Հրայր Թովմասյանի նոր կերպարը

Հրայր Թովմասյանի նոր կերպարը

Երկրում իշխանափոխությունից հետո, երբ ամեն ինչ խառնվել է իրար, եւ «շունը տիրոջը չի ճանաչում» իրավիճակն է, երբ մեկ անձի ցանկություններից բխող իրավապահների ոչ իրավական գործողություններն ամեն օր նոր անակնկալ են պատրաստում Հայաստանի քաղաքացիների համար, ստեղծվել են մարդկանց ճանաչելու բարենպաստ պայմաններ՝ քաղաքական գործիչներին, հասարակական ակտիվիստներին, մտավորականներին, «հեղափոխականներին» ու «հակահեղափոխականներին»: Հեղափոխականները շատ արագ դարձան սեփական բարեկեցության մասին մտածող շարքային չինովնիկներ, որոնք մտել են պետության գրպանը եւ մսխում են պետական բյուջեն: Երբեմնի ընդդիմադիր լրագրող Նիկոլը դարձել է իր բարեկեցության համար պետության գրպանից միլիոններ մսխող պարոն Փաշինյան, ով արդեն չի բարեհաճում պատասխանել լրագրողներին եւ ընկերություն է անում սամվելալեքսանյանների հետ: Կարծես թե նրանք տարբեր մարդիկ են. ընդդիմադիր արդարամիտ Նիկոլին մարդիկ այլեւս չեն տեսնում վարչապետ Փաշինյանի մեջ՝ բացառությամբ հանրահավաքային կրակոտ ելույթները: 

Հասարակությունը ճանաչեց ոչ միայն ընդդիմադիր Նիկոլին, այլեւ ճանաչելի դարձան «սեւերի» ճամբարից շատերը, ովքեր են ընդունակ  շուտ «կրոնափոխ» լինել եւ անցնել ցանկացած իշխանության թրի տակով, եւ մարդիկ, ովքեր մինչեւ վերջ մնում են իրենց սկզբունքներին ու քաղաքական ուղղությանը հավատարիմ: Վերջիններս, պարզվեց, «սեւերի» ճամբարում բավականին քիչ են: Այդ քարքարոտ ճանապարհով թերեւս դեռ շարունակում են գնալ Արփինե Հովհաննիսյանը, Մարգարիտ Եսայանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, ովքեր, չնայած նրանց հանդեպ տարբեր ճնշումներին, համացանցային հարձակումներին, անկոտրում մնում են իրեն ուղուն հավատարիմ, ինչը, եկեք խոստովանենք, գովելի պահվածք է: Մինչդեռ ՀՀԿ-ի շարքերում, կուսակցության երանելի ժամանակներում, կային մարդիկ, ովքեր իրենց այնպես էին պահում, կարծես պատրաստ էին «առյուծ ճղել» կուսակցության գաղափարախոսությունն ու «թասիբը» պահելու համար: Այդ մարդիկ այսօր անէացել են քաղաքական դաշտից, ու չգիտես ով որտեղ է գլուխը պահում, որ հանկարծ «չփռվի ասֆալտին»: 

Շատերիս համար բացահայտում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կերպարը: Մինչ քաղաքական այս վերջին իրադարձությունները, Թովմասյանը, շատերիս պատկերացմամբ, շարքային չինովնիկ էր, ով երբեք առանձնապես աչքի չի ընկել պայքարող մարդու կերպարով. լրատվամիջոցներին տվել է շարքային իշխանական հարցազրույցներ, աշխատել է վատ հարաբերություններ չունենալ ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության հետ, եւ թվում էր, թե ցանկացած իշխանություն եթե նրան ասեր՝ նստիր, կնստեր, ասեր՝ վեր կաց, կկանգներ:

Թովմասյանը, կամա թե ակամա, արել է իրավական քայլեր եւ դերակատարում է ունեցել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկարաձգումն ապահովող գործընթացում՝ մասնակից լինելով սահմանադրական փոփոխություններին, որն այսօր դարձել է նրան թիրախավորելու հիմնական պատճառը։ Այսօր կարելի է ենթադրել, որ դա է եղել Թովմասյանի ամենամեծ իրավական մեղքը, նա, հավանաբար, թաթախված չէ այնպիսի կեղտոտ գործարքների, կոռուպցիայի ու իրավախախտումների մեջ, որ համարձակվում է այս քաղաքական հաշվեհարդարների շրջանում «ճակատամարտի» մեջ մտնել օրվա իշխանությունների հետ: Այսօր ամբողջ իրավական համակարգը, պետական ապարատը, իշխանական լրատվամիջոցներն աշխատում են գտնել ճանապարհներ՝ Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնելու համար։ Սա այսօրվա իշխանության «կենաց-մահու» խնդիրն է դարձել, կարծես թե դրանից է կախված Հայաստանի եւ հայ ժողովրդի հետագա լինելիությունը: Դժվար է դիմակայել այդ ամենին, բայց Թովմասյանը չի ընկրկում, չի ընկճվում, երբ իր հետ թիրախավորված են նաեւ իր մտերիմ ընկերները, սանիկները, տարեց հայրը, քույրը, անգամ՝ դուստրերը… 

Մարդը, հատկապես պրոֆեսիոնալ իրավաբանը, պետք է առավելագույնս վստահ լինի իր իրավական անխոցելիության մեջ, որպեսզի մտնի այդ պայքարի մեջ: Դրա վկայությունն է նաեւ այն, որ ԱԱԾ-ն՝ որպես Թովմասյանի ապօրինի հարստացման ապացույց, բարձրացել է Թովմասյանի հայրական տան տանիքը, փորձել գտնել դրա վերանորոգման ֆինանսական աղբյուրը… ուրիշ լուրջ բան չեն գտել։ Հա, մեկ էլ աղջկա ավտոմեքենան, երբ շարքային վարսավիրն անգամ այսօր վարում է շքեղ ավտոմեքենա: Այս ամենը ծիծաղելի է ու փաստում է, որ Թովմասյանը, իսկապես, իրավական առումով անխոցելի է: Իսկ նրա պայքարող, չհանձնվող կերպարը, հավանաբար, շատերիս համար է նորություն. «Եթե սա լիներ Հրայր Թովմասյանի լինել-չլինելու խնդիրը, ես Ձեզ վստահեցնում եմ՝ ես շատ վաղուց այդ պաշտոնը թողած կլինեի: Ինձ համար սա սահմանագիծ է, ինձ համար այսօր դա մեր սահմանի ինձ վստահված տարածքն է՝ Սահմանադրական դատարանը: Ինձ համար այդ սահմանին կանգնելը նույն հոգեբանական վիճակն է, ինչ որ այսօր հայ-ադրբեջանական սահմանին կանգնած զինվորի համար: Եվ այստեղ մեկ քայլ հետ գնալը, ընկճվելը, ճնշվելը․․․ դրանք դավաճանությանը հավասար որոշակի խոսքեր են»։ Սրանք Թովմասյանի խոսքերն են: 

Միգուցե, եթե Թովմասյանը տեսներ, որ իշխանության եկած ուժը հուսալի եւ երկրի զարգացումն ապահովող, կարող ուժ է, ինքնակամ հրաժարվեր ՍԴ նախագահի պաշտոնից, բայց այսօրվա անկայուն իրավիճակում, երբ ադեկվատ մարդիկ չեն հասկանում, թե ուր են տանում երկիրը թավշյա իշխանավորները՝ իրենց սորոսական նախարարներով ու անհայտ ծագմամբ պաշտոնյաներով, երբ երկիրը վտանգված է թե՛ արտաքին, թե՛ ներքին մարտահրավերներում, ՍԴ-ն այդպիսի անկանխատեսելի ու անկարող թիմին հանձնելը կլիներ անպատասխանատվություն երկրի նկատմամբ: Այո, Թովմասյանը պետք է ամուր պահի իր դիրքերը, որովհետեւ չգիտենք, թե ինչ է լինելու այս անհասկանալի իշխանության հաջորդ քայլը, ինչ արտաքին ու ներքին հարցեր են ուզում լուծել՝ «գրավելով» ՍԴ-ն: Հրայր Թովմասյանի պայքարող այս կերպարը, որը նորություն է շատերիս համար, վստահելի է ցանկացած հարցում՝ թե՛ երկրի կարեւորագույն ոլորտները վստահելու եւ թե՛ մարդկային անձնական փոխհարաբերություններում:

ՀԳ․ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասում է. «Այն անձինք, ովքեր պաշտպանում են ՍԴ-ն ու ՍԴ նախագահին ԱԺ-ից եւ այսօրվա իշխանություններից, ոչ մի բանով չեն տարբերվում Նաիրի Հունանյանից, որովհետեւ Նաիրի Հունանյանն էլ իրեն դիրքավորել էր հոկտեմբերի 27-ին՝ որպես պաշտպան եւ պահապան Հայաստանի պետության ու պետականության…»: Եթե այս հրապարակումն Արման Բաբաջանյանը համարի որպես աջակցություն Հրայր Թովմասյանին, ապա, հավանաբար, «Հրապարակի» խմբագրակազմը եւ տողերիս հեղինակը, որպես ահաբեկիչներ, կլինեն ԱԺ-ում նրա հաջորդ հայտարարության ու թիրախավորման թեման…