Սրբազանի առաքելությունը

Սրբազանի առաքելությունը

Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը, ի վերջո, ուղղված է Հայաստանի հասարակության պառակտվածությունը վերացնելուն, որովհետեւ դրա շնորհիվ է թշնամուն հաջողվում ծնկի բերել մեզ: Իզուր չէր 100 տարի առաջ Չարենցը համախմբվելու կոչ անում մեր հասարակությանը: Իսկ պառակտվածությունն էլ օբյեկտիվ գործընթաց էր՝ հաշվի առնելով կապիտալի նախնական կուտակման ժամանակաշրջանի օրինաչափությունը: Դա չընկալվեց նախկինների կողմից, դա գիտակցվեց, սակայն ի չարս օգտագործվեց երբեմնի «դուխով» եւ «ժողովրդի փրկիչ» Նիկոլի կողմից: Արդյունքում պառակտվածությունը, նախ, հասավ աննախադեպ չափերի: Իսկ «թիվ մեկ պատասխանատու, սակայն ոչ մեղավոր» անձի գլխավոր հրամանատարությամբ պատերազմի խայտառակ պարտության հետեւանքով հայրենիքի ճակատագրի հանդեպ անտարբերությունը դարձավ հասարակության մեծամասնության «հավատո հանգանակը»:

Այսօր հասարակությունը շարունակում է բաժանված մնալ երեք մասի: Առաջին մասը գործող իշխանությունն է՝ իր նեղ շրջապատով: Դրանք նիկոլականներն են, ովքեր շրջապատված են հասարակության կիսագրագետ հատվածով: Պայմանականորեն ասված՝ դրանք Նիկոլի անունով երդվողներն են՝ նիկոլապաշտները: Հակառակ բեւեռում հասարակության գրագետ ու հայրենիքի զգացողությամբ օժտված հատվածն է: Իսկ դրանց արանքում իր «փափուկ» տեղն է զբաղեցրել վերը նշված մեծամասնությունը:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նպատակն էլ հենց մեծամասնության վերափոխումն է: Դրանք այն մարդիկ են, ովքեր նույնիսկ խայտառակ պարտությունից հետո դեմ էին (ավելի ճիշտ՝ իբրեւ թե դեմ էին) նախկիններին: Նաեւ նրանք էին, ովքեր անընդհատ շրջանառում էին «եթե ոչ Նիկոլը, ապա ո՞վ» հարցադրումը: Կարծես թե Նիկոլը որպես պարգեւ էր ուղարկված վերից, ու այլեւս հնարավոր չէր գտնել ավելի լավին: Իսկ այդ շրջանակի մի մասի կարծիքով էլ՝ Նիկոլից հետո երկրորդ Նիկոլը մեզ վերջնականապես կգլորեր անդունդը: Կարծես թե այդ գործառույթը Նիկոլը չէր անում, ու պետք էր մի երկրորդ Նիկոլ, որպեսզի դա տեղի ունենար: Ավելի անհեթեթ բան ինքն իրեն խելացի համարող հանրույթը հաստատ չէր կարող մոգոնել: Վերը նշված մեծամասնության մի վերջին հատվածն էլ միշտ թքած է ունեցել պետականության հանգամանքի վրա: Դա իրեն լավ է զգացել նախկինների օրոք, լավ է զգում Նիկոլի օրոք եւ լավ կզգա ադրբեջանցիների օրոք, որոնք կփոխարինեն Նիկոլին, կամ էլ թուրքերի օրոք՝ դա արդեն էական չէ: 

Այս սեղմ վերլուծությունն անգամ ցույց է տալիս, թե որքան բարդ խնդիր ունի լուծելու սրբազան շարժումը եւ հատկապես նրա առաջնորդը՝ Բագրատ սրբազանը, ով կռիվ է տալիս երկու ուղղությամբ՝ ընդդեմ նիկոլականների ու անտարբերների: Առաջիններն օգտվում են պետական ողջ համակարգի հնարավորություններից եւ այդ թվում՝ կազմակերպչական, ֆինանսական (պետական ու տեղական բյուջեներ), ուժային, իրավական եւ տեղեկատվական բաղադրիչներից: Երկրորդները պատսպարվել են բետոնե պատերով անձուկ սենյակում՝ վայելելով իրենց վիրտուալ անդորրը: Եվ այդ ամենի վերեւում կանգնած է մեկը, որ երբեք ինքնակամ չի հրաժարվի իշխանությունից: Եվ թշնամական այդ ամրոցի դեմ է պայքարում սրբազանը՝ զինված զուտ քրիստոնեական սիրով: Դե, պատկերացրեք, թե որքան բարդ է նրա առաքելությունը կյանքի կոչելը: Այն առաքելությունը, որ իր ուսերին է վերցրել ինքնակամ:  
Վերջաբանի փոխարեն. «Հրապարակ»-ի ընթերցողներին ներկայացված մտորումների գեներացման պատճառ հանդիսացավ կոնտեքստից կտրված՝ սրբազանի ելույթից մի հատվածի շրջանառումը նիկոլականների ֆեյսբուքյան էջերում: Տեսահոլովակում խոսվում է վրեժի մասին, սակայն չի հասկացվում, թե ինչ վրեժի մասին է խոսքը, քանի որ այն կտրտված է: Դրանում սրբազանի խոսքն ուղղված էր այսօր ադրբեջանցու տեսք ստացած մեր դարավոր թշնամու դեմ, ի տարբերություն Նիկոլի, ով 2020-ի նոյեմբերին բունկերում թաքնված՝ վրեժի էր կոչում ընդդեմ սեփական ժողովրդի: Ահա այդպես են կիսագրագետ զանգվածներին խաբում նիկոլականները: Եվ այդ կեղտոտ միջոցների դեմ է ուղղված սրբազանի առաքելությունը: