Նա արևածաղիկ ուտելով և ուլունքների պարտքերը հավաքելով է զբաղված եղել. մանրամասներ Հանրապետական ծննդատանը մահացած նորածնի դեպքից

Նա արևածաղիկ ուտելով և ուլունքների պարտքերը հավաքելով է զբաղված եղել. մանրամասներ Հանրապետական ծննդատանը մահացած նորածնի դեպքից

Սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը մահացել է Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հ․ Խ․-ի նորածինը։

Hraparak.am-ի հետ զրույցում ծննդկանի հարազատները պատմեցին. «Հայկուհին 9 ամիս լիարժեք հսկողության տակ է եղել, նորմալ հղիություն է տարել: Երկունքի ցավերով շտապեցինք Հանրապետական հիվանդանոց: Բժշկուհին զննել է ու առաջարկել 2 տարբերակ՝ մնալ հսկողության տակ կամ գնալ տուն, առավոտյան վերադառնանք: Հայկուհին նախընտրեց մնալ: Դրանից հետո նրան բժշկուհու հանձնարարականով հսկողության տակ էր պահելու մանկաբարձը: Տեղյակ ենք, որ դեղորայք են ներարկել, սիստեմա միացրել, լուսադեմին ցավերն արագացել են, խնդրել է զննել»: Հայկուհու ամուսինը՝ Գարիկ Ենգիբարյանը, կատարվածի համար մեղադրում է հենց մանկաբարձուհուն: «9 ամիս լիարժեք առողջ, վերահսկողություն անցած կինը դարձավ մանկաբարձուհու՝ Ա. Մեսրոպյանի զոհը։ Նա իր պարտականությունները կատարելու փոխարեն զբաղված է եղել արևածաղիկ ուտելով և ուլունքներ վաճառելով ու այդ ընթացքում երեխայի սրտի աշխատանքը ոչ մի անգամ չի լսել: Ես տնօրինությունում էլ եմ պահանջել, որ նրան անորակության բնութագրով ազատեն աշխատանքից: Կինս դիմել է նրան իր վատ ինքնազգացողություն ունենալու ժամանակ, իսկ նա արևածաղիկ ուտելով և ուլունքների պարտքերը հավաքելով է զբաղված եղել: Պետք է ազատվի աշխատանքից, որպեսզի այլևս նորածինների գլուխ չուտի։ Նա աշխատանքի չի գալիս։ Բարեկամ-ծանոթ է խառնում աշխատանքի վերադառնալու հարցում, բայց նման բան ես թույլ չեմ տալու: Նրա նմանները արևածաղկի և ուլունքների վաճառքով պետք է զբաղվեն՝ համ կուտեն, համ էլ կծախեն: 4 կգ-անոց տղա երեխաս մահացած ծնվեց»,-  հուզված ասաց նա: 

Մենք փորձեցինք մանրամասներ պարզել նաև բժշկուհուց, ով զննել էր ծննդկանին եւ առաջարկել մնալ հսկողության տակ: Զանգահարեցինք բժշկուհի Ռ. Քեհյանի բջջայինին, բայց նա  մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: