10 օր անց նման որոշում ընդունելն ուշացած է

10 օր անց նման որոշում ընդունելն ուշացած է

Նախօրեին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սանիտարական կանոնները, որոնց համաձայն՝ ուղեցույցով նախապես սահմանված որոշ կանոններ լրամշակվել են, մասնավորապես ամրագրվել է, որ լսողության եւ խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների եւ նրանց հետ աշխատող ուսուցիչների ուսուցման ընթացքում, ինչպես նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար դիմակների կրումը պարտադիր չէ։ Մասնագիտացված եւ հատուկ դպրոցների մասով սահմանվել են գործունեության հստակեցված կանոններ՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները։  

Համաձայն ԿԳՄՍ փոխնախարարի, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով նախատեսված մանկավարժահոգեբանական աջակցության անհատական պարապմունքները կազմակերպվելու են մի շարք կանոնների պահպանմամբ՝ աշխատանքային տարածքի, մակերեսների ախտահանում, սենյակի օդափոխում առնվազն 8-10 րոպե տեւողությամբ, դիդակտիկ նյութերի եւ առարկաների ախտահանում եւ այլն։

Ուսուցիչներից շատերի կարծիքով, ուստարվա մեկնարկից 10 օր անց նման որոշում ընդունելն արդեն ուշացած է, որովհետեւ պետք էր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ու նրանց ուսգործընթացը կազմակերպելու մասին մտածել ավելի վաղ։ Ավելին, իրենք՝ ուսուցիչները, հենց ամենասկզբից էլ ԿԱՊԿՈՒ (կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) երեխաների մասին հարցեր ուղղել են նախարարությանը, քանի որ ակնհայտ էր, որ ուղեցույցում ներառական երեխաների հարցը ներառված չէ։ «Այդ հարցը հենց ամենասկզբից էլ ծագել է, որ ո՞ւր են այդ երեխաների կրթության առանձնահատուկ պայմանները եւ մշակված կետերը։ Հետո ընթացքում անընդհատ հանգստացնում էին, որ մի շտապեք, կանոնները մշակվում են, բայց միայն նոր այդ կանոնները մշակվեցին»,- ասում է զրուցակիցս։  

Հանրապետության տարբեր դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը տարբեր է, մեծ դպրոցներում կարող է մինչեւ 90 հոգու հասնել, իսկ այն դպրոցները, որոնք նոր են այդ կրթության մեջ ներառվել, կարող են 5-10 աշակերտ ունենալ։ Մոտավոր հաշվարկով՝ այդ կարգի երեխաները կարող են կազմել դպրոցի 5-6 տոկոսը․ «Քանի որ բոլոր հատուկ դպրոցները փակվեցին, եւ այդ դպրոցների ու մանկատան երեխաները ցրված են հիմնական դպրոցների մեջ, այդ հարցը շատ կարեւոր էր, որ հենց սկզբից իրենց դիրքորոշումն ունենային՝ ուսուցիչը ո՞նց է աշխատելու այդ երեխաների հետ, նրանց տանել-բերելը ո՞նց է իրականացվելու, դիմակո՞վ են լինելու, թե՞ առանց դիմակի։ Այս տասն օրերի ընթացքում, իհարկե, խնդիրներ եղել են՝ երեխաների դիմակ կրելու հետ կապված, բայց քանի որ պահանջ կար՝ պարտադիր կրել, մի կերպ դնում էին, իսկ շատ երեխաներ ուղղակի չէին էլ գալիս, նրանց հետ տնային, հեռավար ուսուցում է իրականացվում։ Դրա ընտրության հնարավորությունը տրվել էր ի սկզբանե»։    

Փոխնախարարի գրառման տակ, այս հարցի հետ կապված, օգտատերերից մեկը, մասնավորապես, հետաքրքրվել էր․ «4-րդ մասի 27 կետի 1-ին ենթակետով կարգավորվում են ԿԱՊԿՈՒ սովորողի ԱՈՒՊ-ով իրականացվող անհատական պարապմունքները, սակայն բաց է մնում դասարանում՝ առարկայի դասաժամին (օր․՝ մայրենի, մաթեմատիկա․․․) նրա մասնակցության ապահովումը (երբ անհնար է սովորողի մասնակցությունը դասին առանց ուղեկցողի)։ Շատ ծնողներ իրենց կողմից ընտրված եւ վճարվող ուղեկցող մանկավարժներ են վարձում, որպեսզի երեխայի հետ հաճախի դպրոց, մասնակցի դասերին՝ նրան անմիջական աջակցում տրամադրելու նպատակով։ Ինչպե՞ս պետք է կազմակերպվի այդ ուղեկցող մանկավարժի (տյուտրի) մասնակցությունը դասարանային դասաժամերին, ի՞նչ կանոններ կան սահմանված նման դեպքերի մասով։ Ինչո՞ւ պետք է ուղեկցող մանկավարժ վարձի երեխայի ծնողը կամ խնամակալը։ Համընդհանուր ներառման պայմանում ինչո՞ւ այդ աջակցումը պետության կողմից անվճար չի տրամադրվում։ Չէ՞ որ շատերն ուղղակի վճարունակ չեն, եւ նման ծառայության ապահովման բացակայությունն անհետեւանք չէ, քանի որ ուղղակի ԿԱՊԿՈՒ սովորողին կրթությունից դուրս թողնելու վտանգ կա»։