Խոհարարներին ընդունում են երկրների ղեկավարները, շքանշաններ են հանձնում

Խոհարարներին ընդունում են երկրների ղեկավարները, շքանշաններ են հանձնում

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, նախկին պատգամավոր, նախկին դատապարտյալ Վազգեն Խաչիկյանին հարցրինք, թե ինչու որոշեց թողնել քաղաքականությունը եւ զբաղվել խոհարարությամբ։ Խաչիկյանը «ՄՈ ԹիՎի» հեռուստաընկերության եթերում վարում է «Ուտում ենք Խաչիկյանի հետ» հաղորդումը, ՀՀ խոհարարների միության անդամ է եւ այս ընթացքում լուրջ կապեր է հաստատել արտերկրի խոհարարների հետ ու խոհարարական հաղորդումների մասնակցելու առաջարկներ ստացել։ Վազգեն Խաչիկյանը պատասխանեց․ «Եթե կհիշեք՝ Խորհրդային Միությունում 50-60- ական թվականներից հետո մի այսպիսի տերմին առաջացավ՝ «խոհանոցային քաղաքականություն», քանի որ հարթակներ չկային, որտեղ մարդիկ կարող էին իրենց կարծիքներն արտահայտել, եւ քաղաքական խնդիրների շուրջ խոսում էին խոհանոցներում, եւ հիմնական դեզերտիրական շարժումներն առաջացել են խոհանոցներում, այն մտքերը, որոնք հանգեցրին նաեւ Հայաստանի անկախությանը, էլի խոհանոցներում էին ծնվում։ Իսկ մինչ այդ չկար, քանի որ մինչեւ 50-ական թվականները տոտալ վերահսկողություն կար, որ ազատ միտքն ամեն կերպ ճնշվում էր։ Խոհանոցը հիմա ամբողջ աշխարհում ոչ միայն մարդու նյութական կամ ուտելու պահանջմունքները բավարարելու տեղ է, այլեւ հզոր մշակութային, հզոր հոգեւոր, հզոր տնտեսական, հզոր քաղաքական եւ, ինչու ոչ՝ հզոր դիվանագիտական գործիք է, եւ մանավանդ վերջին տարիներին դրա դրսեւորումները կան։ Թե ինչու ես քաղաքականությունից անցա խոհանոց, ապա պետք է ասեմ, որ այդպես չէ՝ քաղաքականությունն այսօր ինձ համար գրավիչ է, կարող ենք ասել, որ, դժբախտաբար, որպես այդպիսին՝ քաղաքական դաշտ չկա, որովհետեւ քաղաքականությունը ենթադրում է մրցակցություն՝ գաղափարների, մոտեցումների, քաղաքական ուժերի։ Դժբախտաբար, այդպիսի մրցակցություն մենք այսօր չունենք, եւ նպատակահարմար գտա ուժերս չվատնել մի ոլորտում, որտեղ ոչ մի բանի վրա չեմ կարող ազդել, նպատակահարմար գտա զբաղվել մի գործով, որն ինձ հոգեհարազատ է, այդ դաշտի հիմնական խաղացողներն իմ ընկերներն են, որտեղ ես կարող էի ինքնադրսեւորվել»։

- Դուք խոսեցիք «խոհանոցային քաղաքականության» մասին, իսկ ներկայիս «քաղաքական խոհանոցի» մասին ի՞նչ կասեք, ի՞նչ է կատարվում այնտեղ։

- Այո, հետաքրքիր է, կա ե՛ւ «խոհանոցային քաղաքականություն», ե՛ւ «քաղաքական խոհանոց»։ «Քաղաքական խոհանոցն» այսօր գտնվում է մի իրավիճակում, երբ, խոհանոցային լեզվով ասած, քիչ են այն մթերքները, որոնք օգտագործվում են ինչ-որ բան պատրաստելու համար, այդ մթերքները գնալով քչանում են, որովհետեւ քաղաքականությունը ենթադրում է հստակ քաղաքական օրակարգեր, հստակ ծրագրեր, եւ, ի դժբախություն մեր հասարակությանը, ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունն այսօր որոշակի օրակարգ ու ծրագիր չունեն, եւ քաղաքական լոզունգներից այն կողմ բանը չի անցնում։ Իսկ ցանկությունների եւ լոզունգների մակարդակի քաղաքականությունը դատապարտված է։ Այս միտումը, դժբախտաբար, կա ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության մոտ։ Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում, մեծ հաշվով, քաղաքական վակուում է։

- Ասացիք, որ խոհանոցը քաղաքականություն, դիվանագիտություն ու մշակույթ է։ Ի՞նչ նոր մոտեցումներ են պետք խոհանոցը որպես գործիք պահպանելու համար։ Հիշում ենք, որ 1-2 տարի առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն տոլման, օրինակ, ճանաչեց ադրբեջանական կերակրատեսակ։

- Բոլոր ժամանակներում էլ դա եղել է՝ ինչպես նախորդ, այնպես էլ այս իշխանության կողմից։ Այլ խնդիր է, թե որքան՞վ է դա գիտակցվում, եւ որքանով են քայլեր ձեռնարկվում։ Բնականաբար, որոշակի քայլեր արվում են, բայց այդ քայլերը գոհացուցիչ կամ բավարար չեն։ Իտալիայի պես երկրի դեսպանը եւ դեսպանատունը 3 ամիս շարունակ նախապատրաստվում են Հայաստանում իտալական խոհանոցի շաբաթվան, եւ այդպես իրենք աշխարհի 140 երկրներում կազմակերպում են իտալական խոհանոցի շաբաթներ։ Դժբախտաբար, հայերս դեռ չենք եկել այն գիտակցմանը, որ խոհանոցը դադարել է լինել զուտ կշտանալու, սոսկ այդ պահանջմունքը բավարարելու միջոց։ Մեկ տարի առաջ մահացավ Ֆրանսիայի ամենահայտնի խոհարարը, եւ նույն օրը Ֆրանսիայի նախագահը գրառում կատարեց՝ նշելով, որ ամբողջ աշխարհում խոհարարները հավասարազոր են լավ դիրիժորի, լավ կինոռեժիսորի, նրանց ընդունում են երկրների ղեկավարները, շքանշաններ են հանձնում եւ այլն։ Դժբախտաբար, մեզ մոտ դեռեւս այն մոտեցումն է, որ խոհարարները հասարակական սնունդ, բորշչ, կոտլետ պատրաստողներ են, եւ այդ վերաբերմունքը բերելու է նրան, որ մենք ունենք մի իրավիճակ, երբ կողք կողքի 2 պետություն՝ Հայաստանն ու Վրաստանը, եւ մենք տեսնում ենք իրենց խոհանոցային քաղաքականությունն ինչի է տանում։ Ռուսաստանում, որտեղ այսօր ավելի շատ հայեր են ապրում, քան վրացիներ, կա մոտ 52 հազար վրացական ռեստորան եւ ընդամենը 5 հազար հայկական ռեստորան՝ 10 անգամ ավելի քիչ։ Դա նշանակում է, որ վրացական ռեստորանների պատերին կախված են Փիրոսմանիի նկարները, լսվում է վրացական երաժշտություն, հաճախորդները խմում են վրացական բորժոմի եւ գինի, որից հետո ցանկություն են ունենում այցելելու Վրաստան եւ այդ ամենը այնտեղ փորձելու։ Դժբախտաբար, մեր հայկական ռեստորանները առավելապես հայերի համար են, դեռեւս չկա հայկական ուտեստների որոշակի դասակարգում, որը մենք կարող ենք ներկայացնել աշխարհին, դեռ բրենդավորման ճանապարհին է։ Փառք Աստծո, դեռ կան մարդիկ, օրինակ՝ Սեդրակ Մամուլյանը, որոնք տանում են այդ գիծը։ Հայկական խոհանոցը պետք է բրենդավորել, բայց առանց պետության դա հնարավոր չէ։

- Եթե պետությունը համեմատենք խոհանոցի, իշխանություններին՝ խոհարարի, իսկ պետական քաղաքականությունը՝ ուտեստի հետ, ապա, ըստ Ձեզ, իշխանություններն այսօր ի՞նչ ճաշ են եփում։

- Դժվար է ասել, թե ինչ են եփում, սակայն, դժբախտաբար, մենք քիչ մթերք ենք օգտագործում այսօրվա քաղաքականությունը կերտելու համար եւ լավագույն արդյունքը դեռ չենք ստանում։ Այն հույսերը, որ կային հասարակության մեջ, վերափոխվում են հուսախաբության, ինչըն անցանկալի է։ Ցանկացած իշխանության դեպքում հասարակությունը պետք է շահագրգռված լինի, որ իշխանությունը հաջողի՝ անկախ նրանից, թե ով է վարչապետ, նախագահ, նախարար կամ պատգամավոր։ Մենք պետք է ընդունենք, որ Հայաստանի հանրային քաղաքական կյանքի օրակարգը եւ ծրագրերը դեռեւս չեն համապատասխանում այն մարտահրավերներին, որ կան ժամանակակից աշխարհում կամ որ ծառացած են Հայաստանի առջեւ։ Մենք պետք է ունենանք զարգացման բավականին բարձր տեմպեր։ Հուսադրող է այն, որ վարչապետն իր վերջին ելույթներից մեկում ասաց, որ 2050 թվականին նման թիրախային ցուցանիշներ ունենք, բայց դրա հետ մեկտեղ երբ բացակայում է քայլերի հերթականությունը կամ այն ճանապարհային քարտեզը, որին պետք է մենք հետեւենք, դա ընդամենը տեղավորվում է բարի ցանկությունների տիրույթում, որի պակասը մեր հասարակությունը, կարծես թե, չի ունեցել։ Իշխանությունը պետք է հասարակության հետ լինի անկեղծ եւ ներկայացնի այն խնդիրները, որոնք կան, եւ այն մոտեցումները, որոնցով հնարավոր է հաղթահարել դժվարությունները։ Այդ ամենը մենք չենք տեսնում ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության կողմից։

- Վարչապետն ասում է, որ պետք է ձգտել անհնարինն անելու, քանի որ մենք անհնարինն անող ժողովուրդ ենք։ Դա բավարար չէ՞։

- Եթե ես որոշեմ, որ պետք է լողից դառնամ աշխարհի չեմպիոն, դա էլ է անհնարինների շարքից, եւ անիմաստ է, որ ես այդ ուղղությամբ ջանքեր գործադրեմ, որովհետեւ իմ տարիքում, իմ ֆիզիկական ունակություններով ես չեմ կարող հասնել իմ նպատակին։ Բնականաբար, նպատակները պիտի լինեն իրականանալի, խնդիրները պետք է լինեն չափելի, որպեսզի մենք կարողանանք համեմատել։ Եթե մենք սոսկ գործածում ենք ածականներ՝ գերադրական կամ բաղդադական, դրանից իրավիճակ չի փոխվում, դա կարող է վերածվել պարզապես կենացների ժողովածուի։ Մեր քաղաքական վերնախավի խնդիրն այն է, որ չեն պատկերացնում խնդիրները, չեն պատկերացնում, թե ինչպես պետք է լուծել այդ խնդիրները, չեն տիրապետում ռեսուրսներին։ Քաղաքականությունը շատ նման է բժշկի աշխատանքի․ պետք է կարողանալ ճիշտ ախտորոշել, ճիշտ բուժում նշանակել եւ պետք է տիրապետել գործիքակազմին՝ դեղեր, վիրաբուժական միջամտություն, թերապեւտիկ միջամտություն եւ այլն, իսկ եթե իշխանությունը չունի բավարար հմտություններ ու պրոֆեսիոնալիզմ, ապա այն նմանվում է հեքիմի։