Կարո՞ղ ես երկիր ղեկավարել, կարճ՝ այո՞, թե՞ ոչ

Կարո՞ղ ես երկիր ղեկավարել, կարճ՝ այո՞, թե՞ ոչ

Կրիտիկական զանգվածները լքել են Փաշինյանին: Սա փաստ է, որի դեմ ոչինչ անել չես կարող: Վարկանիշային բոլոր հայրենական եւ միջազգային հարթակները նույն բանն են արձանագրում, թեեւ Հայաստանում դեռ մնացել են հատուկենտ գրբացներ ու բաժակ նայողներ, որոնք պնդում են, որ Փաշինյանի վարկանիշը, ճիշտ է, իջել է, բայց ընդամենը «մկան շեռի» չափ: Անձամբ ես ո՛չ գրբացներին եմ հավատում եւ ո՛չ էլ Փաշինյանի վարկանիշը զրոյացնող հարթակներին: Ես իմ աչքերին եմ հավատում՝ իմ տեսածին:

Ըստ իս՝ Փաշինյանը, չհաշված քրոնիկ ստախոսությունը, մի այնպիսի բան չի արել, որ մարդիկ երես թեքեին նրանից: Բայց նրա նախորդները եւս քիչ չեն ստել ու խաբել ժողովրդին: Հասարակ հայաստանցին, առհասարակ, սովոր է ստին, կեղծիքին, խաբեությանը: Նա իր ողնաշարով է զգում, որ իրեն խաբում են, թլսորում, արհամարհում, կեղծ սիրաշահում, փափուկ բարձեր դնում գլխի տակ, եւ նա լավ գիտի՝ երբ պետք է, քվեի համար կսողան իր առաջ, իսկ երբ չէ՝ սապոգի տակ կտան ու կանցնեն վրայով: Ի վերջո, ստում են աշխարհի բոլոր ղեկավարներն ու իշխանությունները: Թրա՞մփը չի ստում, Պուտի՞նը, թե՞ Մահաթմա Գանդին չի ստել երբեք: Այնպես որ, ստախոսությունը չէր կարող Փաշինյանի վարկանիշն այսքան իջեցնել, եւ դրա պատճառները, իմ խորին համոզմամբ, պետք է փնտրել բոլորովին այլ տեղերում:

«Միմինո» ֆիլմը, կարծում եմ, բոլորն են հիշում: Իսկ հիմա մի պահ պատկերացրեք, որ դուք խորհրդային չափանիշներով ամենաշքեղ՝ «Ռոսիա» հյուրանոցի տնօրենն եք, եւ հանկարծ պարզվել է, որ նախապես պատվիրված համարը տրամադրել եք ոչ թե էնդոկրինոլոգ Խաչիկյանին, այլ բոլորովին պատահական մարդու, որ նույն ազգանունն ունի: Բազմաչարչար հայաստանցիների մեծ մասը սրտի տրոփյունով էր սպասում իր փրկիչ «Խաչիկյանին», բայց կարճ ժամանակ անց պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանն ամենեւին էլ այն «Խաչիկյանը» չէ, որ պետք է գար ու փոխեր իր կյանքը: Բայց այստեղ մի նրբություն կա: Եթե խորհրդային հյուրանոցի տնօրինությունը երբեք չէր տեսել պրոֆեսոր Խաչիկյանին, ապա հայաստանցիները հրաշալի ճանաչում էին ընդդիմադիր լրագրող, ընդդիմադիր գործիչ, ընդդիմադիր պատգամավոր, ընդդիմադիր պանիկյոր, ընդդիմադիր դրդիչ եւ ընդդիմադիր հրահրիչ Նիկոլ Փաշինյանին: Եվ ուրեմն ի՞նչ տեղի ունեցավ, որ թվարկված հատկանիշներով օժտված մարդը դարձավ վարչապետ: Այսօր Փաշինյանից թռածներն արդարանում են՝ մենք ի՞նչ մեղք ունենք, մեզ խաբեցին: Ո՛չ, եղբայր, դու նախապես էլ գիտեիր, որ քեզ խաբում են: Գիտեիր, որ քեզ խաբում են, երբ Փաշինյանը քայլել սկսեց Գյումրիից, դու դա գիտեիր, երբ նա արագաչափերն էր փակում, գիտեիր, երբ նա նստեց Ֆրանսիայի հրապարակում… Հայաստանցի ջան, դու գենետիկորեն սովոր ես խաբելուն եւ խաբվելուն: Այնպես որ, Փաշինյանի քրոնիկ ստախոսությունը պատճառ մի բռնիր եւ մի արդարացիր: Քեզ, ի դեպ, Նիկոլը չի խաբել: Այդ դու ես նրան դրել պրոֆեսոր Խաչիկյանի տեղը, կարելի է ասել քո՝ «Какая разница- эндокринолог он, или не эндокринолог?» տրամաբանությամբ: Բայց պարզվում է, որ տարբերություն, այնուամենայնիվ, կա:
Իսկ հիմա՝ Խաչիկյա…, ներողություն, Փաշինյանից երես թեքելու բուն պատճառի մասին: Իմ եւ ինձնից ավագ սերունդը նորանկախ Հայաստանի երեք նախագահ է տեսել, որոնք առանձնապես չէին փայլում իրենց ճշմարտախոսությամբ: Խոստումներ էին տալիս, չէին կատարում, ընտրությունների արդյունքներ էին կեղծում, տնտեսության եւ քաղաքացու աներեւակայելի առաջընթացներ արձանագրում… մի խոսքով՝ ղեկավարում էին երկիրը: Մեկը՝ մի քիչ լավ, մյուսը՝ մի քիչ վատ: Մինչեւ Նիկոլի գալը կամ ժամանելը, ինչպես հարմար կգտնեք, մենք էլ գիտեինք, որ մեզ խաբում են, բայց որ նրանցից հայաստանցիները մեկ-մեկուկես տարում երես թեքեին՝ չկար նման բան: Կատակ չէ՝ 6 տարի Տեր-Պետրոսյանին հանդուրժեցինք, 10 տարի՝ Քոչարյանին, եւս մեկ տասնամյակ՝ Սարգսյանին: Իսկ դրա միակ պատճառն այն էր, որ անկախ նշվածների հանդեպ ունեցած իրենց վերաբերմունքից, հայաստանցին վստահ էր, որ երկիրն ունի ղեկավար:
Խնդիրը նախագահի եւ վարչապետի պաշտոնների տարբերությունը չէ: Երանի այսօր ունենայինք մի վարչապետ, որին, ինչքան էլ խաբված, բայց ընկալեինք որպես երկրի ղեկավար: Իսկ ի՞նչ ունենք այսօր ղեկավարի փոխարեն՝ ընդամենը մի Խաչիկյան, որ մասնագիտությամբ էնդոկրինոլոգ չէ, եւ հույս էլ չկա, որ երբեւէ կդառնա: Հույս չկա՝ սա է ամենավատը, եւ հենց դա է պատճառը, որ մարդիկ հիասթափվում են թագավորական պատիվներով իրենց գլխին նստեցրած Փաշինյանից: Կարող եք ասել՝ հույսը վերջինն է մեռնում: Լիովին համաձայն եմ, բայց Փաշինյանի պարագայում ամեն ինչ այլ է: Նա, իր «լայվերով», աննախադեպ պոպուլիզմով, արդարության մասին իր տձեւ պատկերացումներով եւ իր վրեժխնդրության ծարավով, հանգրվան առ հանգրվան հենց հույսն է սպանել: Հիշո՞ւմ եք գյումրեցի կնոջ եւ Նիկոլ Փաշինյանի երկխոսությունը: Փաշինյանը, կարծես, դեմ չէր, որ կինը մոտենար իրեն եւ իր ասելիքն ասեր: Բայց հիշո՞ւմ եք, թե ինչ կարգադրեց Փաշինյանն իր թիկնապահներին՝ «թողեք մոտենա, հենց որ ես ասեմ, կհանեք»: Ի՞նչ է նշանակում՝ «հանել մարդուն», «հենց որ ասեմ՝ կհանեք»: Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ բոլոր օրենքներով մարդը բացարձակ արժեք է, իսկ քաղաքացին, երբ էլ ցանկանա, կհանի հենց իրեն՝ վարչապետին: Դեռ սա էլ պետք է պարզաբանել՝ պետության կողմից պահպանվող Փաշինյա՞նն է որոշում, թե ինչպես եւ ումից պահպանեն իրեն: Նա թիկնապահների հե՞տ է խոսում, թե՞ թաղի տղերքի, որ «ավտարիտետի» ասելով են նստում-վեր կենում:

Մի լոռեցու հարցնում են՝ կարո՞ղ ես կոլխոզի նախագահ աշխատել: Ասում է՝ ա խի՞ չեմ կարա, վախըմ եք «վիլիսիցը» վեր ընգնե՛ե՛ե՛մ… Ինձ թվում է, որ ինչ-որ մի շրջադարձի, լավ չեմ հիշում, Աբովյանի քաղաքապետի ընտրություններին էր, Իջեւանի ծեծուջարդի օրերին, Մաշտոցի պողոտայում խորոված փարթիի ժամանակ, թե դերասան Հայկոյին տաղավար հրավիրելու առիթով, Փաշինյանի «վիլիսը» սաստիկ ցնցվեց ու ընկավ ձորը: Բայց, քանի որ նմանատիպ վթարներ Փաշինյանի «վիլիսի» հետ հաճախակի էին պատահում (ԱԺ գրոհ, դատարանների շրջափակում, վեթթինգ, անցումային արդարադատություն, ասֆալտին փռել, պատերով տալ, ձեռը կոտրել, պպզած Հայաստան, շորտ, մորուս եւ այլն), ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՊՆ-ն, ՀՔԾ-ն եւ նույնիսկ արտգործնախարարությունը չմիջամտեցին:

Կարծում եմ՝ նրանք էլ են դադարել հավատալ, որ մի օր, ի դեմս Փաշինյանի, երկրի ղեկավար կունենան: Բայց սա ճիշտ մոտեցում չէ: Հո չե՞նք կարող ասել՝ ընկել ենք՝ պիտի քաշենք: Մարդը պատրաստվում է գնալ Սփյուռքի մայրաքաղաք՝ Լոս Անջելես (Թրամփի տիրույթներ), իսկ հետո Երեւանում ընդունել ԵԱՏՄ գագաթնաժողովը՝ Ռուսաստանի եւ Իրանի նախագահների մասնակցությամբ:  Սա արդեն կատակ չէ, եւ եթե «վիլիսը» սրանից էլ ցնցվի, Փաշինյանի վարկանիշի մասին բոլոր խոսակցությունները կդառնան միանգամայն ավելորդ: