Կյանքը համավարակի ժամանակ

Կյանքը համավարակի ժամանակ

Դիմակ կրել չեմ կարողանում. շունչս կտրվում է, սիրտս սկսում է ուժգին բաբախել: Պարանոցս ծուռ՝ նայում եմ մետրոյի գնացքում միմյանցից հեռու նստած մարդկանց, որոնց միայն աչքերն են երեւում դիմակի տակից, իսկ ձեռքերին սանիտարական ձեռնոցներ են: Ձեռքս ակամա տանում եմ պայուսակումս խնամքով պահված սանիտարական դիմակին եւ ձեռնոցներին, սակայն սրտիս զարկերն արագանում են դիմակ կրելու հեռանկարից, եւ պայուսակս փակում եմ: Մտածում եմ, որ դիմակով ապրելը՝ ուղղակի եւ փոխաբերական իմաստով, երեւի այնքան էլ  դյուրին չէ, սակայն մարդիկ այնքան երկար են դիմակ կրում, որ կա՛մ մոռանում են այն հանել, կա՛մ մոռանում են, թե որն է իրենց իսկական դեմքը: Գնացքի վագոնում լուռ նստած ուղեւորների դիմակների տակից երեւում են նրանց տագնապած, հայկական խոշոր, սեւ աչքերը: Ես խենթանում եմ հատկապես հայ մանուկների աչքերի համար, մտածում եմ, որ դիմակի տակից դրանք ավելի մեծ կերեւան, սակայն գնացքում երեխաներ չկան: Փողոցում ընդհանրապես երեխաներ չկան: 

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ, կանաչ աղբամաններում, մի մարդ մետաղե ձողով աղբն է քրքրում, ուզում եմ հարցնել, թե կորոնավիրուսից չի՞ վախենում, բայց կորոնավիրուսի հանդեպ վախը ստիպում է ինձ այդ հարցը ձեւակերպել որպես հռետորական հարց եւ հեռու մնալ այդ մարդուց: Ավտոմեքենաները եւ մարդիկ սակավաթիվ են, խանութները՝ փակ: Այս ամենով հանդերձ, Երեւանը մեռյալ քաղաք չի թվում ինձ, անգամ վախեցած չի թվում, այլ պարզապես աղմուկից մեծապես ձերբազատված, խաղաղված քաղաք, ինչպիսին այն դառնում է օգոստոսյան արձակուրդի օրերին: Կյանքը փոթորկվում է միայն սուպերմարկետներում, ուր խուճապը սահմանազանց է եղել:

Համընդհանուր լռության պատճառն աշխարհը պատուհասած համավարակն է՝ կորոնավիրուսը: Կորոնավիրուսը փոխել է գլոբալիզացված աշխարհը. արագորեն միավորվող աշխարհն այժմ նույն արագությամբ մեկուսանում է, եւ ընդհանուր են մնում միայն վախը, ցավն ու հաղորդակցման միջոցները, որոնք պահպանում են բաժանվող աշխարհի կապերը: Ես գլոբալիզացիայի համոզված կողմնակից եմ միշտ եղել, ձգտել եմ, որ Հայաստանը դառնա գլոբալիզացվող աշխարհի մի մասը՝ պահպանելով իր ազգային ինքնության հիմնասյուները՝ լեզուն, կրոնը, մշակույթը: Սակայն գլոբալիզացվող եւ միաձուլվող աշխարհը սկսեց մեկուսացնել մի անտես, անորսալի, մահասփյուռ բացիլ՝ «կորոնավիրուս» տարօրինակ անվամբ համավարակը: Գլոբալիզացվող աշխարհն այժմ տրոհվում է, որքան ժամանակով՝ հայտնի չէ: 

Մարդկությանը պատուհասած այս աղետը թերեւս հետեւանք է նույն մարդկության սխալների՝ բնության եւ շրջակա միջավայրի ավերման, չդադարող ներգաղթի քաղաքականության, որ պատուհաս դարձավ հատկապես Եվրոպայի համար: Երկիր կոչվող մեր թանկ մոլորակն այժմ դարձել է նույնքան անպաշտպան, ինչպես նրա բնակչությունը: Համավարակի աշխարհագրությունն ընդգրկել է գրեթե ողջ մոլորակը, իսկ վարակվածների եւ մահվան թվերն  անվերջ աճում են: Դավադրության հակվածները սա համարում են կենսաբանական զենք, ահաբեկչական ակտ: Մեծ կանգի եւ ինքնամեկուսացման այս օրերին մարդկությունը խորհելու  ժամանակ ունի: Աշխարհն ապրում է արտակարգ ռեժիմի պայմաններում:  

Հայաստանում արտակարգ դրություն է սահմանվել մեկամսյա ժամանակահատվածով՝ մարտի 16-ից մինչեւ ապրիլի 14-ը: Արտակարգ դրությունը տարբեր սահմանափակումներ է մտցրել մեր կյանքում, որը նշանակում է՝ մտածել, ինչպես իշխանությունն է մտածում, խոսել, ինչպես իշխանությունն է խոսում, լռել, ինչպես…, ոչ, մեր իշխանությունը լռել չի սիրում: Հայոց համազգային լռության, «սիրո եւ համերաշխության» այս ուխտը ես խախտում եմ իմ մտքերում, խորհրդածություններում, տագնապներում եւ այս հոդվածում: 

Քաղաքականության անվերջ բացակայության այս պայմաններում ես մտածում եմ, թե ավելորդ ինքնավստահությամբ տառապող, անփորձ, անգիտելիք, շատ երիտասարդ մեր իշխանությունն այս օրերին երեւի արագորեն կծերանա: Ապրիլյան հեղափոխությունից հետո առաջին անգամ այս իշխանությունը հասկացավ, որ իշխանություն լինելը ոչ թե արտոնություն է՝ հավելավճարներով, գործողումներով, ծառայողական մեքենաներով, այլ ահռելի պատասխանատվություն: Հատկապես այժմ, երբ հանրային առողջության պատասխանատուն է, երբ համավարակը ստուգում է հասարակությունների եւ պետությունների ամրությունը՝ շատ անգամ քայքայելով դրանք: 

Հայաստանը ճգնաժամային բարդ իրավիճակում է, իսկ նման իրավիճակում մարդկային էությունը, իրական ձգտումներն արագորեն բացահայտվում են: Եվ ահա այս օրերին ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ, դանիաբնակ Տաթեւիկ Ռեւազյանը նախ հայտարարեց, որ Հայաստանում բավականին վտանգավոր է, ապա  հայկական ավիացիան հանձնեց անորոշությանը եւ արտակարգ դրություն հայտարարելուց մի քանի օր առաջ, գրպանում երկքաղաքացու իր երկու անձնագրերը՝ իր ապագա երեխայի հետ լքեց Հայաստանը: Ճիշտ այնպես, ինչպես 90-ականների ծանր տարիներին նրա ընտանիքն էր հեռացել Հայաստանից: Երկքաղաքացիության հարցը Հայաստանում միշտ քաղաքական թեժ բանավեճի թեմա է եղել, եւ դեռ կասկածները՝ դրա ներկա եւ հետագա նպատակահարմարության մասին, նույն սրությամբ են առկա:    

Ես վիրավորված եմ ՀՀ պետական բարձրաստիճան երկքաղաքացի պաշտոնյայի՝ պետության եւ հանրության հանդեպ այսօրինակ անպատասխանատու, անհայրենիք վերաբերմունքից: 
Ես հիշում եմ 1994թ. ձյունառատ դեկտեմբերը, երբ էներգետիկ ճգնաժամի պայմաններում, երեւանյան հիվանդանոցում դուստրս ծնվեց նավթավառի ծխի եւ լապտերի լույսի տակ: Ես աշխատում էի կառավարող կուսակցության՝ ՀՀՇ-ի պաշտոնաթերթում՝ «Հայքում», ամուսինս ԳԽ պատգամավոր էր, կառավարող կուսակցության ղեկավար մարմնի անդամ, եւ մեր միակ զավակը ծնվում էր լապտերի լույսի տակ՝ պատերազմից արյունաքամված Հայաստանում: 

«Հարյուր տարեկան եմ դառնում եւ տեսել եմ, թե ինչպես է փոխվել ամեն ինչ, մինչեւ անգամ տիեզերական լուսատուների դիրքը, բայց դեռ չեմ տեսել, որ այս երկրում որեւէ բան փոխվի»,-գրում է Գաբրիել Գարսիա Մարկեսը «Սերը ժանտախտի ժամանակ» վեպում: Հարյուր տարեկան դառնալուն ինձ դեռ մի քանի տասնամյակ կա, բայց ես նույնպես կարող եմ ասել, որ մեր երկրում, իրոք, շատ բան չի փոխվել: Թեպետ դժվարությամբ՝ մի քանի անգամ փոխվել է իշխանությունը, բայց հանրության մի մասի մտածողությունը նույնն է մնացել, եւ այդ հանրության անդամներից ոմանք սպառողի հոգեբանությամբ զայրացած ու զարմացած հարցնում են՝ Տաթեւիկը ֆիզարձակուրդ է մեկնել, հո չէ՞ր մնալու Հայաստանում: Եվ մենք՝ ԽՍՀՄ-ի փլուզման, ղարաբաղյան պատերազմի դժվար տարիներին Հայաստանը չլքածներս, այդպես էլ չենք հասկանալու նրանց, ովքեր ասելու են՝ հո չէ՞ր մնալու Հայաստանում: 

Հայաստանում արտակարգ դրություն է: Բոլոր իշխանություններն էլ սիրում են արգելքներ եւ սահմանափակումներ դնել: Ոմանք դա անում են ցուցադրական խստությամբ, ոմանք՝ քողարկված հրճվանքով: Ես հիշում եմ իմ կյանքի առաջին արտակարգ դրությունը ղարաբաղյան Շարժման տարիներին, երբ ես 25 տարեկան էի: 1988թ. նոյեմբերի 24-ին Օպերայի հրապարակում տեղի ունեցած ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նիստից հետո, որ հաջորդել էր Կիրովաբադի ջարդերին եւ հայերի տեղահանությանը, ես տուն հասա ոտքով, գիշերը ժամը 3-ին, երիտասարդների մի խմբի հետ: Օպերայի հրապարակում վառվող կրակի կողքին նստած՝ մենք խոսում էինք մեր երազանքների Հայաստանի մասին: Այն Հայաստանի, որ այդպես էլ չկառուցվեց: Մի քանի օր հետո Հայաստանում պարետային ժամ սահմանվեց: Մեր տան դռան առջեւ տանկեր էին եւ ռուս զինվորներ: Ես ու քույրս Եռագույնը կախեցինք մեր տան դարպասներից, սակայն գիշերը զինվորներն այն հավաքել էին:  

Արտակարգ դրության ժամանակ քաղաքականության մասին շատերը գերադասում են լռել՝ չխախտելու համազգային ուխտը: Այնուամենայնիվ, ես մտածում եմ, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը նրբասահ իրենից հեռացրեց հանրաքվեի տապալման վտանգը, բայց կգիտակցի՞, արդյոք, որ համավարակից առաջ եւ հետո փոփոխությունների միակ ճանապարհը նոր Սահմանադրության ընդունումն է: Ճգնաժամի այս օրերին սուպերվարչապետն իր իրավասությունները հանձնեց արտակարգ դրության պարետ նշանակված փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Կկարողանա՞ նորանշանակ պարետն առանց լուրջ սխալների հաղթահարել ճգնաժամը՝ օվսաննաների հասցեատերը կլինի Նիկոլ Փաշինյանը, չի՞ կարողանա՝ մեղադրանքները կուղղվեն Ավինյանին: Նիկոլ Փաշինյանը, ինչպես Սերժ Սարգսյանը, հանգամանքների, ոչ թե սկզբունքների գործիչ է: Թեպետ դեռ անհայտ է, թե միշտ լռակյաց ու քննախույզ հայացքով Ավինյանն ինչ որակներ է բացահայտելու: 
Հայաստանում այս պահին կորոնավիրուսով վարակվածների թիվը 78 է: Ոչ ոք չգիտե, թե կորոնավիրուսն իրեն որտեղ եւ երբ կգտնի: Համավարակից առաջվա մեր կյանքը մնաց անցյալում: Սակայն կյանքը շարունակվում է: Եվ դեռ անհայտ է, թե կյանքը համավարակից հետո ինչ է փոխելու Հայաստանում՝ նեղ խնդիրների, կարճ քաղաքական քայլերի, քաղաքական օրակարգի, ազգային խնդիրների բացակայությամբ ապրող, աշխարհի հետ պատուհասված, լեռների մեջ ծվարած, սրտի չափ փոքր ու նրա հանդեպ մեր սիրո պես մեծ Հայաստանում: