Վարչապետն ուշադիր է առողջապահության տեսչական մարմնի նկատմամբ

Վարչապետն ուշադիր է առողջապահության տեսչական մարմնի նկատմամբ

Երեկ մի նոր քրեական գործի մասին տեղեկացանք: Այն հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, ՔՕ 179-րդ հոդվածով` յուրացում կամ վատնում: Խոսքը 620 հազար ՀՀ դրամի 1870 լիտր բենզինի հափշտակության մասին է: 
Բենզինի յուրացման գործով անցնում է առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներից մեկը: Նա նաեւ այդ մարմնի փաստացի ղեկավարն է եղել՝ ներկայիս ղեկավար Հակոբ Ավագյանից առաջ, փոխարինել է տեսչական մարմնի ղեկավարին:
Տվյալները, որոնք մեղադրանքի հիմքում են դրվել, դատախազությունը ձեռք է բերել վարչապետի գրասենյակի տրամադրած փաստաթղթերն ուսումնասիրելով: Իսկ վարչապետի գրասենյակը, որը նաեւ քննչական գործառույթներ է, փաստորեն, իրականացնում, փորել-փորփրել է ու գտել է, որ բենզինի յուրացում է տեղի ունեցել: 

«Մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից 2019թ. նոյեմբերի 28-ին արձանագրվել է 1870 լիտր բենզինի կտրոնների պակասորդ։ Դրա մասին տեղեկացվելուց հետո 2020թ. փետրվարի 17-ին նույն տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատարի կողմից ներկայացվել են նույն չափով բենզինի կտրոններ՝ «ուժի մեջ է առ 31.12.2020թ․» նշագրմամբ։ Մինչդեռ պարզվել է, որ տեսչական մարմնի 2019թ. կարիքների համար ստացված բենզինի կտրոնների վրա ընդհանրապես չի եղել 2020թ. ուժի մեջ լինելու նշագրում, ինչը ողջամիտ կասկած է առաջացրել, որ 2020թ․ փետրվարի 17-ին ներկայացված կտրոնները նույնական չեն պակասող կտրոնների հետ»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ: 
Փաստորեն, աշխատանքային խումբը ստեղծվել է աշխատանքի եւ առողջապահության տեսչական մարմնի ներկայիս ղեկավարի կողմից, 2019 թվականի նոյեմբերին: Այն պարզել է, որ կտրոնների պակասորդ է եղել, որ տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալն այս պակասող կտրոնների փոխարեն 2020 թվականի նշագրմամբ կտրոններ է տեղադրել: 

Տվյալները խիստ մոտավոր են: Չի հրապարակվում, թե ում է վերաբերում գործը, որեւէ անուն չի նշվում: Գործով մեղադրյալ չկա: Չի բացառվում, որ սա հերթական ուժի ցուցադրությունն է վարչապետի գրասենյակի կողմից՝ Աշխատանքի ու առողջապահության տեսչության նախկին պաշտոնյաներին ուղղված, որոնց հետ վարչապետի գրասենյակն այնքան էլ հաշտ չէ: Այստեղ տեղակալների պաշտոնանկության երկու ալիք է եղել, ինչպես հայտնի է: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ անհաղթահարելի տարաձայնություններ ունեցող ԱԱՏՄ պետ Էդգար Խուրշուդյանն ազատվեց 2019-ի օգոստոսի 5-ին: Այնուհետեւ՝ մարտի 31-ին, Փաշինյանն աշխատանքից ազատեց Էմին Ավետիսյանին, որը դատարան է դիմել վարչապետի գրասենյակի դեմ: Չի բացառվում, որ հենց սրանով է պայմանավորված վարչապետի գրասենյակի սեւեռուն ուշադրությունն ԱԱՏՄ փաստաթղթերի եւ հատկապես բենզինի ծախսի նկատմամբ: