Դա խոսում է ոչ թե հաղթական ոգու, այլ վախի առկայության մասին

Դա խոսում է ոչ թե հաղթական ոգու, այլ վախի առկայության մասին

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման զինյալները ողջ աշխարհին ցույց տվեցին, որ հզոր Իսրայելին էլ կարելի է խոցել. դա մեզ դաս ապագայի համար: Ընդամենը 200-300 զինյալով, ըստ Իսրայելի ոստիկանության հաղորդագրության, սահմանային մի քանի ռազմական հենակետեր ու երկու տասնյակից ավելի բնակավայր գրավեցին: Ռազմական հզորության առումով 145 երկիր ներառող վարկանիշային աղյուսակում (Global Firepower) 2023 թ.-ին Իսրայելը զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը: Իսկ Պաղեստին պետությունն ընդհանրապես բացակայում է այդտեղից: Մեկ այլ հանգամանք ևս՝ աշխարհի լավագույն հնգյակում տեղ զբաղեցնող իսրայելական «Մերկավա 4» հրասայլերից մեկը բաժին հասավ պաղեստիցիներին, 4-ը՝ ոչնչացվեցին կամ վնասվեցին: Այդ հրասայլը կահավորված է ակտիվ պաշտպանության ժամանակակից «Տրոֆի» համակարգով, որը փոխառել են նույնիսկ ամերիկացիներն իրենց հանրահայտ «Աբրամս» տանկի համար: Իսկ «Մերկավա»-ն չի թույլատրվում արտահանել հենց «Տրոֆի» համակարգի պատճառով:

Իհարկե, պաղեստինցի զինյալները մտադրություն չեն ունեցել օկուպացնելու իսրայելական հարավային և կենտրոնական բնակավայրերը: Նրանք ընդամենը որոշել են ինքնատիպ ձևով «նշել» 1973 թվականի Դատաստանի օրվա պատերազմի 50-ամյակը, որում Եգիպտոսի և Սիրիայի կոալիցիոն ուժերը պարտություն կրեցին: Առաջին, ջարդեցին Իսրայելի պաշտպանական համակարգի անխոցելի լինելու վերաբերյալ առասպելը: Երկրորդ, ջարդեցին Իսրայելի ազգային հետախուզության (Մոսադ) ամենատես լինելու վերաբերյալ առասպելը: Զարմանալի էր նաև այն հանգամանքը, որ 200-300 պաղեստինցի զինյալների դեմ հանելով Ցախալի (իսրայելական բանակի) 31 գումարտակ (10-15 հազար զինվոր)՝ իսրայելցիները երկու օրվա ընթացքում չեն կարողացել ամբողջությամբ ազատել երկրի տարածքը: Իսկ արաբ զինյալները քաղացիական բնակչության թվից մի քանի հարյուր անձ գերեվարելով՝ վերադարձել են Գազայի հատվածը: Ինչն այնուհետև օգտագործվելու է Իսրայելի հետ «մարդափոխանակման» առևտուր անելու համար: Իսրայելին էլ մնում է ընդամենը ռմբակոծել այդ հատվածի նույնանուն քաղաքի բնակելի թաղամասերից մեկը՝ «ՀԱՄԱՍ»-ի տեղակայման կենտրոնները ոչնչացնելու նպատակով: 

Մի նկատառում ևս՝ «ՀԱՄԱՍ»-ի զինյալները շատ կարճ ժամանակահատվածում մեծ հաջողության հասան ճիշտ այն եղանակով, ինչպիսին արևելյան ճակատում ուկրաինական առաջին և հաջողված հակահարձակումն էր 2022 թվականի աշնան ընթացքում: Անկեղծ ասած, շատ հեռու եմ եղել այդ ոլորտից, սակայն ռուս-ուկրաինական պատերազմին տելեգրամյան ալիքներով ավելի քան տարիուկես հետևելը որոշակի գիտելիքներ է տվել ինձ: Ուկրաինայում՝ արևմտյան բնույթի բաց ու արագաշարժ ռազմական մեքենաներով, իսկ Իսրայելում՝ մոտոցիկլներով, հարձակումը հանկարծակիի բերեց թե՛ ռուսներին և թե՛ հրեաներին: Երկու դեպքում էլ արագաշարժության հաշվին հակառակորդները հասան լուրջ արդյունքների: Եվ դա շատ ավելի վնաս տվեց Իսրայելին, քան հրթիռային հարձակումը, ինչը հիմնականում չեզոքացվեց հակահրթիռային պաշտպանության «երկաթյա գմբեթ» համակարգի շնորհիվ: Չնայած, հանուն ճշմարտության, պետք է ասվի, որ հաջողությանը նպաստեց նաև հրեական «Դատաստանի օր» տոնի կապակցությամբ զգոնության թուլացումը՝ եթե ոչ կորուստը: 
Սակայն այս հոդվածի իմաստը ոչ թե արաբա-իսրայելական ընդհարումը նկարագրելն էր, այլ ցույց տալը, որ զինական փոքր ուժերով, բայց հզոր ոգու ուժով ու հնարամտությամբ հնարավոր է անել այն, ինչ, առաջին հայացքից, թվում է անիրագործելի: Հատկապես մեր առումով՝ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից և սեպտեմբերի 19-ի կապիտուլյացիայից հետո: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ըստ վերը նշված «Global Firepower» կայքի, Ադրբեջանի ռազմական ներուժը զբաղեցնում է 57-րդ հորիզոնականը նույն՝ 145 երկիր ներառող վարկանիշային աղյուսակում, իսկ հայկականը՝ 94-րդը: Չնայած եթե նման ցուցակ կազմողը լինեի ես, ապա ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձի հրամանատարության, պաշտպանության ներկա նախարարի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պարագայում 145 երկրների շարքում մեր զինված ուժերին կհատկացնեի 149-րդ տեղը: Սա որպես սարկազմ է հնչում, բայց ասում եմ ցավով: Իսկ եթե 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո փոխվեր մեր երկրի իշխանության ողջ կազմը, ապա ադրբեջանցիներին չէր փրկի նույնիսկ ՀՀ արևելյան սահմանին երկու տասնյակ նոր զորամասերի կառուցումը: Ինչի շնորհիվ մենք թե՛ կվերականգնեինք մեր ազգային արժանապատվությունը և թե՛ կվերադարձնեինք վայրագ, սակայն վախկոտ թշնամուն հանձնված մեր հայրենիքի տարածքները: Վախկոտ, քանի որ այդքան զորամասի տեղակայումը մեր արևելյան սահմանին խոսում է հենց ոչ թե հաղթական ոգու, այլ վախի առկայության մասին:

Իսկ այսպիսի հրամանատարական կազմով մենք անընդհատ պարտություններ ենք կրելու՝ փորձելով խուսափել պատերազմից: Նիկոլն անընդհատ փորձում է համոզել ինքն իրեն, մեր ժողովրդին և միջազգային դերակատարներին, որ իր անհեթեթ «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» գաղափարը չի կարող կյանքի չկոչվել: Այնինչ, երկրի ներսում ՀՀ երրորդ նախագահի թուլության պատճառով կյանքի կոչված այդ գաղափարը չի կարող նույն հաջողությունն ունենալ արտաքին թշնամու հետ գործ ունենալու պարագայում: Հիշենք թուրքի վայրագ էությունը նկարագրող թևավոր խոսքը՝ «Այստեղով թուրք է անցել»: Եվ այդ թշնամին էլ մեզ անընդհատ մարդկային ու տարածքային կորուստների կմատնի այնքան ժամանակ, որքան ժամանակ վարչապետի աթոռը զբաղեցնելու է Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձը: