Մարդկությունը միավորվել է մի ընդհանուր խնդրի շուրջ` անկախ կրոնական, ռասայական, ազգային պատկանելությունից

Մարդկությունը միավորվել է մի ընդհանուր խնդրի շուրջ` անկախ կրոնական, ռասայական, ազգային պատկանելությունից

«Այսօր ամբողջ աշխարհն է վախի ու տագնապի մեջ, եւ այդ անհանգստությունն ավելի սրվեց, երբ օրեր առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ համաճարակային վիճակ է տիրում»,- ասում է Երեւանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանություն ամբիոնի վարիչ եւ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանն ու նկատում, որ այս օրերին շատ են զանգահարում կենտրոն, ինքն էլ հենց երեկ շատ պացիենտներ է ընդունել, որոնց մեծ մասի խնդիրները կապված են ներկա իրավիճակի հետ, քանի որ տագնապային մարդկանց մոտ, կորոնավիրուսով պայմանավորված, էլ ավելի է սրվել տագնապային վիճակը:  

Այդուհանդերձ, անկախ ստեղծված իրավիճակից, յուրաքանչյուր մարդու մեջ կան տարատեսակ վախեր ու տագնապներ, եւ դրանք, ըստ հոգեբանի, տարբեր տարիքում ստանում են տարբեր ձեւակերպումներ: «Եթե մի բառով ասենք, թե ինչն է թաքնված բոլոր վախերի ու տագնապների հետեւում` դա մահվան վախն է. կորոնավիրուսն ունի նաեւ ճակատագրական հետեւանքներ, ինչպես տարբեր երկրների վիճակագրական տվյալներն են ցույց տալիս, քանի որ 2-4 տոկոսի մոտ ավարտվում են մահվան ելքով: Այսինքն՝ մահ առաջացնող ցանկացած խնդիր կարող է սրել մեր զգացողությունները, եւ դա կարող է վերածվել այնպիսի հոգեվիճակի, որը պահանջում է միջամտություն: Եթե ուշադրություն դարձնենք, այսօր մարդկանց մի խումբ ավելի հաճախ փորձում է պաշտպանվել խանութներից առեւտուր անելով․ դա էլ է ապահովության զգացում փոխանցում մարդկանց: Կա ռեակցիա եւ ակցիա, ես կուզենայի բոլոր ընթերցողներին հորդորել հետեւյալը` փորձեք այդ ռեակցիաներից ձեր հոգեվիճակները վերածել ակցիայի: Ի՞նչ է նշանակում ակցիա․ օրինակ այն, որ պետք է հետեւել բոլոր պահանջներին ու սահմանված կանոններին, որ պատվիրում է ԱՀԿ-ն կամ ՀՀ առողջապահության նախարարությունը: 2-րդ․ խուճապի չենթարկվել բոլոր այն դեպքերում, երբ խնդիրն ուղղակիորեն չի առնչվում այս վարակի հետ, օրինակ՝ դրա համար կա հայտնի թեստ, որ կարող եք շունչը պահել, հաշվել մինչեւ տասը, եթե դրանից հետո չեն առաջանում շնչառական խնդիր, հազ, կարող եք ավելի հանգիստ լինել: 3-րդ․ ՀՀ-ում ստեղծված են համապատասխան ծառայություններ՝ թեստավորման համար, բացի այդ, բոլոր առողջապահական հիմնարկներն ունեն հստակ հորդորներ, թե ինչպես պետք է վարվել, եթե լինեն կասկածներ: Իսկ եթե ձեր մեջ կասկածն այնքան է, որ չեք կողմնորոշվում, խորհուրդ կտայի դիմել բժշկի»: 

Ըստ Գասպարյանի՝ վախերի, տագնապների դեպքում, որպես հոգեբանական կարեւորագույն ելակետ, կարեւորն այն է, թե կարո՞ղ ենք արդյոք մեր ազգաբնակչությանը սովորեցնել` ինչ անել եւ ինչպես վարվել, եթե ունեն վախեր. «Եթե մենք գիտենք ինչ անել, այդ դեպքում վախը կորցնում է իր ճնշող ուժը եւ հեշտ հաղթահարելի է թվում: Այստեղ կարեւոր է, որ մարդիկ վերահսկման զգացողությունը վերագտնեն այս վարակի նկատմամբ: Լավ նորությունն այն է, որ այն մարդիկ, ովքեր չունեն քրոնիկական պրոբլեմներ, որպես կանոն, հեշտությամբ հաղթահարում են այս վիրուսը: Ուստի պետք է իմունային համակարգը բարձրացնելուն նպաստող քայլեր անել, որոշակի ֆիզիկական վարժություններ կատարել, քայլել, սնվել առողջ եւ բազմաթիվ բաներ, որոնցով ողջ ինտերնետն այժմ հեղեղված է»:

Ինչ վերաբերում է անորոշության գործոնին, քանի որ պարզ չէ, թե այս իրավիճակն ինչքան է տեւելու, այն էլ՝ արտակարգ դրության այս պայմաններում, հոգեբանն ասաց. «Անշուշտ, դա գործոններից մեկն է, եւ ոչ ոք չգիտի տեւողությունը: Ամենավատն այն է, որ առողջապահությունը դեռեւս բուժման մասին հստակ պատկերացումներ չունի, որ, ենթադրենք, այսպիսին կլինի բուժումը։ Սրանք են պրոտոկոլային քայլերը, որոնք դեռեւս չկան: Սա նույնպես հարցը մի տեսակ սրված է պահում, բայց ինքս վստահ եմ եւ ուզում եմ վստահեցնել, որ սրանք գիտության եւ առողջապահական համակարգի հարցեր են, եւ լավ կլինի, որ այս ընթացքում մարդիկ զբաղվեն այն ամենով, ինչի մասին երազել են. դիտեք ֆիլմեր, որոնք հետաձգել եք տարբեր պատճառներից ելնելով, վիրտուալ շփումներ կազմակերպեք այն մարդկանց հետ, ովքեր ձեզ համար կարեւոր են, ինքներդ ձեր հանդեպ ավելի հոգատար եղեք, որովհետեւ այսօր ամբողջ մոլորակն է գտնվում այս խնդրի առաջ»: 

Գասպարյանի կարծիքով, մեր ժողովուրդը, տեսնելով տարբեր փորձություններ` երկրաշարժ, պատերազմ, նման իրավիճակներում ավելի ճկուն է. «Այն պատկերը, որ այսօր կա Եվրոպայում, ԱՄՆ-ում, անհամեմատ ավելի ուժեղ է, քան մեզ մոտ, որտեղ այդպիսի համատարած խուճապ չկա, բայց կա, իհարկե, անհանգստություն, իսկ անհանգստությունը պաշտպանական նշանակություն կարող է ունենալ մեզնից յուրաքանչյուրի համար: Եթե մենք չանհանգստանանք, ոչ մի քայլ չենք ձեռնարկի: Սա եւս մի կարեւոր մեսիջ է մարդկությանը, որ միավորել է բոլորին մի ընդհանուր խնդրի շուրջ` անկախ կրոնական, ռասայական, ազգային պատկանելությունից: Այս խնդրի դեպքում երկրորդ պլան են մղվում քաղաքական օրակարգերը, հայ-ադրբեջանական հակամարտությունը, քաղաքական այլ խմորումները, որոնք 1-2 ամիս առաջ այնքան ակտուալ էին, որ հուզական ռեակցիաներ էին կորզում մարդկանցից»: 

Թե սոցիալական մեկուսացումն ու ինքնամեկուսացումը հոգեբանական առումով ինչ դրսեւորումներ կարող է ունենալ, հնարավո՞ր է դեպրեսիա առաջացնի մարդկանց մոտ, Գասպարյանն ասաց. «Մեկուսացումը պաշտպանական նշանակություն ունի: Հետո, գիտեք, բազմաթիվ լրատվական աղբյուրներ կարող են մարդկանց մոտ սրել տագնապի եւ խնդիրների զգացողությունը, եւ եթե, օրինակ, դուք վերնագրեք այս նյութը, որ խուճապը համատարած բնույթ է կրում, սա արդեն վտանգավոր կլինի, որովհետեւ մարդու մոտ, միայն վերնագիրը կարդալով, մեկ անգամ եւս ավելանում են բացասական հույզերը»: 

Այն դիտարկմանը, որ կորոնավիրուսի վիճակագրությունն ինքնին արդեն ընկճախտ է առաջացնում, Գասպարյանը նկատեց. «Բայց այդ վիճակագրության մեջ կա նաեւ դրական մաս, որ, օրինակ, Չինաստանում արդեն այդ պանդեմիկ վիճակը կանգնել է եւ չի ավելանում, ուրեմն կարողացել են վերահսկել վիրուսի առաջընթացը։ Սա արդեն դրական ինֆորմացիա է: Տագնապը, խուճապը նրա համար են, որ մենք ավելի լավ պաշտպանվենք, որպեսզի մարդիկ դրա մեջ դրական բան տեսնեն: Խուճապի, վախի, տագնապի մեջ միշտ չէ, որ պետք է փնտրել բացասական ելքեր, դա նրա համար է, որ մենք լավ պաշտպանվենք, ինչպես քննությունից առաջ տագնապում ենք, որպեսզի քննությունը հաջող հանձնենք»: