Ինչու՞ «ականապատվեց» Արցախը

Ինչու՞ «ականապատվեց» Արցախը

Երբ 2017թ. Արցախում սահմանադրություն էր փոխվում, տողերիս հեղինակն առնվազն երկու անգամ հրապարակային տագնապ արտահայտեց, որ նախագահի եւ խորհրդարանի ընտրության համատեղումը քաղաքական ռիսկեր եւ ճգնաժամի վտանգ է պարունակում: Ոչ ոք, սակայն, չարձագանքեց: Բոլորը միաբերան պնդում էին, որ պատերազմող երկրին պետք էկառավարման ուժեղ, կենտրոնաձիգ համակարգ, որի գլուխ կանգնած կլինի նախագահը, իսկ Ազգային ժողովը կլինի հակակշիռ: Թե ինչպես է խորհրդարանը հակակշռելու միանձնա գործադիր իշխանություն ձեւավորող նախագահին՝ հիմնավորում էին նրանով, որ Ազգային ժողովը կարող է նրան անվստահություն հայտնել, բայց մոռանում էին, որ այդ դեպքում արձակվում է նաեւ խորհրդարանը:

Չէին խոսում նաեւ այն մասին, որ սահմանադրությամբ Ազգային ժողովը զրկվում է կառավարության ծրագիրը հաստատելու լիազորությունից, լուծարվում է վարչապետի պաշտոնը, քաղաքական համակարգը բեւեռացվում է: Այսօր Արցախում նախընտրական քարոզչության վերջնափուլն է: Եւ բոլորը կենտրոնացած են նախագահական մրցապայքարի վրա: Շատ քչերին է հետաքրքիր, թե ինչ որակի եւ քաղաքական դասավորության Ազգային ժողով ենք ունենալու: Սահմանադրությունն, այսպիսով, ծառայում է ներքաղաքական իրավիճակի ոչ թե լիցքաթափմանը, այլ նպաստում ընտրությունների արմատականացմանը: Խորհրդարանի կազմավորման պատասխանատվությունը փաստացի ընկած է նախագահի թեկնածուների վրա: Կուսակցական ծրագրերը շատ չնչին ազդեցություն ունեն ընտրազանգվածի վրա: Մարդկանց ուշադրությունը բեւեռված է նախագահի թեկնածուների վրա: Թերեւս դա է պատճառը, որ քարոզչությունը հիմնականում ծավալվում է կոշտ հռետորաբանությամբ: Այստեղ արդեն ծագում է հետընտրական իրավիճակի խնդիր: Տեսանելի տիրույթում քիչ է հավանականությունը, որ նախագահի հաղթող թեկնածուն կունենա նաեւ խորհրդարանական բացարձակ մեծամասնություն:

Նման կանխատեսումներ չեն արվում նույնիսկ ամենաառաջատար թեկնածուի՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցության համար: Մյուսներն անհամեմատ նվազ հնարավորություններ ունեն: Ստացվում է իրավիճակ, որ նախագահի հաղթած թեկնածուն հարկադրված կլինի գնալ կոնսուլտացիաների, որպեսզի Ազգային ժողովում ձեւավորի քաղաքական մեծամասնություն: Իսկ եթե դա չահաջողվի՞: Եթե նախագահի ընտրությունից դժգոհ մնացած մյուս ուժերը միավորվեն եւ հենց ԱԺ առաջին նստաշրջանում անվստահություն հայտնեն նախագահի՞ն:

Այդ դեպքում կլուծարվի նաեւ խորհրդարանը, կնշանակվեն նախագահի եւ ԱԺ նոր ընտրություններ: Ահա եւ քեզ՝ «ականապատված» Արցախ: Թե ո՞վ եւ ի՞նչ նպատակով է սահմանադրական այդ «ականապատումն» իրականացրել՝ համարենք անցած:

Նաեւ հուսանք, որ ֆորս-մաժոր չենք ունենա: Բայց նորընտիր նախագահը եւ ԱԺ քաղաքական ուժերը պետք է շտապ քայլեր ձեռնարկեն՝ Արցախում ընդունելու նոր սահմանադրություն: Կամ անցնել խորհրդարանական կառավարման, կամ վերադառնալ կիսանախագահականի: Եւ անպայման տարանջատել նախագահի եւ խորհրդարանի ընտրությունները: