Դատի կտա մշակույթի նախարարությանը, եթե չվճարեն հոր նկարների դիմաց

Դատի կտա մշակույթի նախարարությանը, եթե չվճարեն հոր նկարների դիմաց

Գեղանկարիչ Հրանտ Ստեփանյանի որդին` Արշակ Ստեփանյանը, պատրաստվում է դիմել դատարան եւ դատի տալ մշակույթի նախարարությանը, եթե նախարարությունը, պայմանավորվածության համաձայն, չվճարի ձեռք բերած 3 գեղանկարների դիմաց։

Բանն այն է, որ Հրանտ Ստեփանյանի 100-ամյա հոբելյանն ինչ-որ ձեւով նշանավորելու համար, որը լրացավ 2018-ի մարտի 20-ին, նկարչի որդին՝ Արշակ Ստեփանյանը, դեռ 2016-ին դիմել է նախկին նախարար Արմեն Ամիրյանին։ Արդյունքում նկարչի գիրք-ալբոմը տպագրելու պայմանավորվածություն են ձեռք բերել։ «Դրա համար առաջարկեցի, որ պետությունը պատկերասրահի համար ձեռք բերի 3 նկար, որի դիմաց վճարված գումարով էլ կհրատարակենք ալբոմը, օրացույցը, կտեղադրենք հուշաքարը։ Չնայած պետական հանձնաժողովը գնահատում է շուկայական արժեքից ավելի ցածր, բայց պատկերասրահում ցուցադրվելն ավելի մեծ արժեք է, եւ համաձայնեցի այդ տարբերակին»։

Ի վերջո, հանձնաժողովն ընտրել է 3 գործ, որոնց թվում՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, բալետի պարուհի Գալյա Հարութի դիմանկարը՝ 1945թ., կոմպոզիտոր, ՀԽՍՀ եւ ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ազատ Մանուկյանի դիմանկարը՝ 1954թ., եւ «Նավակներ»՝ 1972թ., նկարները: Մասնագիտական հանձնաժողովը այդ 3 նկարներն իրար հետ գնահատել է 5 միլիոն 555 հազար 7 հարյուր դրամ:

Արշակ Ստեփանյանն ընդգծում է՝ 1980-ից ազգային պատկերասրահն իրենից գնել է մոտ 16 աշխատանք, եւ ոչ մի անգամ ոչ մի պայմանագիր՝ գնման կամ վաճառքի, չեն կնքել։ Նա նկատում է, որ պայմանագիր չունենալու հանգամանքն իրավական տեսանկյունից որեւէ խոչընդոտ չի հանդիսանում, որովհետեւ իր մոտ ունի 3 փաստաթուղթ, որոնց հիման վրա, փաստաբանների պնդմամբ, կարող են դատարանի միջոցով անմիջապես այդ գումարը բռնագանձել։ 1-ին փաստաթուղթը նախարարի հանձնարականն է, որ խնդրում է Ստեփանյանի նկարները ներկայացնել ազգային պատկերասրահ՝ գնման ընդունման եւ գնահատման համար։ 2-րդ փաստաթուղթը վկայում է, որ ինքը նկարները հանձնել է պատկերասրահին, 3-րդն էլ հանձնաժողովի արձանագրությունն է։     

Ծրագրերը ձախողվել են, երբ Արմեն Ամիրյանից հետո եկել է նոր նախարար եւ նախորդի բոլոր ծրագրերը դադարեցրել։ «Թեպետ Լիլիթ Մակունցը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել էր, որ նախորդի բոլոր որոշումները պետք է կատարեն, եւ ոչ մի գործ կիսատ չի մնալու, բայց ժամանակը ցույց տվեց, որ այս գործը մնաց օդում կախված։ Հետո եկավ Նազենի Ղարիբյանը, ով պատասխանեց, որ 2018թ. ոլորտի բյուջեն բաշխված է ըստ ծրագրերի, եւ կանդրադառնան սրան հաջորդ տարի։ Բայց հաջորդ տարի էլ նախարարությունները միացվեցին իրար, եւ արդեն միացյալ նախարարությունից պատասխանեցին, որ նկարի արժեքը պետք է վճարի ազգային պատկերասրահը՝ իր արտաբյուջեի հաշվին»,- ասում է Ստեփանյանն ու հավելում, որ պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն էլ իրեն պատասխանում է, որ արտաբյուջեում չունեն այդքան գումար՝ միաժամանակ բանավոր կերպով հասկացնելով, որ նախաձեռնողը նախարարությունն է՝ թող իրենք էլ վճարեն։

Նկարչի որդին այս ընթացքում նամակներով դիմել է ԱԺ նախագահին, վարչապետին, որտեղից բոլոր նամակները մակագրվել են ԿԳՄՍ նախարարությանը։ Այդ առիթով նախօրեին իրեն հրավիրել են Նարինե Թուխիկյանի մոտ՝ հանդիպման։ «Ինձ ասաց, որ եթե ունենանք այդ գումարը, կառնենք խալի, դաշնամուր, Հովնաթանյան եւ այլն։ Ասում եմ՝ բայց դա ի՞նչ համեմատություն է, դա մշակույթի նախարարի ասած խո՞սք է։ Ինձ ասում է՝ Հովնաթանյա՞նն է ավելի արժեքավոր նկարիչ, թե՞ Հրանտ Ստեփանյանը։ Ասում եմ՝ իհարկե, Հրանտ Ստեփանյանը, եւ հիմնավորում եմ, թե ինչու․ նախ՝ Հովնաթանյանը նկարիչ չէ, հետո՝ Հովնաթանյանները մեծ ընտանիք են, ասեք՝ ո՞ւմ նկատի ունեք՝ Նաղաշին, Գեւորգին, Հակոբին։ Ասում է՝ նախարարությունն իր բյուջեում չի նախատեսում թանգարանային նմուշներ գնել, ասում եմ՝ թող սա հանդիսանա առիթ, դիմեք վարչապետին եւ վերականգնեք նախկին կարգը, որովհետեւ աշխարհում բոլոր թանգարանները պետությունից ստանում են դոտացիա։ Իսկ եթե նախարարությունը գումար չունի, դիմեք կառավարություն, ասում է՝ 3 նկարի համար ես չեմ դիմի․․․ Հիմա այս հարցը պե՞տք է լուծվի, թե՞ ոչ։ Հատկապես որ վարչապետն իր ելույթներից մեկում ասաց՝ փող շատ կա, դուք ծրագրեր ներկայացրեք»,- ասում է նա ու ցավով արձանագրում, որ նախարարությունը տրամադրված չէ այդ գումարը վճարել, իսկ իրեն այս պարագայում այլ ելք չի մնում, քան դիմել դատարան եւ դատի տալ նախարարությանը։

«Այդ հանդիպման ընթացքում նախարարության ներկայացուցիչներից մեկն ասաց՝ եթե այդքան ուզում եք, որ նկարները գտնվեն պատկերասրահում, ինչի՞ չեք նվիրում։ Ասացի՝ շատ լավ բան եք ասում, ես պատրաստ եմ նվիրել, բայց թող 3 նկարի համար վճարեն, ես 1-2-ը նվիրեմ, չէ՞ որ ինձ համար անվճար գիրք չեն հրատարակի, հուշաքար չեն սարքի։ Եթե կանեն այդ ամենը, խնդիր չկա՝ ես նվիրեմ»,- ասում է Արշակ Ստեփանյանը, ով գեղանկարչի գիրք-ալբոմի տպագրության համար դիմել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությանը, ձեռք բերել պայմանավորվածություն, նախահաշիվը ներկայացրել մշակույթի նախարարություն․ «Եթե ես չտպագրեմ գիրքը, պայմանագրի համաձայն՝ տուգանք եմ վճարելու հրատարակչությանը»։

Գեղանկարչի 100-ամյակի առիթով որոշում է ընդունվել նաեւ դրոշմանիշ տպագրել, բայց դա էլ չի իրականացել։ «Նամականիշի հարցով դիմեցի նորանշանակ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Արշակյանին։ Ինձ պատասխանեցին, որ դորշմանիշը տպագրվում է 25 տարին մեկ, այն տպագրության ցանկից դուրս է մնացել, ու չենք կարող այլեւս տպել։ Այսինքն՝ քանի որ 100-ամյակն անցել է, ու հիմա 101-րդ տարին է, չեն կարող տպագրել։ Անցել է արդեն 2 տարի 6 ամիս, նկարները գտնվում են ազգային պատկերասրահի պահոցում, ո՛չ գումարն են փոխանցում, ո՛չ նկարները»։