Փաշինյանի կառավարության պոպուլիստական դեմքը փրկողը

Փաշինյանի կառավարության պոպուլիստական դեմքը փրկողը

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը թերեւս միակն է հեղափոխական կառավարությունում ու ՔՊ-ական նախարարների մեջ, որ այս մեկուկես տարում սկանդալային պատմությունների մեջ չի հայտնվել։ Հակառակը՝ Պապիկյանն այն քչերից է, որի շնորհիվ քիչ թե շատ դրական վերաբերմունք  է ապահովվել Նիկոլ Փաշինյանի կառավարության հանդեպ։ Դա ունի մի քանի պատճառ։ Նախ՝ Պապիկյանը մյուսներից տարբերվում է նրանով, որ հնարավորինս զերծ է մնում պոպուլիզմից, չի սիրում «ասֆալտին փռելու», սրա-նրա դեմ քրգործեր հարուցելու, կոռուպցիոն բացահայտումների եւ մյուս այլ ամբոխահաճո թեմաներով խոսել։

Այս «ճամբարում» նրա հետ միասին մեկ էլ, հավանաբար, փոխվարչապետերն են՝ Տիգրան Ավինյանն ու Մհեր Գրիգորյանը։ Այս խումբը նաեւ բավականին պասիվ է ֆեյսբուքներում՝ էժանագին գրառումներ ու սելֆիներ չի անում, իրենց կառավարության վագրային թռիչքներով չի հպարտանում։ Իսկ կոնկրետ Պապիկյանը, թերեւս, նաեւ դրա ժամանակը չունի, քանզի ղեկավարում է մի սուպերգերատեսչություն, որն իր մեջ 6 ոլորտ է ընդգրկում՝ մեկը մյուսից բարդ ու պատասխանատու։ Դրանով հանդերձ, նա նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, եւ հասկանալի չէ, թե ինչպես է հասցնում նաեւ կուսակցական գործերով զբաղվել։ Թեպետ կասկածելի է, թե  ինչ է անում որպես ՔՊ ղեկավար․ կուսակցական գործունեություն, որպես այդպիսին, ՔՊ-ն կարծես չի ծավալում, եւ ենթադրում ենք, որ Պապիկյանի պաշտոնն այստեղ խիստ ձեւական է։

Ու քանի որ Պապիկյանի նախարարությունը Հայաստանում կապիտալ ծախսեր անող եւ իր գործունեությամբ բնակչության կենցաղի ու կյանքի որակի վրա անմիջապես ազդող գերատեսչություններից է, օրինակ՝  ճանապարհաշինությամբ, համայնքների զարգացմամբ եւ այլ «մանր-մունր» հարցերով իրենք են զբաղվում, դրա համար Պապիկյանի աշխատանքի արդյունքը տեսանելի է, ի տարբերություն, ասենք, ֆինանսների կամ էկոնոմիկայի նախարարության։

Ուստի երեկ հրավիրված ասուլիսում Սուրեն Պապիկյանը մեծ ոգեւորությամբ թվարկեց այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացրել են այս տարվա ընթացքում՝ մի քանի հարյուր կմ ճանապարհի կառուցում, որից 112 կմ-ն՝ ներհամայնքային, տարբեր համայնքներում ջրագծերի անցկացում, գազաֆիկացում, համայնքներում 16.4 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, հոսանքալարերի անցկացում մինչեւ Իրանի սահման եւ այլն։ Նաեւ մոտ 2 տասնյակ ընդերքօգտագործող ընկերությունների են լիցենզիայից զրկել։ Թե սրանից ինչ է շահել ՀՀ հպարտ քաղաքացին, դժվար է ասել, երեւի «Սերժի վախտ» չէին զրկում, հիմա տարբերություն կա՝ զրկում են։ Այս ամենի մեջ, սակայն, ամենատեսանելին ու շոշափելին ճանապարհներն են, որոնք գնահատում են անգամ «հակահեղափոխականները», օրինակ՝ ՀՀԿ-ականները, որոնց օրոք ճամփեքի վրա փող էին «ուտում»՝ գործ չանելով։ Թեպետ Պապիկյանն էլի գոհ չէ որակից ու ծավալից, ասաց՝ որոշել է եկող տարի ավելի խիստ ու արդյունավետ աշխատանք տանել այս ուղղությամբ։ Իսկ մյուս ծրագրերը նախկինների օրոք էլ էին արվում՝ մի քիչ ավել, մի քիչ պակաս, ամեն տարի էլ բյուջեից համայնքների զարգացման համար գումարներ էին տրամադրվում, այդ թվում՝ ճանապարհաշինության համար։ Ուստի, սխալ է այդ բոլորը ներկայացնել որպես հեղափոխական փաստ։ Հակահեղափոխականները Սուրեն Պապիկյանին «հավանում» են նաեւ նրա համար, որ նա իր հրապարակային խոսքում բավականին զուսպ է, վիրավորական, ոչ կոռեկտ ու անպատասխանատու հայտարարություններ չի անում «նախկին թալանչի, կոռումպացված» ռեժիմի հասցեին, ինչի սովորությունն ունեն նրա շատ թիմակիցներ։

Անդրադառնալով նրա նախարարության դերակատարմանը, որ միակն է, որը դրական ֆոն է ապահովում Փաշինյանի կառավարության համար, Պապիկյանը երեկ այսպես պատասխանեց․ «Իհարկե, շատ գնահատված եմ զգում, որ մեր նախարարության մասին այդպիսի գնահատականներ են հնչում, բայց պետք է այստեղ մի կողմ դնել այդ գնահատանքը եւ փորձել խնդրին անդրադառնալ ռեալ ու ճիշտ կողմից։ Էստեղ կա մի կարեւոր խնդիր՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն այն նախարարությունն է, որ հիմնականում իրականացնում է մեր կառավարության կապիտալ ծախսերը եւ, ընդհանրապես, հանրապետությունում  բոլոր ուղղություններով անելիքները։ Եվ, իհարկե, բնական է, որ մեր արած աշխատանքը տեսանելի պետք է լինի, եւ նախարարության անունը պիտի հնչելի լինի»։ Հարցրինք նաեւ համայնքների համաչափ զարգացումից ու նրանից, որ ուշադրությունն այսօր կենտրոնացել է ավելի շատ Գյումրիի վրա, ինչը կարող է խանդ առաջացնել այլ համայնքներում։ Նախարարը, պարզվեց, գոհ է այն իրականությունից, որ արդեն իսկ խոսում է այն մասին, թե Գյումրիի նկատմամբ ուշադրությունը կարող է առաջացնել այլոց խանդը։ Նա նաեւ նշեց, որ 2019 թ․ Գյումրիում հսկայական միջոցներ են ներդրվել, եւ 2020 թ․ դրանք առնվազն կրկնապատկվելու են։ Բայց դա չի նշանակում, որ աղետի գոտու մյուս համայնքները պակաս ուշադրության են արժանանալու։

Հարց հնչեց նաեւ վարչապետի այն հայտարարության թեմայով, թե ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։ Սուրեն Պապիկյանը չժխտեց, որ ինքն էլ է հանդիպում նման խնդրի՝ իր գերատեսչությունում։ Բայց որպես հիմնական խնդիր՝ մատնանշեց բյուրոկրատիան, որ արմատացել է նախկինում։ «Իհարկե, չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ ազդակներ են բերել նրան, որ վարչապետը նման հայտարարություն արեց, բայց մի բան ակնհայտ է, ես համակարծիք եմ վարչապետի հետ այն առումով, որ համակարգում կա ընդգծված բյուրոկրատական, թղթաբանական մի ծանր փուլ, որը հաղթահարելն ուղղակի ֆիզիկապես եւ նյարդերի համար բավականին ծանր է»,- ասաց Պապիկյանը։