Ավելի լավ է ինձ ասեն՝ ինչու չնկարահանեցիր «Կոմիտասը», քան թե հարցնեն՝ ինչու նկարահանեցիր
Հենրիկ Մալյանի շիրմին մի փոքր բացվածքով խաչքար կա դրված, զարդաքանդակի մի չնչին մասն է երեւում, մնացածը քարի տակ է:
Խորհրդավոր խաչքարի այս կիսաբացվածքը շատ համահունչ է ե՛ւ նրա ապրած կյանքին, ե՛ւ նկարահանած ֆիլմերին: Ասելիքս հստակեցնեմ` մի շարք ֆիլմերի նկարահանումներն այդպես էլ Մալյանը չիրականացրեց, դրանք անկատար մնացին: Թվարկեմ․ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը», Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա», Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհին», Վիլյամ Սարոյանի «Իմ անունը Արամ է», Աղասի Այվազյանի «Սինյոր Մարտիրոսը» եւ, վերջապես՝ «Կոմիտաս»-ն ու «Կարոտը»:
Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, թե դրանք արգելվել են ցենզուրայի կողմից: Գուցեեւ «Կյանքը հին հռովմեական ճանապարհին» վիպակի պարագայում այդպես է: Սակայն դա փոխարինվեց Վահան Թոթովենցի մեկ այլ՝ «Բաց կապույտ ծաղիկներ» գործով, որի արդյունքում մենք ունեցանք «Կտոր մը երկինք» ֆիլմը: Հենրիկ Մալյանի չիրականացրած մտահղացումներից ամեն մեկը ցավալի պատմություն ունի: Դրանց մի մասն արտադրական խնդիրների, իսկ հիմնականը նրա որոշ կոլեգաների պահվածքի, չկամության արդյունք է: Երեսին ժպտալով, մեծարելով՝ մի քայլ հեռու բամբասում էին: Ներստուդիական այդ ի՜նչ բերկրանք էր առաջացել, երբ նա կամովին հրաժարվեց «Կոմիտաս» ֆիլմից: Ամբողջ Հայաստանի կինոհանդիսատեսը պահանջում էր, որ Մալյանը նկարահանումները չդադարեցնի, մի քանի միջակություններ ասում էին․ մեկ է՝ այդ թեմայի տակից դուրս չի գա: Մեր տունը քանդող, մեզանում լայն տարածում գտած համընդհանուր ցավ։
Ու զարմանալին այն էր, որ 1-2 տարի անց գտնվում էին ռեժիսորներ, ովքեր հայտարարում էին այն թեմաները, որոնք Մալյանը վաղուց էր հայտավորել:
Այս ամենի մեջ ամենաողբերգականն այն է, որ թվարկածս բոլոր չկայացած ֆիլմերն էլ Հենրիկ Մալյանը նկարահանել էր իր մտքում, իր խորունկ երեւակայությամբ: Անդադար պատմում ու պատմում էր, թե ինչպես է տեսնում «Ռանչպարների կանչը», «Մուսա լեռան 40 օրը», «Իմ անունն է Արամ», «Նավը լեռան վրա», «Սինյոր Մարտիրոսը» ու «Կոմիտասը», որոնք արդեն իսկ արտադրություն էին իջել: Խարդավանքներ, խարդավանքներ ու նորից խարդավանքներ: Դե իսկ «ամբիցիա» ասվածը մի սցենարիստի տուն չէ, որ «քանդել» է: Հենց որ նրանց սցենարով մեկ կամ երկու հաջողված ֆիլմ էր նկարահանվում` վերջ: Նրանք անպայման ռեժիսոր էին ուզում դառնալ: Արդյունքում հայ կինոն զրկվում էր լավ կինոդրամատուրգից եւ ձեռք էր բերում միջին կարգի ռեժիսոր: Այս ցավը հիմա համատարած է: Ո՛չ սցենարիստն է հասկացվում, ո՛չ ռեժիսորը, ո՛չ կոմպոզիտորը, բոլորը նույն մարդն է, դերասանն էլ՝ հետը:
Եվ վերջապես՝ «Կոմիտաս»-ը, որի առաջին կադրը նույնիսկ նկարահանել էր: Օգոստոսյան մի շոգ օր, պիջակն ու փողկապը թեւին գցած, Տերյան փողոցի հին «Հայֆիլմում» գտնվող «Ֆիլմ» թերթի խմբագրություն է այցելում Հենրիկ Մալյանը եւ բարձր տրամադրությամբ ասում. «Կենտկոմից եմ գալիս, Կարեն Սերոբիչը «Ֆիլմ» թերթում տպագրված «Կոմիտաս»-ի սցենարի հատվածը կարդացել էր եւ ինձ իր մոտ էր հրավիրել: Չես պատկերացնի, 2 ժամ «Կոմիտաս» ֆիլմի մասին եմ պատմել: Սկզբում ինձ ասաց՝ «սցենարի հատվածը կարդացել եմ, դե հիմա պատմի»: Ասացի՝ Կարեն Սերոբիչ, երկու սերիանոց ֆիլմի սցենարը ո՞նց պատմեմ, Դուք այդքան ժամանակ չեք ունենա: Իր աթոռից վեր կացավ, եկավ դիմացս նստեց, ինքը վերնաշապիկով էր։ Ասաց՝ կոստյումդ ու փողկապդ հանի, որպեսզի հավասար պայմաններում լինենք, ու սկսի, ես ժամանակ շատ ունեմ»:
Եվ ինչ՝ Հենրիկ Մալյանը երկսերիանոց ֆիլմն էպիզոդ առ էպիզոդ այդ «ցենզուրայի» տարիներին պատմում է ՀԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին: Ավելին` նույնիսկ պատմում է այն, ինչը որ ինքը Մոսկվայի համար ենթատեքստով էր գրել: «Երբ ավարտեցի,- շարունակում է Մալյանը,- Կարեն Սերոբիչը ոտքի կանգնեց, ձեռքս սեղմեց ու ասաց. «Գնա ու նկարիր, ինչով կարող եմ, կօգնեմ, Գերմանիայում նկարահանվելիք ծախսերի արտարժույթի հարցն էլ կլուծեմ»»:
Մալյանը, որ նման պաշտոնական հանդիպումներից հազվադեպ էր ոգեւորվում, հրճվանքի մեջ էր: Մեկ էլ հանկարծ լրջացավ, փոքր-ինչ մռայլվեց եւ ասաց. «Միջին տարիքի Կոմիտաս չունեմ, փոքր տարիքինը կա, մեծը Սոսն է, միջինը չունեմ, ամբողջ ֆիլմը միջինի վրա է, դու էլ փնտրի, գտնել է պետք, ժամանակը քիչ է»: Ես, որ նոր էի դիտել Ռուբեն Գեւորգյանցի «Միքայել Նալբանդյան»-ը, եւ ինձ շատ էր դուր եկել Նալբանդյանի դերակատար Արթուր Մեսչյանը` հատկապես ֆինալում, միանգամից նրա անունը տվեցի: Մալյանը մի փոքր դադար տվեց եւ ասաց` կհանդիպեմ:
Չգիտեմ՝ հանդիպեց, թե ոչ, սակայն օրեր անց հարցրի. «Հը, ի՞նչ եղավ…»։ Բառացի ասաց․ «Արտաքնապես գուցե լավ է»։ Հետո ձեռքը տարավ սրտին եւ ավելացրեց՝ «ներսը Կոմիտասին չտեսա»:
Այդ օրերին խմբագրությունը հարյուրավոր նամակներ էր ստանում, թե ինչու է Հենրիկ Մալյանը «Կոմիտաս» ֆիլմի նկարահանումները դադարեցրել: Ինչ ասես, չէին խոսում` է՛լ Կենտկոմ, է՛լ Մոսկվա, է՛լ սցենարը վատն է: Նա հաճախ էր գալիս խմբագրատուն, հերթական այցին ցույց տվեցի խմբագրությունում ստացված անհամար նամակներն ու ասացի՝ սրանց պատասխանել է պետք, Հենրիկ Սուրենիչ, ես ի՞նչ անեմ: Հաջորդ օրը եկավ խմբագրություն եւ մի փոքրիկ թուղթ մեկնեց, որի վրա գրված էր. «Ավելի լավ է ինձ ասեն, թե ինչու չնկարահանեցի «Կոմիտասը», քան թե հարցնեն՝ ինչո՞ւ նկարահանեցիր «Կոմիտասը»»:
Հիմա, տարիներ անց, ավելացնելու ոչինչ չունեմ: Մեծ մարդու ու Մեծ բեմադրիչի ազնվագույն պահվածք ու պատասխան: Նրա ամեն մի չնկարահանած ֆիլմը մի յուրօրինակ պատասխան ունի, որին միայն ինքը` Մալյանը, կարող է պատասխանել։
Ծնունդդ շնորհավոր…
Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ
Կարծիքներ