի աղջիկ
երազում է դեռ`
ամպերին ներշնչելով,
որ չամպոտեն իրեն:
Աղջիկը պատահական չէ սրտիդ մեջ,
երակազարկիդ մեջ,
արքաբազուկներիդ մեջ - 
մսե մետաթախիծ:
Քեզ օծում են ներգանգային թագով`
մեկ զարկով կին դարձածի 
դիպուկությամբ,
եւ հռհռոցդ՝ իբրեւ անիվ,
գլորվում է հարգանիշի տեղ,
տոնանվեր սրտի վրայով աղջկա,
որն ամեն օր կախվում է
ճերմակի բարձունքից`
ճամբարից հեռացվածի թախծադեմով:
Գուրգուրոտ ամպերի կողերին
նա հենում է կոնքերը - ճոճքի ոգի,
եւ տարուբերում է լուսինը արյանդ մեջ,
եւ տարուբերում է լուսինը արյանդ մեջ...

Աղջիկը` տեղանքիդ անսովոր,
փխրամած ու բոցկեզ աղջիկը-
սիրո ջարդոն,
աղջիկը - պտտահլու ճայ`
թագիդ քորոցները վրան,
աղջիկը, գիժխոտը կրծքին,
մաշկիդ մեջ քնած թագուհի…

ՄՈԼՈՐ ԴԱՐՁ

Ես այսօր փողոցին եմ շնորհում
արգելված պտուղ լինելս
եւ ցեխաջրերի գրկախառնությամբ 
գնում եմ անբասիրի հետեւից՝
արժանիի կողերից
սարքելու իմ խաղալիքը:

Ես քանդում եմ
ծոցիս սարդոստայնը,
եւ թեւերս նշաններ են
անմատչելի կրակների,
որ ճեղքում են 
անկման բարձրությունը:

Դեպի սեր,
դեպի սրտաճաք նռանս գիշերը,
դեպի հոգոց հանող իրերը,
դեպի վերքերս լիզողի գլխապտույտը,
դեպի քնքշացնող սովորույթի 
ահագնացումը-
հրացանի աչքունքով տղամարդը,
որ շարունակ թռչուններ է փակցնում մարմնիս
եւ հանում ուրի՜շ թռչուններ
թեւերիս վանդակից, 
մինչ անհնարին սիրո ուժեղությունս 
թողնում եմ ուրիշ թեւերի
եւ վերքիս մեջ փետուր նետողի 
մոլեգնությամբ
զգում եմ իմ համն աղավնու
ուրիշի շուրթերին…

ՀԱՄԱՐՅԱ ՏՈՆ

1.

Խտղտացնում եմ քաղաքիս բոհեմը, 
բոհեմի մեջ՝ քեզ:
 
Ախր քո ի՜նչ բանն է անկախ լինելը, 
երբ սրա մեջ գցել՝ գրում են, 
գրում են վրադ, 
հետո ռեպ կկարդան հոգուդ մեջ.
ծանր է 
քեզ պատին դեմ արած 
երգելը,
սիրելը…
Ամբոխը քեզ ուրիշ տեղ է քաշում,
բայց ինձ այստեղ են կանչում, 
հրում են՝ զարթնի՛ր քո ձեւի:

Հիմա «իմ ձեւի» զարթնել եմ՝
զարթնեցնելու ձեւն եմ կորցրել. 
կտցում եմ սիրտս ու կերակրում քեզ.
սովորական կտուցով անսովոր մեկն եմ, 
ով փոխակերպվելու է սովոր,
եւ որին սատանան ոտք է գցում մեկ-մեկ
ու թքում… ծաղկի պես:

Ծաղկի պես ո՞ւմ դեմքին եմ հիմա:

2.

Մեկ է, դու էլի իմ մաղն ես՝ 
ծակ սերը,
ինձ հետ ես բերում օրվա կարկատանից,
կանգնեցնում պարսպին գոռոզ,
ինձ հետ ես գցում հմայքի կապարճներից 
եւ հուշում կանխասացի սաստումը՝
ձեր բարությունը 
պիղծ լաթի պես մի՛ նետեք…

Ու բարությունդ սխկում է, 
մանրացնում, 
կպցնում իմ հոգին 
անկախությանդ պաստառին, 
որ ինձ ծածանի ամեն ինչի հետ,
ամեն ինչի տեղ,
որ հետո ռեպ ոռնան հոգուս մեջ.
ծանր է 
քեզ օրվան պահ տված 
երգելը,
սիրելը…

***

Երբ փլվի սիրուս աղավնատունը, 
գեղեցիկ մեռնելու օյինս քեզ։ 
Էլ երբե՛ք հուրի-հրեղեն, 
էլ երբե՛ք արմանք-զարմանք 
գեղեցկության իշխանության գլուխ, 
բնութքիս հարազատ զուլալ կաթնակեր 
կամ անզուսպ օրինաց օրիորդ չեմ լինի- 
մի սարսուռ, 
մի դող, 
մի կանաչ վարդակապ, 
Աստծո տված օրը մի գոյանիշ թողնելու։ 
Առհասարակ չեմ լինի. 
չեմ լինի մարդկանց դուստրերից մեկը, 
կրքերի խրախճարան կամ նմաններիս հետ 
ինչ-որ բանի պակասից աղեքսակ լիզող, 
անկման շուրջպարի մեջ կուչուձիգ, 
ինքնապաստան, 
ապա եւ նզովից արմատ՝ 
ձձում հեծնող պառավ։ 
Չեմ լինի, ելք հուշո՛ղ բարապաններ, 
չիքի՛ մատյանի դպիրներ, 
չեմ լինի ապրողիս խաշխաշե հմայքով, 
ամոքածաղկի վերջին մեղկությամբ։ 

Երկրից դուրս կճախրի 
ամբրոսի վայելքը շուրթերին, 
մեռնել-հառնելու օյինով 
մի աղջիկ...

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ