Շողուլի չենք գալիս

Շողուլի չենք գալիս

Մեր լրագրողները մարդ են խոսեցնում, և նրանք անթաքույց կարոտով են հիշում «երանելի» այն ժամանակները, երբ թուրքի հետ «համերաշխ» ապրում էին: Նրանք մոռացել են, որ դա ռուսական մեծ պետության հովանու ներքո էր, և դրա շնորհիվ: Իսկ երբ այդ մեծ պետությունը խնդիր էր ունենում, ապա այն փոխանցվում էր նաև մեզ: Եվ դա ոչ թե ճակատագրի հալածանք էր, այլ մեր հարևան թուրքերի քաղաքականության հետևանքը: Այն ժամանակներից, երբ սկսվեց փլվել Օսմանյան կայսրությունը, իսկ այնուհետև օսմանցի թուրքերը խնդիր դրեցին նույնականանալ զուտ որպես թուրք ազգ, նրանք փորձեցին իրենց միջից «մաքրել» բոլոր այլազգիներին: Սկզբում, բնականաբար, փորձեցին ազատվել քրիստոնյաներից՝ հայերից, հույներից, ասորիներից, և դա նրանց հաջողվեց: Հետո հերթը հասավ մահմեդական այլազգիներին՝ հիմնականում քրդերին, բայց դա նրանց չհաջողվեց: Եվ թուրքերի ու քրդերի պատերազմը մեկ պետության մեջ արդեն շարունակվում է շուրջ 100 տարի:

Այնպես որ, ուզենք թե չուզենք, մենք պետք է կռիվ տանք թուրքերի դեմ մեր պատմական հայրենիքի գոնե մի անկյունում խաղաղ ապրելու համար: Այլ տարբերակ ուղղակի չկա: Իհարկե, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող, պարտության խորհրդանիշ Փաշինյան Նիկոլը փորձում է ջարդել պատմության տրամաբանությունը, և խաղաղություն հաստատել առանց կռվի: Բայց դա նշանակում է տարածքների անընդհատ զիջում թուրքերին՝ լինեն դրանք մեր երկրի արևմուտքում թե արևելքում: Այն, ինչ տեսնում ենք վերջինիս «գերագույն գլխավոր» հրամանատարության ներքո 2020 թվականի խայտառակ պարտությունից հետո:

Խաղաղության մասին երազող մարդիկ հունիսի 20-ին ընտրեցին պարտության խորհրդանիշ Փաշինյանին: Մեկին, ով Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու օրակարգ է մշակում՝ երբ Ադրբեջանի նախագահը Հայաստանից Սյունիք, Երևան ու Սևան է պահանջում: Ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարն անկապ հայտարարություն է անում սահմանները պաշտպանելու անհրաժեշտության մասին, իսկ ադրբեջանցի զինվորները սահմանին ձեռ են առնում մեր զինվորներին, ու մերոնք լռում են: Ու դա նկարահանվում է ու սփռվում եթերում: Պատերազմի խայտառակ ավարտից 9-10 ամիս անց հրետանային մարտկոցի հրամանատար է դատվում, թեև, ինչպես վերջինիս փաստաբանն է հավաստում, մեղավորին պետք էր ավելի բարձր ատյաններում փնտրել: Էլ չեմ խոսում այսօրվա լավ լինելու վերաբերյալ քայլարած ուսապարկերի կամ անսկզբունք չինովնիկների անիմաստ դատողությունների մասին:

Համարյա երեք ու կես տարի առաջ ոգևորված Սերժ մերժեցինք ազգովի և ազգովի էլ (բացառությամբ վերը նշված ուսապարկերի ու չինովնիկների) ընկանք շողուլից: Ու ոչ մի կերպ չենք կարողանում շողուլի գալ: Պատճառն այն է, որ չի գտնվում այն միակը, որ կարողանա իր վրա վերցնել այդ առաքելությունը: Նման փորձ կատարեց ՀՀ երկրորդ նախագահը, բայց դա նրան չհաջողվեց: Խնդիր լուծել չկարողանալը խոսում է մեր անկարողության մասին: Բայց անկարողություն արձանագրելն ու դրանով բավարարվելը մեզ կարող է տանել փակուղի՝ պետականության վերացմանն ու վերջին հայի հեռացմանն այս տարածաշրջանից: Մեր պատմական հայրենիքի վերջին մի անկյունից: Որպեսզի դա տեղի չունենա՝ Փաշինյան Նիկոլը պետք է հեռացվի պաշտոնից: Հեռացվի հնարավորինս արագ և առանց բացասական սրացումների: