Ահաբեկիչ Բաքուն ահաբեկչության կանխարգելման մասին Կոնվենցիա է ստորագրել 

Ահաբեկիչ Բաքուն ահաբեկչության կանխարգելման մասին Կոնվենցիա է ստորագրել 

Ադրբեջանը ստորագրել է ահաբեկչության կանխարգելման մասին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը։ Արձանագրությունը ստորագրվել է Ստրասբուրգում գտնվող Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ ԵԽ-ում Ադրբեջանի մշտական ​​ներկայացուցիչ, դեսպան Ֆախրեդին Իսմայիլովի և ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգենի ներկայությամբ։ 

Ի՞նչն է ուշագրավ․ մի երկիր, որը շարունակաբար ահաբեկչություն է իրականացնում Արցախի ժողովրդի ու Հայաստանի նկատմամբ, 44-օրյա պատերազմի ընթացքում օգտագործում է օտարերկրյա ահաբեկիչների Սիրիայից, Թուրքիայից, Պակիստանից և այլ երկրներից (փաստն արձանագրել են միջազգային տարբեր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը), որն ուղիղ 100 օր արգելափակել է Լաչինի միջանցքը՝ առանձնակի դաժանություն, էթնիկ զտման քաղաքականություն և ահաբեկչական այլ գործողություններ իրականացնելով արցախահայության նկատմամբ, անտեսելով միջազգային կառույցների և պաշտոնյաների դատապարտող կոչերն ու պահանջները, այդ թվում՝ նույն Եվրոպական խորհրդի, Եվրախորհրդարանի: Մի երկիր, որը ներխուժում է ՀՀ ինքնիշխան տարածք, ԼՂ-ում և Հայաստանում պարբերաբար խախտում զինադադարը, դիմում ռազմական սադրանքների, կրակում և սպանում է խաղաղ բնակիչներին, ծառայողական պարտականություններ կատարող Արցախի ոստիկաններին, ստորագրում է ահաբեկչության կանխարգելման մասին կոնվենցիայի արձանագրություն։ Այս ամենը Ադրբեջանի ցինիզմի է գագաթնակետն է, որի ականատեսն ենք լինում մշտապես։ 

Իրականում, կա նաև դրական ազդակ Բաքվի և Եվրախորհրդի միջև ստորագրված արձանագրության համատեքստում։ Եվրոպական խորհուրդը ինչ-որ առումով նաև պարտավորեցնում և իրավական պատասխանատվության տիրույթ է բերում Բաքվի ահաբեկիչ ռեժիմին՝ ահաբեկչական սպառնալիքները բացառելու իմաստով։ Մնում է, որ ԵԽ-ն իր հանձնառության մեջ ազնիվ ու գործնական լինի, արդյունավետ միջոցներ կիրառելով նույն Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար՝ Ադրբեջանին ստիպելով, որ հրաժարվի Արցախի 120,000 բնակիչներին և հայ ժողովրդին ահաբեկչության ենթարկելու քաղաքականությունից։ 
Այլապես կարող ենք մտածել, որ գործում է միջազգային երկակի չափանիշների տխուր պրակտիկան, որը բումերանգի պես վերադառնալու է նույն Եվրոպային, որտեղ քիչ չեն ահաբեկիչները, բացառված չէ՝ նաև ադրբեջանցի․․․ 

Արա Ալոյան