Վահե Արմեն․ Դանուբի գույնով

Վահե Արմեն․ Դանուբի գույնով

Իրանահայ բանաստեղծ-թարգմանիչ Վահե Արմենի «Դանուբի գույնով» բանաստեղծությունների ժողովածուն այս տարի՝ Զահեդանում տեղի ունեցած «ՖԱՋՐ պոեզիայի միջազգային փառատոնում» ճանաչվել է տարվա լավագույն գիրք։ Բանաստեղծությունները գրված են առանց կետադրական նշանների։


ՕՏԱՐԱԿԱՆԸ ՍԵՆՅԱԿՈՒՄ

Արթնացել եմ
Լույսի կոճակի ձայնից

Չգիտեմ 
Ինչ-որ մեկը եկավ ու
Լույսը միացրեց
Թե ինչ-որ մեկը լույսը անջատեց
Ու գնաց

ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Կեսօրվա մոտ
Գնում էինք փողոց
Եվ մեկ առ մեկ
Մեր ափի մեջ պահած հայելին
Հարվածում էինք գետնին
Փշրում էինք
Եվ անասելի հրճվանքով
Հաշվում էինք մեր արեւները
Հայելու փշրանքներում
Խաղի հաղթողը
Նստում էր գահին
Եվ մեկ շաբաթ թագավորում էր


ԿԱՐՄԻՐ ՀԱԿԻՆԹ

Պատերազմ տեսած այս քաղաքի փողոցները
Եվ կիսավեր տները
Այս բարձրությունից
Այս ակնաքարի միջից որ
Գտել եմ այս ավերակներից
Որքան գեղեցիկ ու
Տեսարժան է․․․

Հավանաբար աշխարհը նույնպես
Այն վերեւից
Բարձրագույն երկնքից
Այն ակնաքարի միջից որ 
Թերեւս գտել ես երկնագահից
Նույնքան գեղեցիկ
Ու տեսարժան է
Չէ՞․․․

ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Գիշերները
Մինչեւ լուսաբաց հեծանիվ ես վարում
Շնչակտուր ոտնահարում 
Ու շրջում ես աշխարհը

Խենթի պես սիրում էիր հեծանվորդությունը
Չես հիշում
Բակի անկյունում ընկած
Հնամաշ հեծանիվը վարելու 
Եվ մինչեւ փողոցի ծայրը գնալու համար
Լացդ չէր դադարում

Թող գրողի ծոցը կորչի այս երեսուն տարին
Որ մեկ քայլ անգամ չես արել
Ու չես քայլել
Դրա փոխարեն գիշերները
Հոմերոսի տունը տանող ճանապարհներով 
Սրտատրոփ հեծանիվ ես վարում․․․

ՏՐՏՄԱԳԻՆ ՄԻ ԵՐԵԿՈ

Հարեւանի երեխան
Եվ աղավնիներս
Այս տրտմագին երեկոյին
Եկել են ինձ այցելության

Հարեւանի երեխան
Եվ աղավնիներս
Որտեղից գիտեին
Որ այս բանաստեղծության վերջին տողերում
Մի կտոր երկինք եմ թաքցրել
Մի երկար ճոճանակ
Եվ փոքրիկ գաղտնիք․․․

ՊԱՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ

Ինչ բերկրալի է
Անթիրախ կրակոցը
Պատերազմում
Եվ վատնումը վերջին փամփուշտի 

Ինչ բերկրալի է 
Պարը
Կարճ բանաստեղծություններում
Այն երեխաների հետ
Որ վաղը կգնան ամենահեռավոր մոլորակները
Հետիոտն
Առանց հրացանի

ՀՅՈՒՐ ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԻՆ

Հասցեն մոռացել եմ

Փոքրիկ լուսամուտագոգին
Հատիկ եմ շաղ տալիս
Ձեղնահարկի փոքրիկ սենյակում
Աղավնիս ղունղունում է
Մարսի եւ Յուպիտերի արանքում
612Բ  փոքրիկ մոլորակը
Գրապահարանիդ ամենավերին վանդակում
Դոն Քիշոտի կողքին
Վաղը
Նախքան արեւամուտ պետք է այնտեղ լինենք
Մինչեւ արեւածագ
Սրտատրոփ տագնապում եմ
Առավոտյան
Վերցնում եմ թուղթ ու մատիտը
Թամբում եմ թեւավոր ձիս  
Վերցնում եմ տետրիս մեջ ցանած կարմիր վարդը
Եվ ուղեւորվում ենք

ՓՈԹՈՐԿԱՀԱՐ ՆԱՎԸ

Գիշերներս
Դեռեւս
Շարունակությունն է հենց այն գիշերների
Որ այլեւս չեն կրկնվելու

Այն գիշերներին
Մինչեւ առավոտ
Բանաստեղծություններիս փոթորկահար նավում
Փորձարկում էի 
Ափը չտեսնելու
Օվկիանոսում առաջ ընթանալու հաճույքը

Այն գիշերներին
Փորձարկում էի
Երկարատեւ պատերազմից
Ողջ մնալու հաճույքը
Եվ մահանալը
Մի կարճ բանաստեղծության մեջ

Այն գիշերներին
Մինչեւ առավոտ
Փորձարկում էի 
Գնալու եւ չհասնելու 
Հաճույքը․․․ 

ԿԱՏՈՒՍ ՆԱՇՈՆ

Տասնինը տարի
Ամեն գիշեր
Մի քանի ժամ պառկում էր ոտքերիս վրա
Եվ լուռ
Հայացքը հառում է «Վիլչերիս(1)»
Կոշիկներիս
Որ «Վիլչերի» վրա
Երազներս
Պատմում էին աստծո համար․․․

ՔՈՒՅՐՍ

Հեռուստացույց էինք նայում
Սենյակ մտավ
Եվ ձեռքի ադիեալը
Գցեց ոտքերիս
Ապշած նայեցի նրան
Շշնջաց
Չգիտեմ ինչու
Միանգամից սառնություն զգացի․․․

ԽՆՋՈՒՅՔԻՑ ԱՌԱՋ

Տես
Վազում եմ
Պարում եմ այս բանաստեղծության մեջ
Եվ հասնում աշխարհի մյուս կողմում գտնվող տանը
Ուր վերջին խեղանդամ երեխան
Դուրս է եկել 
Սենյակի պատի լուսանկարի շրջանակից
Եվ պարում է
Լսվող ակարդեոնի երաժշտությամբ

Տնից դուրս
Բարդիները ցնծում են
Եվ արեւը
Անձրեւից թրջված 
Կաղալով անցնում է լուսամուտի ետեւից

Մինչեւ այս բանաստեղծության վերջին տողին հասնելը
Ձեռքս բաց մի թող
Կընկնեմ

ԿՈԼԱԺ

Փարաջանովը
Մի քանի կտոր ջարդուխուրդ 
Ու անարժեք իրերից
Արվեստի գործ է ստեղծում

Հենց այն գործը, որ Աստված
Անսկիզբության մեջ
Արեց մի քանի կտոր քարով
Կրակով
Ու մի ափ ջրով

ՄԱՀՃԱԿԱԼ

Ուզում եմ այս անիծյալ մահճակալից վեր կենամ
Եվ մարդու պես 
Փռվեմ գետնին
Եվ լսեմ սրտի մեջ երգող 
Գիշերվա երգին
Քնելս գա
Եվ մարդու նման
Մի քիչ երազ տեսնեմ
Մի քիչ մղձավանջ

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ

Վերջին բանաստեղծությունս կգտնեք
Փոքրիկ մահճակալի տակ
Ապակյա գունավոր գնդիկի (2) մոտ,
Որ ձմռան մի կեսգիշեր
Ձեռքիցս դուրս պլստաց
Ու սահեց մահճակալի տակ
Եվ ես 
Կորսվեցի․

ՆԱ

Աշնան վերջին երեկոյին
Կանգնեց լուսամուտի մոտ
Եվ հեռու ու մոտ լեռների համար
Կարճ բանաստեղծություն գրեց
Աշխարհի ամենաերկար գիշերվա մասին

ՏԱՏԻԿԸ

Լուսանկարի շրջանակում 
Ժպտաց
Եվ մի բուռ քաղցրավենիք
Դրեց գրպանը
Տնից դուրս թռավ 
Եվ քաղաքը
Միանգամից գեղեցկացավ

ՍԻՐԱՀԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Այս հայելին
Երեխա ժամանակ
Մի մութ փողոցում
Գողացել էի մի սիրուն աղջնակից

Եվ հենց հիմա 
Նորից գողանալու ցանկություն ունեցա
Գողանալ մի սիրուն կնոջ
Որ ծիծաղում է այս հայելու մեջ 
Եվ աշխարհը
Կրկնակի գեղեցկանում է

Ճիշտ եմ ասում
Նայիր․․․

ՕՐԱԹԵՐԹ ԱՎՏՈԲՈՒՍՈՒՄ 

Հիշեցի այն գյուղը որ սիրում էիր
Հիշեցի այն օրը որ չգիտեմ ինչու
Խռովեցիր ու գնացիր

ԳԻՇԵՐԸ

Սենյակիս մեջ բանաստեղծություն էի գրում
Եվ մի ավտոբուս գնում էր Անարաք
Բանաստեղծության կեսում
Քնեցի
Անարաքի կիսաճամփին
Մի ուղեւոր իջավ ավտոբուսից

Թերթեցիր աթոռին թողած օրաթերթը
Եվ կարդացիր 
Քեզ համար գրված սիրայինը
Ծիծաղդ եկավ
Ակամայից հավաքեցիր համարս
Արթնացրիր
Եվ հարցրիր
Դու դեռ չե՞ս քնել․․․

ՀՐԱԺԵՇՏԻՑ ՄԻ ԺԱՄ ԱՌԱՋ

Բողոքեց
Մնա
Ապրիր
Թղթերի մեջ
Եվ հենց այս թղթերի մեջ
Մեռիր

Չգիտեմ
Անիծեց
Թե աղոթեց

ՀԱՅԱՑՔ

Տարբերություն չունի
Ով է քեզ լուսանկարում
Ով ինձ
Մի ընկեր
Թե մի օտարական

Դու բոլոր լուսանկարներում 
Իմ աչքերին ես նայում
Ես
Քո աչքերին

-------------------------------------------

1․ Հաշմանդամության սայլակ։

2․ Թիլե կամ թիլի- Ապակյա գունավոր փոքրիկ գնդիկներ, որոնցով երեխաները տարատեսակ խաղեր էին խաղում։ Շատ գեղեցիկ, ապակյա այդ գնդիկները վաճառում էին խանութներում։


Թարգմանությունը պարսկերենից՝ Էդուարդ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ