«Հայկական տեսլականը» նաև ռազմաքաղաքական բաղադրիչ ունի

«Հայկական տեսլականը» նաև ռազմաքաղաքական բաղադրիչ ունի

Այսօր մեր երկրի քաղաքագիտական եւ փորձագիտական շրջանակներում շատ է խոսվում արցախյան հիմնահարցի լուծման «հայկական տեսլականի» մասին: Եվ եթե դրանցից որոշներն ընդունում են այդպիսի տեսլականի գոյությունը եւ փորձում իրենց առաջարկություններով ավելի ամբողջական դարձնել այն, ապա նրանց մի մասն էլ քննադատում է բոլորին եւ ամեն ինչ՝ այդպիսի տեսլական չմշակելու եւ չունենալու համար:

Բայց, չգիտես ինչու, երկու կողմերին էլ թվում է, թե արցախյան հիմնահարցի լուծման «Հայկական տեսլականն» անպայմանորեն պետք է կապված լինի բանակցությունների հետ՝ ածանցված լինի նրանից:

Այնինչ, այս առումով, արցախյան հիմնահարցի հանգուցալուծման «հայկական տեսլականը» վաղուց արդեն պայմանավորված չէ միայն բանակցություներով: Այն այլեւս դուրս է եկել «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոսի տրամաբանության շրջանակներից եւ դարձել ավելի բազմաշերտ եւ տարողունակ:

Այս իմաստով, իհարկե, հայկական կողմը միշտ էլ կարեւորել է եւ կարեւորելու է բանակցություններն ու համանախագահող երկրների ջանքերը: Բայց եթե երբեւէ այդ բանակցությունների շրջանակներում փորձ արվի հայկական կողմին Արցախի անվտանգության հետ չհամատեղվող զիջումներ պարտադրել, ապա Հայաստանը կգնա ոչ թե ամեն գնով բանակցությունները շարունակելու, այլ հակառակորդին բանակցություններ պարտադրելու ճանապարհով:
Այս առումով, ինչպես Ստեփանակերտում վարչապետի արած «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությամբ, այնպես էլ պահեստազորի աննախադեպ ընդգրկմամբ Հայաստանում եւ Արցախում անցկացված լայնամասշտաբ զորավարժություններով հայկական կողմը ոչ միայն Ադրբեջանին եւ համանախագահող երկրներին, այլ նաեւ Իրանին եւ Թուրքիային հստակորեն հասկացրեց, որ «ոչ համաչափ զիջումների չգնալու համար» Հայաստանն ու Արցախը կարող են անգամ լայնածավալ պատերազմ սկսել:

Եվ եթե ստացվի այնպես, որ լայնամասշտաբ պատերազմ սկսելու իր պատրաստվածության մասին անընդհատ հոխորտացող Ադրբեջանը որոշի, որ ազատագրված տարածքներն ու Արցախը վերադարձնելու համար ինքը սանձազերծում է լայնածավալ պատերազմ, իսկ համանախագահող երկրները համարեն, որ իրենք ի զորու են եւս մեկ տարածաշրջանային լայնածավալ պատերազմի հարուցած դժվարությունները հաղթահարել, ապա Հայաստանն ու Արցախը ստիպված կլինեն արցախյան հիմնահարցի հանգուցալուծման ողջ գործընթացը վերապահել հայկական բանակին:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ