Պեմզաշենում Նիկոլի պրիստավը սեփականաշնորհել է գյուղը 

Պեմզաշենում Նիկոլի պրիստավը սեփականաշնորհել է գյուղը 

Հայեր ջան, հլա էդ Պուտին-Ալիեւ-Փաշինյան թեման թողեք, եկեք, տեսեք ինչ է կատավում Սոչիից դուրս: Բա չե՞ք ասի` Արթիկ խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին ընտրություններ են տեղի ունենալու: Հարցնում եք ինչ արտառոց բան կա դրա մե՞ջ... Այո, երեւում է, որ վերջին 3 տարում այդ տարածաշրջանում չեք եղել եւ տեղյակ չեք, թե ՔՊ-ն ինչեր է արել այնտեղ:

Էն ե՞րբ էր, որ արքունիքին ցուցաբերած մեծ-մեծ ծառայությունների համար թագավորն ամբողջական գյուղեր էր նվիրում իր «պրիստավներին» ու աչքի ընկած տանուտերներին: Վերջին անգամ ե՞րբ եք եղել Արթիկի տարածաշրջանի Պեմզաշեն գյուղում: Էլ Պեմզաշեն չկա: Գյուղը սեփականաշնորհել են: Զարմացա՞ք: Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանի այդ խոշոր գյուղը նվիրել է Անան Ոսկանյանին` վերջինիս նշանակելով Պեմզաշենի համայնքապետի ԺՊ:

Այն մասին, որ գյուղը ալևս պատկանում է Անան Ոսկանյանին, պեմզաշենցիները բոլորովին վերջերս են իմացել, երբ Գյումրիից եկած գովազդային ծառայության աշխատակիցները փորձել են գյուղում փակցնել Արթիկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հակոբ Մաթիլյանի նախընտրական պաստառը: Լուրը հասել է Պեմզաշեն համայնքի ղեկավարի ԺՊ Անան Ոսկանյանին, որը համատեղության կարգով նաեւ գլխավորում է ՔՊ-ի ցուցակը Արթիկի ընտրություններում: Նա կայծակի արագությամբ հասել է գյուղամեջ, գոռգոռացել, թե էս ի՞նչ եք անում, դուք չգիտե՞ք, որ էս գյուղն իմն է,եւ բացի իմ պաստառից այլ պաստառներ չպիտի լինեն։

Գյումրիից եկած տղերքը ապշած են մնացել` ինչպե՞ս թե էս գյուղն իմն է: Հա, իմն է` իրենն է պնդելԱնանը, և աշխատակիցները ստիպված հետ են գնացել Գյումրի։ Մինչ այդ նմանատիպ հայտարարություններով են հանդես եկել եւս 2-3 գյուղերի ՔՊ- ական գյուղապետներ, որոնք խոստացել են, որ դեկտեմբերի 5-ին իրենց գյուղից ոչ մի քվե Արթիկ չի գնալու:

Եվ տեղի է ունեցել այն, ինչ պետք է տեղի ունենար այս իրավիճակում` ՏԻՄ ընտրությունը խիստ քաղաքականացվել է ու վերածվել էշի հարսանիքի: Խնդրին խառնվել է ընտրատարածքային հանձնաժողովը, աղմուկի վրա դիտորդներ են հավաքվել, սրանց հավաքվելու պատճառով էլ ոստիկանությունն է իմացել, ու չի բացառվում, որ առաջիկա օրերին մի ունիկալ գործ մտնի դատարան։ Ասում են, որ ընտրությունների նախաշեմին, երբ առաջադրումներն այլեւս ավարտված են, Անանիկը ավագանու թեկնածու մի քանի պեմզաշենցիների ստիպել է դուրս գալ մրցակից ուժերի ընտրական ցանկերից: Եթե սա էլ հաստատվի, ապա Անանիկին օրենքով նախատեսված կարգով կենթարկեն մեղմ ասած, քրեական պատասխանատվության:

Զրուցել եմ Հակոբ Մաթիլյանի հետ։ Նա չկարողացավ ասել, թե ինչ ընթացք կունենա այս աղմկահարույց պատմությունը. «ինձ չի էլ հետաքրքրում: Հայտնի խոսք կա` ով ինչ անի, իրեն կանի: Թող շարունակեն այդպես պահել իրենց»։

Իսկ դուք ասում եք` Սոչի, Պուտին, Ալիեւ... Հետո էլ զարմանում եք, թե ինչպես է Նիկոլը հաղթում ընտրություններում: