Էլ ովքե՞ր են հիասթափվել սրբազանից ու նրա սկսած շարժումից
Թեեւ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ աջակցում է Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, սակայն նրա որոշ թիմակիցներ կարծես թե այդքան էլ ուրախ չեն դրա համար կամ ունեն ներքին ցուցում` սրբազան շարժումը «տակից» վարկաբեկելու: Բավականին ակտիվ է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Թե ինչ կուսակցություն է դա, ինչ ռեֆորմներ է կյանքի կոչել իր գոյության ընթացքում, հայտնի չէ: Սակայն ուզում եմ արձանագրել, որ այդ մարդ-կուսակցությունը ՀՀԿ-ի «դուստր ձեռնարկությունն» է, որը ստեղծվել է մայր կուսակցության առաջնորդին գովաբանելու, փառաբանելու, աստվածացնելու համար: Այդ «առաքելության» շնորհիվ ռեֆորմիստ Բաբայանը ժամանակին դարձել էր ԱԺ պատգամավոր:
Հիմա նա լծված է սրբազան շարժումը մարած ու ձախողված համարելու «սրբազան» գործին, Բագրատ սրբազանի քայլերը ծաղրելուն, քննադատելուն: Այնպես չէ, որ Բաբայանը վերջին օրերին է հիասթափվել շարժումից` ոստիկանական մահակ ուտելուց կամ գիշեր-ցերեկ շարժմանը մասնակցելուց ու հոգնելուց, հիասթափվելուց հետո: Նա դեռեւս այն ժամանակ էր ծաղրում նոր ձեւավորվող շարժումը, երբ սրբազանը Կիրանցում ու Ոսկեպարում դիմադրություն էր ցուցաբերում սահմանազատողներին ու ոստիկաններին: Մայիսի 10-ին Բաբայանը շտապեց իրար ետեւից մի քանի գրառում կատարել. «Բոլորի հույսը հենց մայիսի 9-ին որեւէ փոփոխություն տեսնելն էր: Թեկուզ փոքր, բայց որեւէ լուրջ ծրագիր կամ քայլ: Դժվար չէր գուշակել, որ ֆալշ ստարտի դեպքում ասելու էին՝ «դե հո մի օրում Նիկոլը չի գնալու»։ Այդ խոսույթը կար ե՛ւ ՀՓՇ-ի, ե՛ւ դիմադրության շարժման ժամանակ, նորություն չէ: Ու հիմա նորից այս դեժավյուն շարունակվելու է: Ստացվում է, որ չստացված շարժումներից որեւէ լուրջ հետեւություն արված չէ: Եվ ո՞վ էր ձեզ ասել, որ իբր կրկնելով 2018թ․ սցենարները՝ հիմա նույնը ստացվելու էր: Երբեք պատմության մեջ նույն բանը երկու անգամ չի կատարվում, պատմություն կարդացեք: Իմպիչմենթն էլ սենց չեն անում, անիմաստ մի հույս տվեք մարդկանց»: Ապա՝ «ՔՊ-ի հետ սուրճ խմելու համար, փաստորեն, տասնյակ հազարավոր մարդ բերեց հրապարակ... բրավո»: «Ասել եմ, էլի կասեմ, էս վիճակով սկի Հովիկ Աղազարյանը հրաժարական չի տալու»: «Դիմադրության» շարժում 2․ Ոչ ավել, ոչ պակաս... ու սենց շարունակ»: «Բա էլ դուք ի՞նչ առաջնորդ եք, եթե 2018-ին սխալվել եք: Դե սխալվել եք, հիմա գոնե մի սխալվեք, մի կողմ քաշվեք, ճանապարհը չսխալվածներինն է: Դաշտը փոխվելու է, ֆիգուրներն էլ՝ հետը»:
Թե ում են ուղղված այս մեղադրականները, կարելի է ենթադրել: Բաբայանը, սակայն, մոռանում է, որ 2018-ին առաջինը հենց Սերժ Սարգսյանն է ասել, որ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»: Եվ եթե սրբազան շարժման առաջնորդից պահանջում է գնահատական տալ 2018-ին տեղի ունեցածին, այդ գնահատականը ոչ միայն Սերժ Սարգյանի օգտին չէ, այլեւ շատ մութ դռներ է բացում, որոնք դարձյալ Սերժ Սարգսյանի օգտին չեն: Երեկ էլ Վահան Բաբայանը մի այսպիսի գրառում էր կատարել. «Մենք ապրում ենք մի ժամանակներում, երբ նիկոլական զոմբիներին եկան փոխարինելու «սրբազան» զոմբիներ, այո, կյանքը փոփոխական բան է»:
Այս գրառումը բավականին բուռն քննարկումների տեղիք տվեց համացանցում: Բավական է թերթել Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջը, որը կարծես ՀՀԿ պաշտոնաթերթը լինի, եւ կհամոզվենք, որ եղել են ու կան նաեւ Սերժ Սարգսյանի մնայուն «զոմբիներ», ովքեր երրորդ նախագահի հասցեին հնչեցված ոչ դրական խոսքն ավելի ծանր են տանում, քան հենց ինքը` Սերժ Սարգսյանը. «Մարգինալ դաշտից Սերժ Սարգսյանի մասին որոշ ծղրտոցներ լսելուց հետո իրոք հասկանում ես, որ այս երկրում նույնիսկ այսքան արհավիրք տեսնելուց հետո «քաղաքական մանրադրամի» վերածված, իրենց քաղաքական խմբակ համարող որոշների համար ինքնանպատակ է Հայաստանի 3-րդ նախագահի անունը տալ եւ դրանով հայտնվել ուշադրության կենտրոնում: Բայց այդ թույլիկները չգիտեն, որ իրենք արդեն նույնիսկ մարգինալ չեն, իրենք վաղուց արդեն չկան էս ամբողջ թեմայի մեջ ու չեն էլ կարող լինել: Սերժ Սարգսյանը լեգենդար հրամանատար է, փայլուն դիվանագետ, հաղթանակած նախագահ, լուրջ պետական գործիչ, դուք ո՞վ եք: Շատերդ քաղաքական կենսագրություն եք սկսել կերտել իր օրոք, եւ շատերն էլ՝ իր շնորհիվ, բայց այսօր իշխանությանը քննադատելու փոխարեն թիրախավորում եք 3-րդ նախագահին, ո՞վ եք, էլի, դուք, ի՞նչ ֆռուկտ եք: Ասեք, խոսեք, բամբասեք, միեւնույն է՝ Սերժ Սարգսյանն իր բարձունքում է` իր քաղաքական խրամատում»:
Բաբայանն ուշադիր հետեւում է բոլոր լատվամիջոցներին ու ֆեյսբուքյան գրառումներին եւ ծանր է տանում ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլեւ լուսահոգի Ռիտա Սարգսյանի հասցեին հնչած քննադատությունն ու պատասխանում բոլորին: Նրա էջում ամենուր Սերժ Սարգսյանն է ու ՀՀԿ-ն: Մի քիչ բարդ կլինի նրան չկապել Սերժ Սարգսյանի հետ եւ մտածել, որ վերջինս ազդեցություն չունի Բաբայանի վրա:
ՀԳ․ Անկախ այն բանից, թե սրբազան շարժումն ինչ արդյունք կտա, երբ կտա, կտա, թե չի տա, մի բան պետք է արձանագրել, որ Բագրատ սրբազանին հաջողվեց քաղաքական դաշտում մեծ կոնսոլիդացիա ստեղծել, նրան հաջողվեց հասարակության մեջ արժեքների փոփոխություն կատարել եւ արթնացնել ետպատերազմյան թմբիրից: Իսկ Վահան Բաբայանին գուցե ցավ է պատճառել այն, որ Սերժ Սարգսյանը սրբազանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքն իշխանության չի ձգտում: Նրա երիտասարդ զինակիցները թերեւս այլ հույսեր են փայփայել:
Կարծիքներ