«Հրապարակ»․ Տարօրինակ կազմով քննարկում` արցախցիների հետ կապված

«Հրապարակ»․ Տարօրինակ կազմով քննարկում` արցախցիների հետ կապված

Օրերս ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել Արցախի պաշտոնատար անձանց հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ 2 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկվել են արցախցիներին բնակարաններով ապահովելու հարցեր։ Հանդիպումը նախաձեռնել է Տիգրան Խաչատրյանը: Ներկա են գտնվել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, նախկին նախարար Հայկ Խանումյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ 

Հանդիպման ժամանակ ներկայացվել է բնակարան ձեռք բերելու համար պետության կողմից նախատեսվող մի քանի տարբերակ։ Տարբերակներից մեկն այն է, որ ընտանիքի ամեն անդամին տրամադրվի 3 միլիոն դրամ գումար, որը կգումարվի մյուս անդամների գումարին, եւ կկարողանան բնակարան ձեռք բերել։ Գումարն առձեռն չի տրամադրվելու, այլ լինելու է սերտիֆիկատի տեսքով։ Երկրորդ տարբերակով առաջարկվում է կառուցել կամ գնել սոցիալական տներ, որոնք կտրամադրվեն արցախցիներին, բայց դրանք չեն լինի նրանց սեփականությունը` առնվազն 10 տարի։ Երրորդ տարբերակով առաջարկվել է ինչ-որ տարածքում հիմնել ավաններ, որտեղ կբնակվեն արցախցիները։ Խաչատրյանն այս տարբերակները ներկայացրել է ներկաներին, որ նրանք էլ հետագայում իրենց առաջարկներով հանդես գան։

Հանդիպմանը ներկա գտնված «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լեւոն Հայրյանն այս տարբերակներն իրատեսական չի համարում՝ նշելով, որ այսօր հնարավոր չէ այդ գումարներով բնակարան ձեռք բերել, անգամ եթե գումարվեն ընտանիքի բոլոր անդամներին տրամադրվող գումարները։ «Ճիշտն ասած, հանդիպումից տպավորված չէի, որ ցանկանում են խնդիրը լուծել, այլ ժամանակ են ձգում: Ասում են, որ ծրագրերն իրականացնելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ՝ ակնարկելով, որ գումար չկա, այդ դեպքում մենք ումի՞ց գնանք գումար ուզենք, երբ պետությունն է ասում, որ գումար չկա»։ 

Հանդիպմանը ներկա չեն գտնվել Արցախի վերջին կառավարության անդամներ, Արցախի ԱԺ պատգամավորներ, ինչը տարօրինակ է: Առհասարակ, թե ինչպես են ընտրել հանդիպման մասնակիցների կազմը, հասկանալի չէ: Ինչո՞ւ ներկա չեն եղել կառավարության անդամները, պատգամավորները: Այս հարցն ուղղեցինք Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանին, ով մինչ օրս զբաղվում է Արցախից բռնի տեղահանվածների խնդիրներով։ 

- Տիկին Հակոբյան, տեղյա՞կ եք այդ հանդիպումից, ինչո՞ւ է նման կազմ ընտրել փոխվարչապետը, ներկա գտնվողներից միայն Գեղամ Ստեփանյանն է մինչեւ վերջին պահը գործող պաշտոնյա եղել։ 

- Համաձայն եմ Ձեր դիտարկման հետ, ինչն անսպասելի էր։ Իրենք բացահայտ արհամարհում են Արցախի կառավարությանը եւ արցախցիների խնդիրները քննարկելու համար ընտրում են այն մարդկանց, ովքեր հակապետական մոտեցում են ունեցել, որոնց վրա դեռ ժամանակին քրեական գործեր են հարուցված եղել Արցախում (նկատի ունի Հայկ Խանումյանին` Կ. Ք.)։ 

- Ի՞նչ եք կարծում` այս հանդիպումներն արդյունք կտա՞ն։

- Այդ կազմում մարդիկ են, որոնց Արցախի ժողովուրդը եւ մենք չենք վստահում, այսինքն՝ երբ իրենք հնարավորություն ունեին Արցախում հանուն Արցախի ինչ-որ բաներ անելու, իրենք հակառակն էին անում՝ սադրիչ գործողություններ էին անում։ Ներկաներից ոմանք նաեւ բյուջեի հետ կապված քրեական գործերով էին անցնում, որոնք ազատվեցին պատասխանատվությունից` Արցախի կործանումով, եւ իրենք էլ իրենց նպաստն ունեցան՝ համագործակցելով այս կառավարության հետ։ 

- Ձեզ ի՞նչ է հայտնի բնակարաններով ապահովելու ծրագրերից։

- Ընդհանրապես տեղեկություն չունեմ, միայն լուրեր՝ օդում կախված։ Երբ ես էի փորձում հասկանալ, թե ինչ ծրագրեր են քննարկվում բնակարանների հարցում, ինձ ասում էին, որ ընդհանրապես քննարկում չկա, երբեմն-երբեմն ինչ-որ բանավոր խոսակցություններ են լինում։