Վերլուծություն

Պետության համը

Պետության համը

Աշխարհի բոլոր պետություններն, արդյոք, նույն հա՞մն ունեն, ինչ որ Հայաստանի Հանրապետությունը… Եթե այո, ապա ես զզվում եմ պետություն կոչվող այդ երևույթից: Դառը, անպետք բան է: Իշխանավորների համար՝ չգիտեմ ինչպես, բայց ինձ նման հասարակ մարդու համար այդ այլանդակությունն ուղղակի բեռ է, անտանելի բալաստ: Հետևաբար, հերն էլ անիծած, ինչ ուզում է՝ թող լինի: Եվ խնդրում եմ՝ ինձ չլացացնեք… Բա մեր երկիրը, բա մեր հայրենիքը, բա մեր պետությունը: Արդեն ասացի՝ հերն էլ անիծած, թող գնա գրողի ծոցը: Չեմ ուզում, այ մարդ, արդեն կուշտ եմ այս պետությունից էլ, նրա համից էլ: Լուսաբացից մինչև ուշ գիշեր բռնոցի է… Հետապնդումներ, ձերբակալություններ, խուզարկություններ, դատ, դատաստան, պատիժ… Մահ, ավերածություն, արժեզրկում, ոտնահարում, կատարյալ ժանտախտ ու այդ ժանտախտի ֆոնին՝ իշխանությունների սատանայական խրախճանք: Եթե սա է պետությունը, ուրեմն ամեն ինչ պետք է անել, որ այն չլինի: Ձեզ դո՞ւր է գալիս… Պահեք ախպեր, վայելեք: Ինձ այն այլևս պետք չէ:

Ես լսել եմ, որ ամենավատ պետությունն անգամ ներկայանում է որևէ լուրջ մարդու դեմքով՝ նախագահ լինի, վարչապետ, թե մի ուրիշ բան: Մի հատ մեզ նայեք, թե ում դեմքով ենք ներկայացված աշխարհին: Նիկոլի: Ավելի մեծ խայտառակություն պետության համար լինել չի կարող, քան այսպիսի ղեկավար ունենալն է: Այդ պետությունը գետինը մտնի՝ լավ է, քան առհասարակ ներկայանա աշխարհին: Ամոթ է: Ցավում եմ, բայց այդ պետությունն այսօր Հայաստանի Հանրապետությունն է: Նիկոլ և պետություն՝ սրանք լրիվ հակառակ, հակոտնյա բաներ են: Ոչ Նիկոլին կարելի էր մոտ թողնել պետությանը, ոչ էլ պետությունը՝ Նիկոլին: Գիտե՞ք ինչ է ապոկալիպսիսը… Դա աշխարհի, քաղաքակրթությունների և մարդկանց աղետալի կործանումն է կամ ինչ-որ բան, որ տանում է դրան: Նիկոլի և պետության միավորումը հենց ապոկալիպսիսի նախանշանն է: Անձամբ ես այս պահին կանգնած եմ այդ միավորման կիզակետում՝ պետության ու Նիկոլի արանքում: Ատում եմ երկուսին էլ: Երկուսից էլ պետք է ազատվել՝ թե ազգակործան պատուհաս Նիկոլից և թե ազգակործան մեքենայի վերածված այս պետությունից: Նրանք իրար արժեն, իսկ ես այլևս չեմ ուզում լինել այն էշ-նահատակը, որ կփորձի ազգակործան պատուհասին ուղիղ ճանապարհի բերել կամ մաքրել նրա ձեռքով ախոռի վերածված պետությունը:

Ինձ խիստ մի դատեք… Մարդ եմ, հոգնել եմ արդեն՝ պայքարելուց էլ, գլխով պատին տալուց էլ, անիմաստ բողոքելուց էլ, հույսով ապրելուց էլ: Ցիլոն դրել, խառնվել էթշնամու հոտին, ինձ էլ սպառնում է՝ դու դեռ կզգաս պետության համը… Եթե սա է պետությունը՝ այս թուրք-ադրբեջանական թերմացքը, չեմ ուզում ոչ նրա համը զգալ, ոչ էլ նրա ծանրությունը տանել ուսերիս: Գնացե՛ք, Նիկոլ, դու էլ, քո պետությունն էլ, քո լնգուլվազն էլ: Քո բերած Ալիևն էլ, Էրդողանն էլ, Պուտինն էլ, Թրամփն էլ, Մակրոնն էլ, եվրոպացի կնիկներն էլ… Ես ձեզ չեմ երազել: Ես իմ Հայաստանն եմ ուզում, իմ ազատ, անկախ և միացյալ Հայաստանը: Կարո՞ղ եք այն վերադարձնել՝ վերադարձրեք: Չե՞ք կարող՝ ուրեմն ռադ եղեք իմ կյանքից: Այդ կյանքն էլ հո իմն է… Դուք այն չեք կարող ապրել:

Հ.Գ. Չուլան-պետությունում, պարզվում է, ընտրություններ են տեղի ունեցել: ԿԸՀ-ի ասելով՝ ազատ արդար և թափանցիկ: Չուլանի լնգուլվազը վարչապետ է ընտրելու: Թեկնածուն նույն ազգակործան պատուհասն է: Ասել, սակայն, թե ոչինչ չի փոխվել, նշանակում է՝ ոչինչ չասել: Շատ բան է փոխվել: Դիցուք՝ այս ամենից ես հոգնել եմ: Իսկ ով չի հոգնել, խնդրեմ, չուլանն էլ է ձերը, չուլանապետն էլ:

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image