Հայ ռազմագերիների սպանության տեսանյութն Ալիեւի մեսիջն էր` պատրաստվեք նոր պատերազմի

Հայ ռազմագերիների սպանության տեսանյութն Ալիեւի մեսիջն էր` պատրաստվեք նոր պատերազմի

Մի քանի օր է՝ հայ հասարակությունը քննարկում է հայ գերիների գնդակահարության տեսանյութը։ Նկատի ունենալով Ադրբեջանում համացանցի նկատմամբ իշխանության ունեցած տոտալ վերահսկողությունը, կարելի է ասել՝ տարածվել է Ադրբեջանի իշխանությունների անմիջական ցուցումով: Թե ինչու այն հրապարակվեց հիմա՝ դրանց նկարահանումից 3 շաբաթ անց, պարզ չէ: Կարող ենք ենթադրել, որ դրա հիմնական մեսիջը հետեւյալն է. Ադրբեջանը մերժում է Հայաստանի հետ խաղաղության որեւէ օրակարգ,  շարունակելու է պատրաստվել նոր հարձակման՝ փնտրելով հարմար առիթ եւ իրադրություն: Տեսանյութը հրապարակվեց Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից ժամեր առաջ, որտեղ, ըստ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, պետք է սկսվեին խաղաղության պայմանագրի ստեղծման նախապատրաստական աշխատանքները: Տեսանյութի հրապարակումը նվիրված էր Միրզոյան-Բայրամով հանդիպմանը՝ ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու:

Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո տարածված պաշտոնական հաղորդագրությունից պարզ դարձավ, որ հանդիպման ժամանակ ընդամենը «մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ»: Այսինքն՝ խաղաղության պայմանագրի նույնիսկ նախնական տեքստի ստեղծման մասին խոսակցություն չի եղել: Ադրբեջանական կողմը միջազգային ճնշման տակ համաձայնում է նման հանդիպումների, բայց ոչ մի առարկայական քայլ չի կատարում խաղաղության պայմանագրի նախապատրաստման, առավել եւս՝ ստորագրման ուղղությամբ:

Ալիեւը հայ գերիների գնդակահարության տեսանյութը տարածելով՝ շարունակում է պնդել, որ իր համար պատերազմն ավարտված չէ, քանի դեռ չի հասել ցանկալի արդյունքին: Մինչեւ միջազգային միջնորդները, այդ թվում՝ Իրանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ԵՄ անդամ երկրները դատապարտում են Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժումը, իսկ որոշները պնդում են, որ թույլ չեն տալու տարածաշրջանում սահմանների փոփոխություն, Ադրբեջանը համոզված է, որ սահմանների փոփոխությունը հնարավոր կլինի, եթե դրա համար ստեղծվի համատասխան աշխարհաքաղաքական իրավիճակ. երբ աշխարհի խոշոր տերությունները զբաղված լինեն ավելի կարեւոր հարցերով եւ ժամանակ կամ գուցեեւ հնարավորություն չունենան միջամտելու իր կողմից Հայաստանի դեմ սանձազերծված նոր պատերազմին: Ալիեւի նպատակը Սյունիքի միջանցքն է, եթե հնարավոր լինի՝ Սյունիքի, Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի՝ Ադրբեջանին բռնակցման միջոցով: Ո՞վ է սահմանել կամ սահմանափակել միջանցքի լայնքը, մեծությունը:

Ալիեւը տեսնում է, որ Հայաստանի ներկա իշխանությունն անընդունակ է կազմակերպելու երկրի պաշտպանությունը: Իր բանակը կանգնում է միայն այն պատճառով, որ տարբեր երկրներից ճնշում է գործադրվում իր վրա՝ դադարեցնել ռազմական գործողությունները: Ուրեմն պետք է սպասել այն պահին, երբ այդ զանգերն այլեւս չեն լինի, կամ հնարավոր կլինի անտեսել դրանք: Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն Ալիեւին հուշում են, որ առաջիկայում նման իրավիճակ կարող է ստեղծվել: Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ պատերազմի հավանականությունը գնալով ավելի առարկայական է դառնում, իսկ եթե դա իրականություն դառնա, ապա ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արեւմուտքը ժամանակ չեն ունենա զբաղվել Հարավային Կովկասով կամ հարկ չեն համարի ռեսուրս ծախսել Ալիեւին կանգնեցնելու համար: Իրանին զսպելու գործն իր վրա կվերցնի Թուրքիան:
Ալիեւը հիմա ժամանակ է շահում՝ հստակ գիտակցելով, որ ժամանակն աշխատում է իր օգտին: Ավելի ճիշտ՝ նա ժամանակն աշխատեցնում է իր օգտին, ինչպես դա արել է իշխանության գալու պահից` գրեթե 19 տարի անընդմեջ: Ալիեւը շարունակում է ակտիվորեն սպառազինություն գնել, մեծացնում է բանակի թվակազմը, անընդհատ պահեստազորի հավաքներ է կազմակերպում: Էլ ի՞նչ անի, որ համոզվես՝ նրա նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ նոր պատերազմը եւ Հայաստանի ոչնչացումը:

Դրան ի պատասխան՝ ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը․ անընդհատ խոսում է խաղաղությունից ու դա աղերսում է ինչպես միջազգային հանրությունից, այնպես էլ Ալիեւից: Փաշինյանի միակ հույսը մնացել են միջազգային հանրությունը, տարբեր երկրների նախագահներ ու արտգործնախարարներ: Պատահական չէ, որ երբ Ադրբեջանը հերթական հարձակումն է սկսում Հայաստանի նկատմամբ, Փաշինյանը զանգում է Մոսկվա, Վաշինգտոն, Փարիզ, Բրյուսել, թե բա՝ կանգնեցրեք հարձակումը, փրկեք իմ իշխանությունը:

Եթե որեւէ պատերազմող երկրում մեկը խոսի խաղաղության մասին, նրան միանգամից հայրենիքի դավաճան կհռչակեն, քանի որ պատերազմի ժամանակ խաղաղությունից խոսելը նշանակում է թշնամուն հանձնվելու, կապիտուլյացիայի քարոզ: Մի պահ պատկերացրեք, որ Ռուսաստանի դեմ պատերազմող Ուկրաինայի նախագահ Զելենսկին խոսի Ռուսաստանի հետ խաղաղության մասին. ուկրաինացի ժողովուրդը պաշտոնանկ կանի նրան: Նույնը՝ Ռուսաստանում․ խաղաղության քարոզ անողներին համարում են թշնամու կողմնակից ու քրեական գործեր են հարուցում դրա համար: Պատերազմող երկրում խոսում են հաղթանակից՝ ուրիշ տրամաբանություն չկա: Մինչդեռ Հայաստանում թշնամուն հանձնվելու քարոզ անողն իշխանությունն է, որը կարող է Փաշինյանի նկատմամբ դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցել եւ իրավական պատասխանատվության ենթարկել։ Նրա ենթականեր Աննա Վարդապետյանը, Արգիշտի Քյարամյանը կարող են դա անել։ Իսկ եթե հանցագործությունը չի պատժվում, այն ծնում է նոր եւ ավելի խոշոր հանցագործություններ կատարելու հնարավորություն, ինչի ականատեսն ենք մենք գրեթե ամենօրյա ռեժիմով:

Ավետիս Բաբաջանյան