Ի՞նչ տվեց Փաշինյան-Ալիև ռեալիթի շուոն

Ի՞նչ տվեց Փաշինյան-Ալիև ռեալիթի շուոն

Սա, ի դեպ, այն է, ինչի մասին «Հրապարակը» հեռուստատեսային բանավեճից առաջ արդեն գրել էր հետևյալը․ «Իրականում սա աննախադեպ ձևաչափ է՝ համաձայն դիվանագիտական տերմինաբանության, և չի տեղավորվում ոչ հանդիպման, ոչ, առավել ևս՝ բանակցության ձևաչափում, առանց ԵԱՀԿ ՄԽ-ի ու առավել ևս՝ մյուսների ներկայության»։  

Գրել էինք նաև, որ Մյունխենն ավելի շատ նմանվելու է շոուի, որի ժամանակ, ինչպես պահանջում են, ժանրի կանոնները կողմերից յուրաքանչյուրին պետք է «բալետ անեն» իր երկրում։ 

Քաղաքագետ Արմեն Բադալյանն էլ հակառակ կարծիքին է՝ հայկական կողմը «ռեալիթի շոուին» չպետք է մասնակցեր։ «Ղարաբաղյան կոնֆլիկտն այն կոնֆլիկտը չէ, որը կարող էր լուծվել  ռեալիթի շոուի շրջանակներում, և դրան այն առհասարակ որևէ նպաստ չէր կարող բերել։ Դա չի կարելի սարքել շոու․ խնդիրը կամ լուծում են, կամ երկարաձգում, ոչ թե խոսում հաղորդման ձևաչափում։ Առհասարակ, 2 ղեկավարների մոտեցումները ներկայացնելու իմաստը ո՞րն է... հասարակությա՞նը․ հայ հասարակությունը գիտի․․․ ադրբեջանականի՞ն, նրանք էլ իրենց մոտեցումներն ունեն, և ոչ Փաշինյանի ասածը նրանց վրա ազդեցություն կունենա, ոչ էլ Ալիևի ասածը՝ մեր հասարակության վրա»,-արձանագրում  է քաղաքագետը։ Նա, իհարկե, չի համարում, որ  մասնակցությունը Հայաստանի համար ողբերգություն էր, ու որ դրանից շատ մեծ վնասներով դուրս եկանք։ Թեև ինքն էլ համարում է, որ ադրբեջանական կողմն այդ հեռուստաշոուից հոգեբանական հաղթանակով դուրս եկավ։

Թուրքագետ, պատմաբան Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը պատմական արդարությունը ադրբեջանական կողմին ներկայացնելով՝ չկարողացավ օգտվել հայկական հարուստ զինանոցից։ Ասաց․ «Նախ պետք է ֆիքսենք, որ ադրբեջանական փաստարկները որևէ կապ չունեին պատմական իրականության հետ, փաստերի, երբեմն անգամ՝ տրամաբանության։ Իսկ ինչ վերաբերում է մեր փաստարկներին, ապա կարծում եմ՝ մինչև Տիգրան Մեծին հասնելն էլ մեր պատմությունը հարուստ է բազմաթիվ հիմնավոր փաստարկներով, որոնք կարելի էր ներկայացնել միջազգային ասպարեզում և՛ մոտ անցյալի, և՛ որ հեռավոր անցյալի հետ կապված, Արցախում հայկական քաղաքական, մշակութային և այլ ներկայության հետ կապված։ Եվ բավական էր նշել, որ Ալիևի նշած այդ իրավական փաստաթղթերում «Արդրբեջան», «ադրբեջանցի, «ադրբեջաներեն»՝ նման տերմիններ գոյություն չեն ունեցել, և դրա փոխարեն, ինչպես հայտնի է՝ Արցախում եղել են մելիքություններ, որոնք քաղաքական գործոն են եղել․․․ հայկական մշակութային ներկայության մասով բավական էր հիշել Դադիվանքն ու Գանձասարը։ Եվ Տիգրան Մեծին անցնելուց առաջ, կրկնում եմ, կարելի էր շատ ավելի մոտ ու հիմնավոր փաստերի վրա ուշադրոթյուն հրավիրել․ հենց թեկուզ Ապրիլյան պատերազմը, մարդասպան ու գլուխ կտրող զինվորներին Ալիևի պարգևատրումները որպես «մարդասիրության» հետ կապ չունեցող քայլ»։

Հիշեցնենք, որ Ալիևը չզլացավ հայտարարել, թե Երևանը եղել է ադրբեջանական քաղաք, և շատերի դիտողությունը Փաշինյանին այն էր, թե ինչու չասաց, որ Coca-cola-ն ավելին հին է, քան Ադրբեջանը` որպես պետություն։ Մելքոնյանն էլ համամիտ է՝ ասելով, որ այդ պետության ու ազգի անունն ինքնին խնդրահարույց է՝ վերցված է այլ ազգության անունից ու այլ իրողություններից։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ մեր մասնակցությունը համարում է ոչ ճիշտ, ոչ սխալ, ուղղակի կոնֆերանսի կազմակերպիչներն առաջարկ էին արել, կողմերն ընդունել էին։

Անդրադառնալով հնչած կարծիքներին, թե Նիկոլ Փաշինյանը սա՛ չասաց, այն չասաց, Մեհրաբյանը նշեց․ «Միլիոն բան չհիշատակվեց, նախ, որովհետև երկուսին հատկացված 45 րոպեի ընթացքում ինչ հնարավոր էր հիշատակել, հիշատակվեց, ինչն էլ հնարավոր չէր հիշատակել, չհիշատակվեց, և նորից եմ ասում՝ միլիոն բան կարելի էր հիշատակել։ Բայց դա ոչինչ չի նշանակում, որովհետև հիշատակվեց ամենակարևորը, որն էլ այնուհետև ամփոփվեց 6 կետերի մեջ, թե որոնք են հայկական կողմի «կարմիր գծերը»»։

Մեհրաբյանն ամփոփելով ասում է, որ մեկնաբանությունները,թե Փաշինյանն անլրջացնում է բանակցային ֆորմատը՝ մասնակելով շոուների, սխալ են։ Իսկ այն, որ մասնակցում է, ըստ նրա, ի ցույց է դնում, որ կողմ են Արցախի հարցում առավել թափանցիկ ֆորմատների։ Նա նաև հավելում է․«Եթե ոմանք լրջությունը համարում են այն, որ կախգլուխ գնան ու հետո մեկ էլ արանքից դուրս գա, որ Կիսիլյովի մոտ գնում, 5 շրջան են խոստանում, այլ հարց է» ։