Շոուներն ավարտվեցին՝ Դավիթը մնաց

Շոուներն ավարտվեցին՝ Դավիթը մնաց

«Լուսավոր Հայաստանի» սարքած «բոլոլան» երեկ հանգուցալուծվեց։ Ինչպեսեւ գրել էինք, ԼՀԿ կառավարման խորհուրդը որոշեց, որ Դավիթ Խաժակյանը կշարունակի Երեւանի ավագանիում իր աշխատանքը։ Քաղաքապետարանի աղմկահարույց նիստի հաջորդ օրը՝ դեկտեմբերի 17-ին, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը եւ փոխնախագահ Մանե Թանդիլյանը հայտարարել էին, որ, հիմնվելով քաղաքացիների արձագանքների վրա եւ ելնելով մի շարք այլ հանգամանքներից, ԼՀԿ կառավարման խորհուրդը քննարկում է Երեւանի ավագանու կազմում իր մասնակցության շարունակության եւ ավագանու կազմից իր միակ անդամ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը: Այդ հանգամանքները ներկայացվեցին հանրությանը: Մեկն այն էր, թե Խաժակյանը չունի վերահսկողություն «Լույս» դաշինքի մյուս երկու գործընկերների նկատմամբ, եւ նրանց արարքների համար պատասխանատվություն «Լուսավորն» է կրում։ Երկրորդ․ ԶԼՄ-ները սկանդալները գերադասում են խորքային հարցեր լուսաբանելուց։

«Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամներ Թեհմինե Վարդանյանը եւ Անի Խաչատրյանն էլ պատասխան ասուլիսով հանդես եկան՝ ասելով, թե չեն կիսում «Լուսավորի» իրենց գործընկերների վրդովմունքը եւ Վարդանյանի կողմից  կիրառված հռետորաբանությունը համարում են աշխատանքային պրոցեսի մաս: ԼՀԿ կառավարման խորհրդի տարածած հաղորդագրությամբ հայտնել են նաեւ․ «Նկատի ունենալով հանրության արձագանքը Դավիթ Խաժակյանի մանդատի պահպանման վերաբերյալ եւ այն, որ «Լույս» դաշինքը երկու սուվերեն կուսակցությունների դաշինք է, եւ յուրաքանչյուրն իրավասու է հանդես գալու իր նախընտրած հռետորաբանությամբ, ԼՀԿ կառավարման խորհուրդը գտնում է, որ բացված հրապարակային քննարկման արդյունքում այլեւս պատասխանատվության շրջանակը հստակեցված է։ «Լույս» խմբակցության անդամները հանձնառու են կատարելու դաշինքի ծրագիրը, սակայն առանձին նախաձեռնությունների եւ քաղաքական հռետորաբանության հարցում երկու կուսակցությունների ներկայացուցիչներն ազատ են իրենց մոտեցումներում, իսկ ավագանու խմբակցության յուրաքանչյուր անդամի համար քաղաքական պատասխանատվություն է կրում տվյալ քաղաքական միավորը»։  

ԼՀԿ-ականների բարձրացրած աղմուկի հենց առաջին օրը մենք գրել էինք, որ Մարուքյանը մարտավարական քայլ է անում թե՛ Արամ Զավենիչի, թե՛ Նիկոլ Վովայիչի հանդեպ։ Վարչապետին ասում է, որ ինքը, ի տարբերություն «Հանրապետության», «լավ» ընդդիմություն է եւ սկանդալներ չի սարքում իշխանության գլխին, իսկ Արամ Սարգսյանի հետ էլ փակում է համատեղ պատմության էջը։ ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ, պատգամավոր Հարություն Բաբայանից երեկ հետաքրքրվեցինք՝ ի վերջո, ի՞նչ նպատակ ուներ ԼՀԿ-ի այս «բեմադրությունը», ի՞նչ խնդիր էր լուծում, միթե հնարավոր չէր այս ամենն անել առանց շոուների, «խաղաղ, բանակցային» պայմաններում, հատկապես, որ ԼՀԿ-ում շոուների սիրահար չեն, ինչպես պնդում էր Էդմոն Մարուքյանն ու դրանով հիմնավորում նաեւ Խաժակյանին մանդատից զրկելու հնարավորությունը։ «Ինձ թվում է՝ մենք ինչ խնդիր ուզում էինք լուծել, լուծել ենք»,- այսպիսի «սպառիչ» պատասխան տվեց ԼՀԿ-ական պատգամավորը։

Մեր պնդումներին ի պատասխան էլ չբացեց փակագծերը․ «Հարեւան երկրի դիվանագիտական լեզվով ասած՝ կպատասխանեմ ձեզ՝ «մենք խնդիրն ի նկատի ունեինք, եւ դրան տվեցինք դրական լուծում», հիմա թե դրանից ինչ պետք է եզրակացնեք, թողնում եմ ձեր հայեցողությանը։ Ժամանակն ամեն բան իր տեղը կգցի, ես չեմ շտապում ավելին պարզաբանել»։ Ասաց նաեւ, որ դաշինքը չի փլուզվել, իրենք մնում են գործընկերներ, պարզապես այսուհետ ամեն մեկն ինքն է իր հայտարարությունների համար պատասխան տալու։

Ձեզ քննադատեցին, որ, փաստորեն, ընդդիմությունը դարձել է հարմարվողական, խուսափում է իշխանություններին նեղը գցելուց։ «Հա՞ որ»,- հարցին հարցով պատասխանեց Բաբայանը։  Եթե ոչ, ապա ի՞նչ վատ բան էին արել ձեր գործընկերները, որ նման հարց բերեցիք օրակարգ՝ հետաքրքրվեցինք մենք։ «Ես նման բան չեմ ասել, որ մեր գործընկերները վատ բան են արել։ Ես ոչ մեկին ո՛չ մեղադրել եմ, ո՛չ դատապարտել եմ, ո՛չ էլ նման բան։ Մի շտապեք»,- կրկին խորհուրդ տվեց ԼՀԿ-ականը՝ ասելով նաեւ. «Ոչինչ հենց այնպես չի արվել։ Ամեն ինչ իր ժամանակն ունի, եւ այն քայլը, որ մենք արել ենք, ինչ խնդիր որ դրել ենք մեր առջեւ, ինձ թվում է, որ այդ խնդիրը մենք լուծել ենք»։