Բազում սուտ մարգարեներ են հայտնվել

Բազում սուտ մարգարեներ են հայտնվել

Երկու շաբաթ հետո պիտի Արցախի նախագահ եւ խորհրդարան ընտրենք: Ոմանք կարծում են, որ մեր կյանքում դարաշրջան է փակվում, բացվում է նորը: Դրանում ինչ-որ ֆատալիստական կամ գերռոմանտիկ սպասումների երանգ կա, ինչը որ մարդկության հավերժական ուղեկիցն է՝ աղետի կամ ավելի լավ կյանքի սպասումը: Մենք, ցավոք, ամբողջական-քաղաքական ազգ չենք: Եվ իրականության մեր ընկալումը հիմնականում զգացմունքային է:

Կա՛մ հավատում ենք, կա՛մ՝ ոչ, եւ մեր հավաքական կյանքը, ի տարբերություն անձնականի, որտեղ չափազանց պրագմատիկ, նույնիսկ արգահատելիորեն մերկանտիլ ենք, այդպես էլ որեւէ համակարգված կանխատեսման, քաղաքագիտորեն հիմնավորված հաշվարկի չի տրվում: Եթե այդպես չլիներ, մեր մի հատվածը շարունակաբար չէր հավատա, որ երկրի գլխին Սփյուռքից մշտապես մանանա է կաթում, որ վայելում են վերեւում նստածները, իսկ ներքեւում օրվա հացի կարոտ են: Եվ մեր մտավորականը, որ բանաստեղծի անուրանալի տաղանդ ունի, սոցիալապես չէր շեղվի, Ֆեյսբուքում չէր գրի, որ անցած տարիներին երկրում ինչ արվել, «Հայաստան» հիմնադրամի կամ առանձին բարերարների փողերով է, կառավարությունը ոչ մի լումա չունի: Գործ ունենք վիպանքի՞, թե՞ օտարամուտ աղանդի հետ՝ սոցիոլոգների եւ հոգեբանների պարզելիքն է, բայց եթե իրականության այդօրինակ խեղաթյուրում կա, ուրեմն մեղքի բաժին բոլորս ունենք: Որ ժամանակին գերչափազանցրել ենք բարեգործությունը:

Որ Սփյուռքի մասին սյուրռեալիստական քարոզչություն ենք ներարկել: Որ մեր կողքի մարդու տքնաջան աշխատանքի մոտից անցել ենք անտարբերությամբ եւ թերթի էջ ու հեռուստաէկրան բերել նրանց, ովքեր օտարության իրենց հեռվից մի քանի «կոպեկ» նվիրատվություն են արել՝ վասն զոհվածների հիշատակի հավերժացման կամ գյուղական եկեղեցու բարենորոգման: Երեկ youtube-ում դիտում էի նախագահի թեկնածուներից մեկի այցը գյուղական համայնք: Նա ծաղիկներ էր խոնարհում զոհվածների հուշարձանին, կադրում ցցուն պատկեր էր՝ կիսավեր տուն: Գուցե՝ հենց զոհվածներից մեկի: Եվ ակամայից մտածեցի՝ այդ հուշարձա՞նն էր պետք առաջին հերթին կանգնեցնել, թե՞ կիսափուլ տունը նորոգել: Զոհվածների հիշատակն ավելի պանծացրած չե՞նք լինի, եթե ունենանք բարեկարգ գյուղեր: Կամ՝ ո՞ւմ է պետք բարենորոգված եկեղեցին, որտեղ ժամհար-լուսրար-քահանա չկա: Աղոթող չկա: Հանգչող գյուղ է, որի զավակներից մեկն օտարությունից եկել, հին պատերի վրա նոր կտուր է կապել, զանգակատունը կարգի բերել, խորանները մաքրել, նախշանկար մի դուռ դրել, վառել իր մոմը եւ վերադարձել՝ որտեղ իր իրական կյանքն է: Այս մեկը քնարական զեղում է: Ինչպես որ օտարությունից տարին մի անգամ ծնողների շիրմին տեսության գա եւ հոգեհացի սեղան դնի: Եվ ոչ մեկի մտքով չի անցնում, որ մի տարի էլ կգա՝ մի կտոր հաց կիսելու մարդ այլեւս չի գտնի: Ծերերը հանգչում են, երիտասարդները՝ հեռանում: Եվ որովհետեւ ընթացքի գիտակցումն առհասարակ ռոմանտիկական է, հետեւանքը սուտ մարգարեների հայտնությունն է նախընտրական այս շրջանում:

Հրանտ Մաթեւոսյան մեծությունն ինքն իրեն հարցնում էր. «Դու այս երկրին մի լավաշ հացի օգուտ տված կա՞ս»: Այս բարոյականությամբ պիտի մոտենալ մարդկանց: Ոչ թե աղայական-քաղաքաբնակի հայացքով, որ «կարմիր գիրք» է կազմում՝ կորսվող գյուղերի, եւ «պիլոտային ծրագիր» խոստանում: Ինչ «պիլոտային ծրագիր»՝ հայտնի չէ: Երկիրն աճում է ներսից, եւ այդ հունդը պիտի փայփայվի՝ աշխատանքը: Որտեղ բարեգործությունը հասել է, հիմա միայն ավեր ու հիասթափություն է: Որտեղ մարդիկ գոնե տնամերձ հող մշակում են, երկու անասուն ու մի քանի թեւ հավուճիվ ունեն՝ կյանք կա, հեռանկար կա: Երկրի ջիղը գուրգուրանքի է արժանի: Երկրի ջիղը ներքին զգացողությամբ է զանազանում հարդն ու ցորենը: Սուտ մարգարեները հարդ են շաղ տալիս, թեփ: Ճշմարտությունը ծանր է ձույլ ցորնաշեղջի նման՝ հրաշք չի լինում: Աշխարհում ամեն ինչ ստեղծվում է քրտինքով, ամենօրյա տքնաջան աշխատանքով:

Պետության առաքելությունն է՝ ապահովել խաղաղություն եւ մարդուն տալ արժանապատիվ աշխատանքի հնարավորություն: Մնացածն ինքը՝ մարդը, կստեղծի: Դժվար ժամանակը մշտական է: Պիտի կարողանաս ժամանակիդ եւ ճակատագրիդ հետ տիրոջ պես հաշտ լինել: Դարձյալ Մաթեւոսյանին եմ հիշելու: Ասում է՝ տան տղամարդն ապստամբ լինելու իրավունք չունի: Ինքդ քեզնից ի՞նչ ապստամբես: Գնաս ումի՞ց քո զավակների համար ապրուստ պահանջես: Քո երկրի հոգսն ումո՞վ ես ուզում հոգալ, մարդ Աստծո: Սուտ մարգարեներ են հրապարակ իջել: Ամենաահավորը նրանք են: