Բուհերում «ֆիզիկական դաստիարակություն» առարկայի ապագան վտանգի տակ է

Բուհերում «ֆիզիկական դաստիարակություն» առարկայի ապագան վտանգի տակ է

Վերջերս լուրեր են տարածվում այն մասին, որ հանրապետության ուսումնական հաստատություններում, մասնավորապես՝ բուհերում, նախապատրաստվում են ֆիզդաստիարակության գործընթացը վերափոխել եւ ծավալել ակումբային գործունեություն: Այդ կապակցությամբ զրուցեցինք ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի նախկին երկարամյա վարիչ,

ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, վաստակավոր մարզիչ, պրոֆեսոր Լեւոն Սամվելյանի հետ:

- Ճի՞շտ են արդյոք այս խոսակցությունները, եւ որքանո՞վ է նպատակահարմար կիրառել այն մեր հանրապետության ուսումնական հաստատություններում:

- Այո, կան նման մտայնություններ, եւ ես անձամբ եմ կարդացել ինչպես ֆեսբուքյան էջում, այնպես էլ լսել բնագավառի մի շարք աշխատողների հետ զրույցներից: Կանգ չառնելով դպրոցների եւ միջնակարգ այլ հաստատությունների վրա՝ նշենք, որ առանց հիմնավոր, խորը ուսումնասիրությունների եւ չունենալով համապատասխան փորձ՝ անել նման առաջարկություն, նշանակում է նախեւառաջ բուհերում հիմնադրել ստվերային տնտեսություն ու հակադրվել ՀՀ գիտության եւ կրթության նախարարության կողմից 2006 թվականի N 450-Ա/բ հրամանով ամրագրված ֆիզդաստիարակության բուհական ծրագրային դրույթներին եւ նպատակներին: Ցավալին այն է, որ նման շշուկներ լսվում են նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցների կողմից: Ասենք, որ մեկուկես տասնամյակ առաջ նույնպես եղել է նման մտայնություն: Ավելին, որոշ բուհեր (ճարտարապետաշինարարական, մանկավարժական, բժշկական եւ այլն), արագ արձագանքելով նման առաջարկներին, այդպես էլ վարվեցին: Սակայն ավելի արագ էլ վերափոխվեցին ու հասկացան, որ կուրորեն հետեւել Արեւմուտքի օրինակին` կործանարար է: Իրականում հայաստանյան եւ ոչ մի բուհ ներկայումս չունի այն նյութատեխնիկական հագեցված բազաները եւ հնարավորությունները, որոնք կբավարարեն ուսանողների ներկայիս պահանջներն ու նախասիրությունները: Այնպես որ՝ բերված բացատրություններն անհիմն են եւ նույնիսկ հակազգային: Ավելին` ստվերային են եւ ոչ իրական, քանզի ուսումնասիրությունները եւ վիճակագրական տվյալներն ապացուցում են, որ տարբեր մարզաձեւերով (հատկապես՝ արեւելյան) պարապողների մեծամասնությունը (70-80%) պատանիներ են: 18 տարին լրացած ժամանակակից երիտասարդը նախընտրում է նորագույն տեխնոլոգիաները եւ ոչ թե կարատե կամ թեքվոնդո: Մի խոսքով, ներկա իշխանության բուն նպատակը կոռուպցիան վերացնելն է եւ ոչ թե կրկնապատկելը:

- Պարոն Սամվելյան, գուցե կան դրդապատճառներ, որոնք անհանգստացնո՞ւմ են ներկայիս որոշ ղեկավարների:

- Այո, իհարկե կան, եւ դրանք իրականում լուրջ են ու անհանգստացնող: Առաջին եւ հիմնական պատճառը սոցիալական է: Ներկայիս երիտասարդը, ընդունվելով բուհ, հանդիպում է բազմաթիվ խոչընդոտների: Բավականին բարձր ուսումնական վարձավճարները ստիպում են ուսանողներին հենց երկրորդ կուրսից միաժամանակ դասերից դուրս աշխատել: Աշխատանքից ստանալով ֆիզիկական բավարար բեռնվածություն եւ հոգնածություն` չեն կարողանում կանոնավոր մասնակցել ֆիզդաստիարակության դասերին: Երկրորդ պատճառն այն է, որ ներկայիս երիտասարդությունը կախվածության մեջ է ժամանակակից համակարգիչներից, քանզի գիտական առաջընթացը եւ ժամանակաշրջանը դա են պահանջում: Պատճառներից մեկն էլ այն է, որ ֆիզդաստիարակության գործնական պարապմունքների կազմակերպումը, ըստ որոշ մասնագետների, 1-2 եւ 3-4 դասաժամերին նպատակահարմար չէ, քանզի մասնակիցները հոգնած են, քրտնում են եւ այլեւս չեն ցանկանում մասնակցել հաջորդ դասերին: 

Անհիմն ու վերացական պատճառաբանություն, որը հետեւանք է առարկայի նկատմամբ ունեցած գիտելիքների, փորձի եւ կիրառման բացակայության: Չէ՞ որ ցանկության դեպքում միշտ էլ կարելի է գտնել այլընտրանք՝ ուսանողներին ներգրավելու յուրաքանչյուր ուսումնական գործընթացի, առանց բացասական հետեւանքների:

Ինչ վերաբերում է եվրոպական փորձին, նշենք, որ ամենազարգացած երկրներում (Գերմանիա, Ֆինլանդիա, Դանիա, Շվեդիա) «ֆիզդաստիարակություն» առարկան շատ ու շատ առարկաների հետ միասին ծրագրավորված է որպես ընտրովի պարտադիր առարկա: Հետաքրքիրն այն է, որ ուսանողների մեծամասնությունը` 70%, ավելի նախընտրում է որեւէ մարզաձեւ, նոր միայն օտար լեզու կամ հասարակագիտություն: Պատասխանը մեկն է` քաղաքակրթություն, մարզաբազաների առատություն եւ գիտակցականության բարձր մակարդակ: Եվ պատահական չէ, որ նման երկրներում մարդիկ ավելի երկարակյաց են եւ հետեւում են առողջ ապրելակերպին:
Խոսելով Ռուսաստանի Դաշնության մասին` նշենք, որ երկրի նախագահի հրամանով ամեն տարի ոչ միայն ավելանում են մարզաբազաները, այլեւ դասաժամերը եւ ֆիզկուլտուրայի ու սպորտի հանդեպ պահանջները: Մի խոսքով, առաջին հերթին պետք է հաշվի առնել հնարավորությունները, հետո միայն մտածել շահույթի մասին:

Մեկ այլ, ոչ պակաս կարեւոր պատճառ, որը դեմ է նման առաջարկություններին եւ գործունեությանը: Բուհ են ընդունվում 17-18 տարին լրացած պատանիները եւ աղջիկները, մինչդեռ, վիճակագրական տվյալների համաձայն, արեւելյան եւ այլ մարզաձեւերով զբաղվողների մեծամասնությունը 7-15 տարեկան երեխաներն են: Ավելին, բուհ ընդունվողների միայն 10-20%-ն է նախկինում զբաղվել սպորտի այս կամ այն ձեւով կամ դպրոցում բարեխղճորեն հաճախել ֆիզկուլտուրայի դասերին: Այլ կերպ ասած` չունեն բավարար ֆիզիկական պատրաստականություն, հետեւաբար եւ՝ նախասիրություններ: Իսկ եթե վերցնենք, որ բուհ ընդունվողների 40-50%-ն էլ ունի առողջական խնդիրներ, ապա պարզ է դառնում, որ նման ակումբային գործունեությունը բուհերում ոչ միայն նպատակահարմար չէ, չի բավարարում բուհի պահանջները, այլեւ կործանարար է: Հավելենք, որ ներկայիս գործող սպորտային սեկցիաները, լինելով ֆիզիկական դաստիարակության ուսումնական գործընթացի շարունակությունը, լիովին ապահովում են ուսանողների ցանկությունները եւ մասնակցությունը տարբեր մարզամշակութային միջոցառումներին ու մրցումներին, դրանով իսկ նպաստում սպորտի զարգացմանը եւ մասսայականացմանը: Ինչ վերաբերում է բուհերում ակումբային գործունեության արդյունքում բարձրակարգ մարզիկների պատրաստմանը` նույնպես շատ անհավանական է եւ անհեռանկարային, քանզի բարձրակարգ մարզիկների պատրաստումը գործնականում սկսվում է շատ ավելի վաղ հասակից ու ավելի փորձառու մասնագետների ղեկավարությամբ:

Անհանգստացնող է նաեւ այն փաստը, որ ֆիզիկական դաստիարակության դասերի՝ ակումբայինի փոխարինումով խիստ նվազում է մարզաբազաների օգտակար գործողության գործակիցը, քանզի սեկցիոն խմբերի պարապմունքները սկսվում են դասերից հետո: Ավելին, եղած ժամաքանակն էլ չի բավարարում՝ բոլորին ընդգրկելու գործող խմբերում: Այստեղից հետեւում է, որ 9։00-14։30-ը մարզաբազաները մատնվում են պարապուրդի: Մնում է այն տալ վարձակալության եւ ստեղծել վճարովի խմբեր: Կանգ չառնելով նման խմբերի կասկածելի գործունեության վրա` նշենք, որ բուհերում մարզաբազաներն առաջին հերթին պետք է ծառայեն ուսանողներին եւ բավարարեն նրանց պահանջները: Հիշենք նաեւ, որ բուհի նպատակը ոչ միայն որակյալ կադրերի պատրաստումն է, այլեւ առողջ ու բազմակողմանի մարդ-քաղաքացի դաստիարակելը, որի համար մեծ դերակատարություն ունի ֆիզիկական դաստիարակությունը:

- Ի՞նչ եք առաջարկում նման իրավիճակից դուրս գալու համար:

- Նախ կառաջարկեի, որ ՀՀ գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը վերհիշի եւ լրջորեն զբաղվի բուհերում ֆիզիկական դաստիարակության գործընթացով: Որպեսզի այդ գործընթացը լինի համընդհանուր, եւ ոչ մեկը չդիմի ինքնակամ տնտեսվարության, կցանկանայի, որ իրենց անկարողության պատճառով, ինչպես ասում են` «ունքը շտկելու փոխարեն աչքը չհանեն»: Մտածեն, ստեղծեն ու կիրառեն ավելի հետաքրքիր, գրավիչ ու արդյունավետ ձեւեր ու մեթոդներ` բուհերում ֆիզիկական դաստիարակության գործընթացն ավելի բովանդակալից դարձնելու համար: Զարգացնեն բնագավառի աշխատողների ստեղծագործական միտքն ու կարողությունները, օգտագործեն ժամանակակից տեխնոլոգիաները եւ միջոցներ գտնեն՝ ընդարձակելու բուհական մարզաբազաները: Միջոցներ ձեռնարկեն՝ նաեւ բարձրացնելու ուսանողների հետաքրքրություններն ու գիտակցական մակարդակը` հանդեպ իրենց առողջությունը եւ հայրենիքի պաշտպանությունը: Առարկայի հեղինակությունը բարձրացնելու համար շատ եմ կարեւորում, որ նրան տրվի կարգավիճակ (կրեդիտային միավոր), ինչպես մնացած բոլոր առարկաներինը:

Նախքան որոշում կայացնելը ճիշտ կլինի իմանալ մասնագետների եւ հասարակության կարծիքը:
Ավելին, գիտականորեն հիմնավորված ուսումնական գործընթացը փոխարինել անհիմն ենթադրություններով ոչ՝ միայն ցանկալի չէ, այլեւ կարող է կործանարար լինել իր անդառնալի հետեւանքներով: Չմոռանանք նաեւ երկրի պատերազմական իրադրությունը:
Հարկ եմ համարում նման մտածելակերպ ունեցողներին հիշեցնել նաեւ, որ ֆիզիկական դաստիարակությունը բուհերում ունի իր յուրահատուկ ֆունկցիաներն ու առանձնահատկությունները, որոնք խստորեն տարբերվում են ակումբային գործունեությունից: Այն օբյեկտիվորեն կապված է մտավոր, բարոյական, աշխատանքային, գեղագիտական եւ հիգիենիկ դաստիարակության հետ: Հիշեցնենք, որ ֆիզիկական դաստիարակության գործընթացի ճիշտ կազմակերպումը մեծապես նպաստում է այնպիսի յուրահատուկ որակների զարգացմանը, ինչպիսիք են ինքնավստահությունը, գործնական մտածողությունը, դիտողունակությունը, հնարամտությունը, լրջմտությունը եւ, իհարկե` կորպորատիվ հարաբերությունները: Ֆիզիկական դաստիարակության ճիշտ կազմակերպման գործընթացում են ստեղծվում նաեւ այնպիսի իրավիճակներ, այդ թվում՝ կոնֆլիկտային, որոնց մեջ դրսեւորվում ու փոփոխվում են մարդկային հարաբերությունները եւ հասարակության վերաբերմունքը: Մի խոսքով՝ որակներ, որոնք շատ կարեւոր են ապագա մասնագետների համար: 
Այնպես որ՝ «պետք չէ նոր հեծանիվ ստեղծել»: Անհրաժեշտ է սիրել գործը, սրտացավ վերաբերվել մասնագիտությանը, շարժվել ժամանակի թելադրանքով եւ հիշել, որ ապրում ենք նոր Հայաստանում, որտեղ յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր եւ իր ժողովրդի առջեւ…

Վահան ՍԱՐԳՍՅԱՆ