Սա ազատազրկումից ավելի ծանր պատիժ է

Սա ազատազրկումից ավելի ծանր պատիժ է

«Երբ Էջմիածնում կարանտին հայտարարեցին, ու երբ քաղաքիս ելքումուտքերը փակված տեսա, սիրտս չդիմացավ, մի ամբողջ օր լաց եղա։ Թեեւ հազվադեպ եմ լաց լինում, բայց այս դեպքում ինձ զսպել չկարողացա։ Մի ամբողջ օր դեպրեսիայի մեջ էի, բայց հաջորդ օրվանից որոշեցի թեթեւ ապրել․․․, ծիծաղում եմ, որ չխելագարվեմ»,- պատմում է կարանտինի մեջ գտնվող էջմիածինցի ուսուցչուհի Հասմիկ Մովսիսյանը։

Հասմիկը դժվար է համակերպվում, իր ձեւակերպմամբ՝ «բանտային պայմաններին»։ «Ինձ ոչ ոք չի արգելում տնից դուրս գալ, բայց եթե դրսում մարդկանց չեմ հանդիպելու, չեմ շփվելու, ի՞նչ իմաստ ունի դուրս գալը։ Սա ծանր պատիժ է, ազատազրկումից ավելի ծանր․ կարող ես ազատության օդը շնչել, բայց հարազատներիդ տեսնել, գրկել, համբուրել՝ երբեք։ Ինձ չեն ասում՝ մի շփվիր, մի տեսակցիր… Ես գիտակցաբար եմ ինքնամեկուսանում, որ, աստված մի արասցե, եթե վիրուսակիր լինեմ, հանկարծ մյուսներին չփոխանցեմ»։

Առաջիկայում Հասմիկի միակ եղբոր ծննդյան օրն է, չի այցելի, առցանց կշնորհավորի։ Իսկ գործընկերուհու քրոջ թաղմանը չկարողացավ մասնակցել, ինչի համար իրեն չի ներում։ Թաղմանը չեն մասնակցել նաեւ աշխատանքային մյուս ընկերները։ Քաղաքապետարանից ասել են՝ դիակը մորգից ուղիղ գերեզմանոց տարեք։ «Ծանր եմ տանում այդ փաստը։ Ընկերուհիս միշտ կողքիս է եղել, իմ ամենավատ օրերին մոտիցս չի հեռացել, բայց ես չկարողացա նույնկերպ պատասխանել իրեն։ Առանց այն էլ հոգեհանգիստ չի եղել, սփոփանքի խոսքեր չեն ասվել․․․ Դժվար է վշտի հետ միայնակ մնալը»։   

Հասմիկն ու քույրը՝ Կարինեն, միասին են ապրում։ Երկուսն էլ ուսուցչուհիներ են՝ նույն դպրոցում։ Ինքնամեկուսացումը նրանց հողագործ է դարձրել։ Նախկինում տնամերձ հողակտորով զբաղվելու ժամանակ չեն ունեցել։ Հիմա մշակում են։ «Հողը փխրեցրել ենք, սոխ ու սխտոր ցանել, մի քանի տեսակ կանաչիների սերմեր էլ ձեռք կբերենք, կցանենք ու մինչեւ կարանտինի ավարտը կարգին բանջարանոց կունենանք»։

Որպեսզի կարանտինի օրերը թեթեւ անցնեն, քույրերը երգիծական հաղորդումների ու ֆիլմերի ցանկ են առանձնացրել։ «Ծիծաղն օգնում է դեպրեսիայից դուրս գալ»։ Ուսուցչուհի քույրերն օրվա մի հատված էլ նվիրում են խաղերին՝ առցանց ու սեղանի։
«Գրքերս էլ դպրոցում են մնացել, իսկ գրադարանները փակ են, որ վերցնեմ-կարդամ։ Ֆորդի մասին գիրքը վերջինն էր, որ կարդացի։ Թեեւ նոր գրքեր կարդալու լավ հնարավորություն է ընձեռվել, բայց չեմ կարող, որովհետեւ օնլայն ընթերցանության հետ խնդիր ունեմ»։

Քույրերը տնից դուրս չգալու խիստ ռեժիմի են անցել։ Նույնիսկ խանութ չեն գնում։ Մեկ ամսվա սննդի պաշարն արդեն կուտակել են։ «Բայց չկարծեք, թե խանութը թալանել-բերել ենք տուն։ Քիչ գնումներ ենք արել, որ քիչ ուտենք, չգիրանանք։ Ավելի շատ թեյ ու հեղուկներ ենք խմում, բանջարեղեն ուտում։ Անհամբեր սպասում ենք կորոնավիրուսի պարտությանն ու կարանտինի ավարտին»։