Աշխարհը շարունակում է պայքարել ուհանյան աղետի դեմ
Աշխարհը շարունակում է պայքարել ընդդեմ չինական կորոնավիրուսի, որն այլեւս չինական չէ, այլ՝ համամոլորակային։ Ուշագրավ է, որ դեռ կորոնավիրուսի տարածման սկզբում Չինաստանին օգնություն տրամադրած Իտալիան այժմ ինքն է ընդունում Չինաստանի օգնությունը։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարեց, որ չինացի մասնագետների խումբը եւ մեկ ամբողջ օդանավ բուժսարքավորումներ եւ կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված այլ պարագաներ օդանավով մեկնել են Իտալիա՝ իրենց փորձով կիսվելու Իտալիայի մասնագետների հետ եւ օգնելու՝ պայքարել վիրուսի դեմ։ Եվրոպական երկրները փորձում են պայքարել վիրուսի դեմ՝ տեղաշարժը սահմանափակող տարբեր միջոցառումներ կիրառելով։ Կարանտինի մեջ են ոչ միայն Իտալիան, այլ նաեւ Իսպանիան, Չեխիան։ Տնից դուրս գալը միայն խիստ անհրաժեշտության դեպքում է թույլատրվում՝ աշխատանքի գնալու, մթերք գնելու կամ, ասենք, հիվանդ հարազատին տեսակցելու։ Իրադրությունը պակաս լարված չէ նաեւ Ֆրանսիայում։ Նորաձեւության մայրաքաղաքը, կարելի է ասել, կիսադատարկ է։ Իհարկե, այստեղ դեռ այն խստությամբ չեն կիրառվում սահմանափակումները, ինչ, ասենք, Իտալիայում, սակայն ֆրանսիացիները սպասում են, որ կարող է եւ սահմանափակումները խստացվեն, ու նախագահ Էմանուել Մակրոնը նոր ուղերձով դիմի ժողովրդին։
«Մառախլապատ Ալբիոնում» էլ հատուկ որոշմամբ կարգելեն 70-ն անց քաղաքացիներին դուրս գալ տնից։ Բրիտանական իշխանությունները հայտարարում են, որ նախատեսում են ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք հատուկ են պատերազմական դրության պայմաններին։ Գերմանիան ուժեղացրել է հսկողությունը սահմանային անցակետերում։ Նույնիսկ կաթոլիկ եկեղեցու կենտրոն Վատիկանում աննախադեպ նախազգուշական միջոցառումներ են իրականացվում։ Պատմության մեջ առաջին անգամ Հռոմի սրբազան քահանայապետը հավատացյալների հետ շփվեց տեսակապի ձեւաչափով։ Նույնիսկ Ավագ շաբաթվա եւ Քրիստոսի հարության արարողությունները հետաձգվում են, պատարագներն ու ժամերգություններն անցկացվում են առանց հավատացյալների։ Սրբազան պապը մենակ քայլեց Հռոմի դատարկ փողոցներով՝ փորձելով այդկերպ զորակցել իտալացիներին։ Նա նաեւ չափազանց հուզիչ եւ սրտառուչ ուղերձով դիմեց իտալացիներին եւ ինչու ոչ՝ նաեւ աշխարհի մարդկանց, հիշեցնելով կյանքի ամենապարզ ճշմարտությունները եւ ամենափոքրիկ իրողություններն ուրախության վերածելու, հույսի անկոտրումության եւ կյանքի, առհասարակ՝ երկնատուր պարգեւ լինելու մասին։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 170 հազարի սահմանը, որից ավելի քան յոթանասուն հազարը բուժվել է, վեցուկես հազարը, այսինքն՝ 2 տոկոսի չափ մարդ, մահացել: Չինաստանն ավելի քան 80 հազար վարակակրի թվով շարունակում է մնալ առաջատարը, սակայն վիրուսն այնտեղ նահանջում է։
Կազմակերպվածություն, կարգապահություն, անմնացորդ անձնազոհություն, աշխատասիրություն։ Ահա այսպես կարելի է բնութագրել կորոնավիրուսի դեմ պայքարի չինական փորձը։ Աշխարհը մեկ անգամ եւս հիացավ չինացիների անկոտրում պայքարի եւ տոկունության վրա։ Համացանցում, ի նշան երախտագիտության, տարածվում են բժշկական դիմակներից այտուցված դեմքերով չինացի բժիշկների լուսանկարները, ովքեր արդեն հերոսներ են։ Ուհանում փակվեց վերջին ժամանակավոր հոսպիտալը։ Գործարանները սկսում են կամաց-կամաց գործել, կյանքը վերստին փորձում է վերադառնալ առօրեական հուն։ Մեր տարածաշրջանում առաջատարն Իրանն է՝ մոտ տասնհինգ հազար վարակակրով եւ ավելի քան հազար մահացության դեպքերով։ Երեկ արդեն Վրաստանը, Ռուսաստանը փակեցին իրենց սահմանները։ Վրաստանում նույնիսկ սկսել են տնտեսական ազդեցությունները մեղմելու քայլեր ձեռնարկել՝ Թբիլիսիի սրճարանատերերին եւ փոքր հյուրատների տերերին, առհասարակ, փոքր ու միջին բիզնեսին աջակցելով կա՛մ վարկային արձակուրդների, կա՛մ հողի հարկի զիջման, կա՛մ այլ միջոցառումների տեսքով։ Աշխարհը դեռ կհաշվարկի կորոնավիրուսի պատճառած տնտեսական վնասները, սակայն Ռուսաստանում, օրինակ, սկսել են բիզնեսին աջակցող ծրագրեր կյանքի կոչել։
Իրադրությունը, իհարկե, առավել քան լուրջ է, սակայն եւ պարզ է, որ ինչպես պատմության մյուս համաճարակներից, կորոնավիրուսի համավարակից նույնպես մարդկությունը դուրս կգա հաղթանակած ու ուժեղացած։ Ի դեպ, Չինաստանում ակտիվորեն խոսում են այն մասին, որ կորոնավիրուսը Չինաստան բերել են ամերիկացի զինվորականները, իսկ համացանցի օգտատերերը փորձում են ուհանյան կորոնավիրուսի եւ Դին Կունցի «Խավարի աչքերը» գործում նկարագրված «Ուհան 400» վիրուսի միջեւ կապ տեսնել։ Իսկ ոմանք հայտարարում են, որ այս խուճապն արհեստածին է եւ իր ներսում մի շարք պատճառներ ունի, մասնավորապես՝ բիզնես նկատառումներ։ Եվ կորոնավիրուսից մահացությունների քանակն ավելին չէ, քան այլ հիվանդություններից, ուստի սրա հիմքում նաեւ համացանցի՝ սոցցանցերի բարձրացրած աղմուկն է ընկած։
Կարծիքներ