Միգուցե մաքսայինում ցածրաստիճան աշխատակիցները ենթարկվում են Միքայել Մինասյանին

Միգուցե մաքսայինում ցածրաստիճան աշխատակիցները ենթարկվում են Միքայել Մինասյանին

Ծխախոտային սկանդալը գնալով թափ է հավաքում։ Ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին ու աներորդին ջանասիրաբար հերքում են, թե իրենք կապ ունեն Հայաստանից մաքսանենգ ճանապարհով այլ երկիր արտահանված ծխախոտի խմբաքանակի հետ, բայց հիմնավոր կասկած կա, որ առանց իշխանական բարձր հովանավորչության՝ նման բան տեղի չէր ունենա Հայաստանում, ինչպես տեղի չի ունեցել նախկինում։ Եվ  այդ մասին գիտեն նաեւ իրենք՝ նախկինները, որոնց կարկառուն ներկայացուցիչ Միքայել Մինասյանը վերջերս նման բացահայտումներով է հանդես գալիս։ Այդ «բիզնեսը» նախկինում էլ է եղել, հիմա նոր իշխանությունները, փաստորեն, շարունակում են հին ավանդույթները։ Հիշեցնենք․ օրեր առաջ հրապարակվեց, թե Կրասնոդարում հայկական մաքսանենգ ծխախոտով բեռնված օդանավ են կալանել, երկու օր առաջ էլ ռուսական կայքերից մեկը գրեց, թե Վորոնեժում են նմանատիպ օդանավ առգրավել, որում, ըստ Միքայել Մինասյանի, որը եթեր մտավ հրապարակումից ժամեր անց, 18 տոննա 831 կգ հայկական մաքսանենգ ծխախոտ է եղել, որի հետեւում, ըստ նրա, կանգնած է Փաշինյանի ընտանիքը՝ կինը, եղբորորդին, աներորդին եւ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը։

Փաշինյանի աներորդին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, երեկ մեզ հետ զրույցում դարձյալ հերքեց այս ամենը։ «Ոչ մի փաստ չի հրապարակվել, որ ես կապ ունեմ էդ սիգարետի մաքսանենգության հետ, ոչ մի փաստ չի հրապարակվել, որ Փաշինյանի ընտանիքը կապ ունի մաքսանենգ ճանապարհով գնացած սիգարետի հետ, առավել եւս, բացի ռուսական ֆեյք լրատվամիջոցներից, ոչ մի փաստ, որեւէ ատյան այս ինքնաթիռի մասին, գոնե թե էս երկրորդի մասին որեւէ հայտարարություն չի արել»,- ասաց Հրաչյա Հակոբյանը։

- Այդ դեպքում ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի հերքել դա։

- Նիկոլ Փաշինյանը հերքել է, ասել է՝ կբացահայտվի, կտեսնենք ումն է։

- Այսինքն՝ ինչ-որ բան կա, որ պետք է բացահայտվի։

- Ես չգիտեմ՝ ինչ կա, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչ ճանապարհով է դուրս եկել, օրինական ճանապարհով, թղթերն ամբողջությամբ նորմալ՝ ինքնաթիռն էստեղից դուրս է եկել, այսինքն՝ մեջը եղած ապրանքի փաստաթղթերը եղել են լրիվ օրինական փաստաթղթեր։

- Պարզապես կասկածելի է, որ Նիկոլ Փաշինյանն այս անգամ «դուխով» չհերքեց այդ տեղեկությունը։

- Ես եմ հերքել, ես հերքել եմ, դատի եմ տվել, Նիկոլ Փաշինյանն էլ հղում է անում իմ հերքմանը, իմ դատի տալուն եւ ասում է, որ ես դատի եմ տվել, եւ հանրության աչքի առաջ բոլորը կտեսնեն էդ պատմությունը։

- Տեղեկություն կար, որ Միքայել Մինասյանի վերջին հայտարարություններից հետո Փաշինյանը զանգահարել է Դավիթ Անանյանին եւ հրահանգել գործ սկսել ու մեղավորներին գտնել, որ պատասխանատվության ենթարկեն, որպեսզի այս թեման դուրս գա իր մերձավորների վրայից։

- Ես նման տեղեկություն չունեմ, ինձ համար, համենայնդեպս, նաեւ շատ մեծ կասկածի տեղիք է տալիս էն, որ էդ տեղեկությունն օրվա առաջին կեսին հայտնվում է ռուսական կայքերից մեկում, որ Վորոնեժում ինչ-որ ինքնաթիռ են գտել՝ մաքսանենգ ծխախոտով, եւ երկրորդ կեսում վիդեո է հրապարակում Միքայել Մինասյանը՝ խոհանոցից։ Այսինքն՝ ես բոլոր հիմքերն ունեմ կասկածելու, որ նա շատ լավ տեղյակ է լինում՝ ռուսական որ կայքն ինչ պետք է գրի, եւ նախօրոք պատրաստում է իր վատ գեղարվեստական կինոնկարի մոնտաժով վիդեոն ու տեղադրում է։

- Եթե նույնիսկ տեղյակ է լինում այդ ամենից, դա նվազեցնո՞ւմ է իր հաղորդած տեղեկությունների արժեքը։

- Պետք է հասկանալ ինֆորմացիայի իսկությունը՝ կա՞ էդ ինֆորմացիան, թե՞ հորինում են։

- Դե, ինքն ասում է, որ այսինչ օրը Երեւանից Վորոնեժ օդանավ է ուղեւորվել, եւ հրապարակում է փաստաթղթեր։

- Դե թող ուսումնասիրեն էդ փաստաթղթերը իրավապահ մարմինները։ Ես իմ մասով հերքել եմ, դատի եմ տվել, հիմա իրավապահ մարմինները թող ուսումնասիրեն Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթերը եւ պատասխանը տան, ի՞նչ ասեմ։

- Ամբողջ խնդիրն այն է, որ վաղը կարող են մեկ-երկու շարքային մաքսավորի պատասխանատվության ենթարկել՝ դրանով համարելով գործը փակված, մինչդեռ դրա հետեւում ավելի բարձրաստիճան դեմքեր կարող են կանգնած լինել։

- Որտեղի՞ց վստահություն, որ դրա հետեւում կարող են կանգնած լինել ավելի բարձրաստիճան դեմքեր։ Ես ունե՞մ տեղ՝ կասկածելու, որ միգուցե մաքսայինում այդ ցածրաստիճան, շարքային աշխատակիցները ենթարկվում են, օրինակ, Միքայել Մինասյանին կամ իր սպասարկողներին եւ էս տիպի բաներ են անում։

- Բայց հիմա ձեր իշխանությունն է՝ մաքսայինը ձերն է, Անանյանը ձերն է, ինչո՞ւ պետք է Միքայել Մինասյանին ենթարկվեն։

- Հասկանում եմ, դրա համար էլ ասում եմ՝ տարբեր գերատեսչություններ պետք է զբաղվեն, այո։ Եվ ես իմ մասով շատ հետեւողական եմ եւ դիմել եմ դատարան, մնացածն էլ իրենց մասով պետք է զբաղվեն։

- Դուք չե՞ք բացառում, որ շարքային մաքսավորներ կպատժվեն։

- Ես որեւէ բան չեմ բացառում։ Ես կարող եմ բացառել մի բան, որ դա ինձ հետ կապ չունի, Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ կապ չունի։

- Կարծում եք՝ առանց իշխանության հովանավորչության հնարավո՞ր է մաքսանենգ ճանապարհով Հայաստանից այդպիսի մեծ քանակով ծխախոտ արտահանել։

- Նախ, նորից եմ կրկնում՝ ես փաստացի չեմ տեսել, որ, օրինակ, ռուսական գերատեսչությունները հայտարարություն տարածեն Հայաստանից գնացած որեւէ մաքսանենգ ծխախոտի հետ կապված։ Ես չեմ տեսել։ Եթե կա, թող Միքայել Մինասյանը հաջորդ իր վատ գեղարվեստական ֆիլմի մոնտաժով մի հատ էդ ռուսական գերատեսչության, ոչ թե լրատվամիջոցի փաստաթուղթ հրապարակի։

- Բայց Դուք չեք հերքում, որ ծխախոտ է արտահանվել Հայաստանից, Դուք ասում եք՝ թող ստուգեն, բացահայտեն, բայց չեք ասում, որ չկա նման բան։ Այսինքն՝ հորինված չէ ծխախոտի պատմությունը։

- Հորինված չէ, որ ծխախոտը գնացել է, հորինված է, որ դա իմ կամ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի այլ անդամի հետ է կապված ծխախոտի էդ պատմությունը։ 

- Իսկ ադամանդագործությո՞ւնը։

- Ադամանդագործությունը՝ դա մի լրիվ ուրիշ տիպի սուտ էր։ Գիտե՞ք խնդիրը որն է, որ Դուք էլ չեք հավատում, ադամանդագործությանը, ծխախոտին Դուք էլ չեք հավատում։ Դուք էլ գիտեք, որ ես մաքսանենգ ճանապարհով ծխախոտ չեմ տարել, Դուք էլ գիտեք, Դուք վստահ եք, եւ ձեր խմբագրությունում նույնպես շատերը վստահ են, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքից որեւէ մեկը ծխախոտի գործի հետ եւ ադամանդի հետ կապ չունի։

- Մենք ուզում ենք փարատել այդ կասկածները, որոնք կան հասարակության մոտ։

- Ներողություն եմ խնդրում, բայց եթե ես պետք է հերքեմ, եթե ես պետք է դատի տամ էն մարդկանց, որոնք որ էդ սուտ լուրը տարածել են, եւ դա Ձեզ չփարատի, ինձ թվում է՝ այլեւս ոչինչ Ձեզ չի փարատի։

- Ուղղակի ամեն հերքումից հետո նոր տեղեկություն է հրապարակվում։

- Որովհետեւ ինչ-որ մեկն ունի շատ լավ երեւակայություն կամ ինչ-որ մեկը Միքայել Մինասյանի տեսքով ծանոթ է եղել անձամբ էս սխեմաներին, ինչը որ փորձում են կապել մեր անվան հետ։