Նրա անունը Շահան Նաթալի է
Նիկոլի մղձավանջային իշխանության այս տարիներին, ամեն անգամ, երբ ստիպված եմ լինում ակամա լսել Հակոբ Մովսեսի հրապարակային ելույթները, սիրտս կծկվում է ցավից, ափսոսանքից ու դառնությունից։
Ես նրան համարել եմ ճշմարիտ ու մեծ մտավորական, նուրբ բանաստեղծ ու զտարյուն հայ, սակայն հիմա, տեսնելով, թե ինչպես է նա վերածվում Նիկոլի ջատագովի եւ գաղափար պաշտպանելու ծպտանքի տակ ծառայում անձի, բարձրամիտ արտահայտություններով «սղղացնում» թունավոր մտքեր, զգալով ու գիտակցելով, թե այդ երեւույթն այս ծանրագույն ժամանակներում ինչ ահավոր վնաս է հասցնում հայ ժողովրդին ու դրան հպատակված անհատին, թե ինչ մեծ կորուստ է դա հենց ժողովրդի ու հենց այդ անձի համար, իսկ դու չես կարող օգնել ո՛չ ժողովրդին, ո՛չ այդ անհատին, աշխատում եմ արագորեն ազատվել այդ փորձությունից եւ անջատել հեռուստացույցը, մանավանդ, որ նման ելույթները լսելը նույնքան տհաճ է, որքան Նիկոլին լսելը։
Սակայն գրությանս նպատակն այս անգամ որքան Հակոբ Մովսեսից զգացած ցավն արտահայտելն ու նրան ի դարձ խնդրելն է, այլեւ մի դիտարկում, որը կապված է հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանի հետ։
Հաղորդման ժամանակ, երբ Հակոբ Մովսեսն օրինակ էր բերում Շահան Նաթալիից, հանկարծ մոռացավ նրա անունը եւ «Նեմեսիսի ղեկավարը» ասելով, օգնություն ակնկալող հայացքով դիմեց Պետրոս Ղազարյանին, դեմ առավ նրա հռչակավոր հայացքին ու նույնքան հռչակավոր լռությանը։
Այդ երկուսը եթերում չհնչեցրին Շահան Նաթալի անունը։
Ես վստահ եմ, որ Հակոբ Մովսեսն իրոք պահի տակ մոռացավ նրա անունը, բայց գրեթե նույնքան էլ վստահ եմ, որ Պետրոս Ղազարյանը պարզապես չգիտի դա։ Կամ վախեցավ տալ Շահան Նաթալի անունը։ Սրանցից որն է ավելի ամոթալի ու վատ, դժվար է ասել, որովհետեւ մեկը մյուսից ե՛ւ վատ է, ե՛ւ ամոթալի։ Թեեւ խոստովանեմ, որ այս խոսքերը գրելու պահին էլ մտքովս անցավ, որ Պետրոս Ղազարյանը գիտակցաբար չտվեց Շահան Նաթալիի անունը․ իսկապես, դավաճանական ենթամշակույթի պրոպագանդիստն ու պարտվողականության գալարփողն ինչո՞ւ եւ ինչպե՞ս պիտի հնչեցնի հատուցման եւ հարատեւ կռվի նվիրյալի անունը։
Իսկ Շահան Նաթալին, ի դեպ, ոչ միայն «Նեմեսիսի» փաստացի ղեկավարն էր, այլեւ մեծ մտածող, բազմաթիվ խոր ու նուրբ աշխատությունների հեղինակ, որոնցից «Թուրքերը եւ մենք» աշխատությունն իրոք կոթողային է, դար անց էլ խիստ արդիական, որը պիտի կրկնի եւ ուսումնասիրի յուրաքանչյուր Հայ մարդ։
Հակոբ Սողոմոնյան
Կարծիքներ