Բաժանում՝ առանց հետ նայելու

Բաժանում՝ առանց հետ նայելու

Ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը գրել էր, որ Հ1-ին տված հարցազրույցով Փաշինյանը, ըստ էության, իր հրաժարականն էր նախապատրաստում: Սկզբում ուշադրություն չդարձրի այդ մտքին, բայց հետո, երբ այդ հարցազրույցն ինչպես հարկն է քննադատվեց եւ վերլուծվեց ամենատարբեր հարթակներում՝ Ֆեյսբուք, մամուլ, հեռուստատեսություն, հանրային քննարկումներ եւ այլն, ինձ բռնացրի այն մտքի վրա, որ Փաշինյանն իսկապես ոչինչ չասաց այդ հարցազրույցով: Նա պարզապես ասելիք չուներ, եւ դա իսկապես հեռացողի հարցազրույց էր:

Մենք գիտենք, թե ինչպես է խոսում Փաշինյանը, երբ ասելիք է ունենում իր քաղաքական հակառակորդներին: Այդ օրը նա թեւաթափ էր, խոսքը՝ ցաքուցրիվ: Չի բացառվում, որ արդեն գիտեր մեր գերիների հետ կատարվածի մասին, որոնց ադրբեջանցի զինյալները գնդակահարել էին սեպտեմբերի 13-14-ի 44-ժամյա հարձակման եւ ՀՀ նոր տարածքներ մխրճվելուց հետո: Փաշինյանը թեեւ խոսում էր խաղաղության օրակարգից, բայց նրա կապարե դեմքից բոլորն էլ հասկացան, որ այդ օրակարգն այլեւս հօդս է ցնդել:

Ի՞նչ նոր բան կարող է դնել Փաշինյանը շրջանառության մեջ, որպեսզի փրկի դեմքը: Թերեւս երկու բան՝ Արարատ Միրզոյանի բանակցություններն Ադրբեջանի արտգործնախարարի (թե իբր նոր ենք քննարկելու խաղաղության պայմանագիրը) եւ իր հնարավոր հանդիպումն Էրդողանի հետ՝ որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց, որ նպաստելու է տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատմանը: Սակայն ես Փաշինյանին կառաջարկեի զերծ մնալ այդ քննարկումներից եւ հրաժարական տալ հնարավորինս սեղմ ժամկետներում: Բանն այն է, որ թե՛ ես եւ թե՛ Փաշինյանը գիտենք, որ Էրդողանն արդեն հայտարարել է, թե ՀՀ ղեկավարի հետ քննարկելու է իր եղբայր Ալիեւին անհանգստացնող խնդիրները: Ասել է թե՝ Փաշինյանից պահանջելու է այն, ինչ Ալիեւն է պահանջում զենքի ու ռազմական ուժի շարունակական գործադրմամբ: Միջա՞նցք, նոր տարածքնե՞ր, Արցախից վերջնական հրաժարում եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում Արցախի հետ միասի՞ն: Է՞լ ինչ է ուզում Ալիեւը, որ Էրդողանը կփորձի պահանջել Փաշինյանից: Այս ամենն է, որ տեղ է գտնելու խաղաղության փաստաթղթում, որը, ըստ Փաշինյանի, լինելու է շատ ցավոտ, եւ ինքը ստորագրելու է այն:

Փաշինյանին առաջարկվել է հրաժարական տալ, վերջնականապես չփակել հայկական Արցախի հարցը եւ չկործանել Հայաստանը: Փաշինյանին հստակ ասվել է, որ հետագա բոլոր բանակցությունները, եթե դրանք ինքն է վարելու, դատապարտված են անհաջողության եւ միայն կորուստներ են պատճառելու մեր ժողովրդին: Փաշինյանը նաեւ գիտեր Էջմիածնում կայացած՝ կաթողիկոսի եւ նախկին նախագահների հանդիպման մասին, որի ժամանակ հենց բանակցողի հարցն է քննարկվել, իր հեռանալու եւ նոր բանակցող բերելու հարցը: Փաշինյանը չցանկացավ անդրադառնալ Էջմիածնի հավաքին՝ պատճառաբանելով, թե այդ օրակարգի մասին չի լսել եւ կարձագանքի միայն այն բանից հետո, երբ տեղեկանա այդ օրակարգին: Օրեր են անցել թե՛ Էջմիածնի հավաքից եւ թե՛ Հ1-ին տված Փաշինյանի հարցազրույցից: Իսկ ո՞ւր է Փաշինյանի արձագանքը... Նրան, ինչ է՝ չի՞ հուզում, թե ինչ է քննարկվում Էջմիածնում, ինչու է ՀՀ առաջին նախագահը ձեռուոտ ընկած խնդրում, որ համախմբվեն իր, այսինքն՝ Փաշինյանի շուրջ: Տեր-Պետրոսյանը, ինչ է, սրտից այդքան թույլ մա՞րդ է, որ վազ տա Պետրոսի մոտ՝ Փաշինյանի համար բարեխոսելու: Եվ դարձյալ նույնը պետք է ասեմ՝ Փաշինյանը պարզապես ասելիք չունի, հակադարձելիք չունի, իր աթոռին մնալու ռեսուրս չունի այլեւս, իսկ Էջմիածնի հարթակին որեւէ կերպ պատասխանելու եւ նորովի խայտառակվելու ցանկություն՝ առավել եւս:

Արտաքին ճակատում Փաշինյանի կառավարության կրախին ավելացել է նաեւ երկրի ներսում կրած պարտությունը: Աղքատության մեծացումից մինչեւ բանակի կործանում, ձախողումներ գրեթե բոլոր ոլորտներում, տնտեսական եւ ֆինանսական դեֆոլտի ռեալ սպառնալիք: Չգիտեմ, թե այդ ինչ հրաշք է տեղի ունենալու, որ Փաշինյանը կարողանա երկու էշի գարի իրարից չջոկող այս կառավարությամբ կտրուկ փոխել գահավիժման ընթացքը: Նույնիսկ ներսում է, կարծում եմ, անհրաժեշտ «բանակցող» փոխել: Ի վերջո, մի բան է սրացող-թուլացող ռազմաճակատային գզվռտոցը, մեկ այլ բան՝ սրընթաց ու կայուն տնտեսական գահավիժումը, որը, որպես կանոն, ավարտվում է բունտերով ու երկրի փլուզմամբ: Ինչքա՞ն կարող է շարունակվել այս վիճակը, եւ արդյոք հնարավո՞ր է ՏԻՄ ընտրություններում «հաղթանակներ» նկարելով՝ այս ամենի առաջն առնել: Ոչ, իհարկե, որովհետեւ բարակ տեղում պարանն անխուսափելիորեն կտրվում է միշտ:
Եվ ամփոփենք: Ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը գրել էր, որ Հ1-ին տված հարցազրույցով Փաշինյանը, ըստ էության, իր հրաժարականն էր նախապատրաստում: Համամիտ եմ նրա հետ: Ուշացած, բայց, այո, Փաշինյանը հեռանում է, եւ նա դա անում է հանդարտ, առանց հատուկ հրաժեշտի, առանց իրեն հատուկ էմոցիոնալ բարձր ֆոնի, համարյա՝ գլխահակ ու․․․ երկիրը հանձնելով: