Ցատկունա՞կ կենդանու տեղ, թե՞ երկոտանու

Ցատկունա՞կ կենդանու տեղ, թե՞ երկոտանու

Դեկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր ամերիկյան «Time» շաբաթաթերթի մի հրապարակում եւ գրել. «Աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից մեկը՝ «Time»-ը, տպավորված 2019-ին Հայաստանի ցույց տված տնտեսական արդյունքներով, իր տարեվերջյան համարում Հայաստանն անվանում է «Կովկասյան վագր»: Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե մենք ենք անվանում, այլ՝ «Time»-ը»:

Հիշողության կորուստ չունեցողներս հիշում ենք, թե ինչպես էր ժամանակին խմբագիր Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակն» ամիսներով «ղժժում» այն ժամանակվա արտգործնախարար Վարդան Օսկանյանի վրա, ում պատկանում է Հայաստանը «կովկասյան վագրի» հետ համեմատելու հեղինակային իրավունքը։ Մասնավորապես, «Հայկական ժամանակ» թերթի թղթակիցը 2003-ին Վարդան Օսկանյանին հարցրել էր․ «Չե՞ք մտածում, որ վագրի իմաստով չափազանցրել եք. գուցե ավելի փոքր եւ պակա՞ս ցատկունակ կենդանու անուն էր պետք տալ»: Օսկանյանն էլ՝ Նիկոլ Փաշինյանի այսօրվա համոզվածությամբ, պատասխանել էր․ «Ես համարում եմ, որ կենդանու ընտրությունը ճիշտ է... Ես համարում եմ, որ այս պահին իսկապես մեր երկիրն արագ տեմպերով է առաջ գնում: Իհարկե, դա կարող է նաեւ իր բացասական հետեւանքներն ունենալ՝ սոցիալական բեւեռացման առումով, սակայն խնդիրն այսօր դա չէ»։

Հիմա՝ այն մասին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը կրկնում Սերժ Սարգսյանին: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանին եւս բնորոշ է իր ասածներին 100 տոկոսով «հակադարձ համեմատական» քայլեր ու բաներ ասելը։ Օրինակ, երբ Սերժ Սարգսյանը Վազգեն Մանուկյանին անվանում էր «իդիոտ», իսկ Արտաշես Գեղամյանին՝ «դհոլ», Սերժ Սարգսյանի ձեռագրին այն ժամանակ ոչ այնքան ծանոթ որեւէ մեկը չէր պատկերացնի, որ նա ամիսներ անց մեկին կդարձնի Հանրային խորհրդի նախագահ, իսկ մյուսին իր խմբակցությունում պատգամավորական մանդատ կտա։

Հիմա էլ Նիկոլ Փաշինյանի պարագայում պարզվում է, որ Օսկանյանին քննադատում էր մի բանի համար, որը հետո, 17 տարի անց, բարեհաջող, այն էլ՝ պատվիրված, կրկնելու է ինքը։
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Հանուն արդարության նշենք, որ եթե 2003, 2004, 2005 թթ․ Հայաստանում կար տնտեսական աճ եւ շինարարական բումի հետեւանքով երկնիշ տնտեսական աճ, եւ օրվա իշխանությունը դա փորձում էր ներկայացնել նման համեմատականներով, զուգահեռներ տանելով՝ Սինգապուր, Հարավային Կորեա, այլ երկրներ, որտեղ ասիական վագրեր կային՝ իրենց տնտեսությունների աճով, մեր իշխանությունն էլ, ունենալով համանման ցուցանիշներ, փորձում էր տեղավորվել այդ տրամաբանության շրջանակներում, ապա այս իշխանությունը ոչ միայն չունի նման ցուցանիշներ, այլեւ փորձում է բոլորին՝ հասարակությանը, իրենց ընտրողներին, բոլորին, հայ ժողովրդին եւ արտաքին աշխարհին դնել երկարականջ կենդանու տեղ՝ ներկայանալով որպես վագր եւ իրենց չարած աշխատանքն էլ ներկայացնել որպես վագրային»:

Նշենք, օրինակ, որ 2002-ին Հայաստանում արձանագրվել է 9,6 տոկոսանոց տնտեսական աճ, 2003-ին՝ 12․9։ Փորձեցինք այս առնչությամբ ստանալ տնտեսագիտական կարծիք։
Տնտեսագիտության դոկտոր Ատոմ Մարգարյանը կարծում է, որ այս «վագրերն» անհեթեթություններ էին ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա։ «Սովորական էվոլյուցիոն զարգացումներ են, համենայնդեպս, այն աճը, որ այս տարվան է վերաբերում, լավագույն դեպքում՝ 6-6․5 տոկոս, սովորական բան է Հայաստանի համար թե՛ 2000-ականներին, թե՛ 2010-ից այս կողմ։ Այնպես որ, որեւէ արտառոց բան չեմ տեսնում։ Ավելին՝ այս աճի կառուցվածքը, ըստ էության, փոփոխություն չի կրել եւ շարունակում է ձեւով լինել բարձրտեխնոլոգիական, իսկ էությամբ՝ հանքարդյունաբերական»։ Շարունակելով՝ Ատոմ Մարգարյանն ասաց, որ տնտեսության մեջ որակական փոփոխություններ չի տեսնում, կան քանակական որոշակի տեղաշարժեր․ ստվերից դուրսբերում, հետապնդելու, բռնելու, բաց թողնելու համատեքստերում ինչ-ինչ գործողություններ։

Բայց չի փոխվել այն ինստիտուցիոնալ միջավայրը, որտեղ այդ «թռիչքները պիտի տեղի ունենային»:
Ինչ վերաբերում է այս «վագրերի» ու աճերի համեմատությանը, ապա տնտեսագետը մեկնաբանում է՝ այո, եղել են նաեւ ավելի բարձր աճեր, բայց երկուսն էլ փուչիկների վրա կառուցված եւ կառուցվածքային առումով խոցելի աճեր են։ «Չի կարելի աճը ֆետիշացնել եւ ամեն ինչ աճով պայմանավորել տնտեսական զարգացումներում, հատկապես այն կոնտեքստում, երբ խոսք է բացվում ներառականության մասին։ Եվ «ա»-ն ասելուց նաեւ պետք է «բ»-ն ասել։ Այսինքն՝ այդ աճից ինչպե՞ս են օգտվում հասարակության անդամները, ինչպիսի՞ն է եկամտի բաշխումը»: Այս վերջին երկու հարցերին պատասխանելով՝ Ատոմ Մարգարյանը մի պարադոքսալ ցուցանիշ է ներկայացնում։ Իսկ դա այն է, որ թերեւս վերջին տարիներին աղքատության մակարդակը նվազել է, բայց ըստ եկամտի բաշխման ցուցանիշն աճել է։ Այսինքն՝ աղքատներն էլ ավելի են աղքատացել, հարուստները՝ էլ ավելի հարստացել։