Ծնողավարություն․ էկրաններն ու մեր երեխաները

Ծնողավարություն․ էկրաններն ու մեր երեխաները

Գաղտնիք չէ, որ երեխաները հսկայական ժամանակ են անցկացնում հեռուստացույցի, սմարթֆոնների, պլանշետների, համակարգիչների էկրանների առջեւ: Այս խնդիրն անհանգստացնում է բազմաթիվ ծնողների, չէ՞ որ սա այնքան էլ անվնաս չէ երեխաների համար:
Գիտական բազմաթիվ հետազոտությունների արդյունքներն այս առնչությամբ մտահոգիչ են: Օրինակ, Կայզերի ընտանեկան հիմնադրամի տվյալների համաձայն՝ մեծահասակների կողմից չվերահսկելու դեպքում 8-10 տարեկան երեխաներն օրական միջինը էկրանների առջեւ անցկացնում են 8-11 ժամ: Իսկ ավելի մեծահասակ պատանիներն «ապրում են գաջեթներում»՝ օրական 11 ժամ եւ ավելի: Այսինքն՝ նրանք իրենց օրվա ամբողջ ժամանակն անցկացնում են վիրտուալ աշխարհում: 

Էկրանի չարաշահումն ու բացասական հետեւանքները

• Սոցիալական հետընթաց (դեգրադացիա). գաջեթներով տարվելը հանգեցնում է մարդկանց հետ իրական շփման բացակայությանը: Օրինաչափ սոցիալական շփումներից զուրկ մարդը չի կարողանում, օրինակ, ճիշտ մեկնաբանել զրուցակցի դեմքի արտահայտությունները, տարբերակել նրա զգացմունքները՝ էմպաթիա, համակրանք, ապրումակցում: Այսինքն՝ գաջեթների չարաշահման դեպքում երեխան ձեւավորվում է մարդկային զգացմունքների, դրանց արտահայտչաձեւերի վերաբերյալ աղավաղված ընկալումներով:
• Վատատեսություն եւ ընկճախտ. գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, որոնք բողոքում են դժբախտ կյանքից, հեռուստացույցի մեծ սիրահար են, միեւնույն ժամանակ՝ իրենց երջանիկ զգացողներն ավելի շատ են իրական կյանքում շփվում, հանդիպում ընկերներին, ճամփորդում: 
• Նպատակասլացության բացակայություն. ապացուցված է, որ այն երեխաները, որոնք շատ ժամանակ են անցկացնում գաջեթների առաջ, նպատակասլաց չեն: Բանն այն է, որ վիրտուալ աշխարհում ձեռքբերումները բավական պարզ են ու դյուրին, ինչը չես ասի իրական կյանքի մասին: Սրա հետեւանքով երեխան պարզապես պատրաստ չէ դժվարությունների, ի վիճակի չէ համառություն ցուցաբերել եւ գործն ավարտին հասցնել: Ինչպես նաեւ՝ իրական գործերը, համեմատած վիրտուալի հետ,  ձանձրալի են: Ավելին՝ ծնողների առաջադրած ցանկացած խնդրանք, գործ՝ հավաքել սենյակը, անել դասերը, երեխայի կողմից բացասաբար են ընկալվում: 
• Ճարպակալում, ավելորդ քաշ. սա էկրանների առջեւ երկար ժամանակ անցկացնելու բացասական հետեւանքներից է: Երեխան էկրանի առաջ ավելի շատ է ուտում, քան անհրաժեշտ է: Շատ ծնողներ, երեխային կերակրելիս, միացնում են մուլտֆիլմեր, որպեսզի փոքրիկը, տարվելով մուլտֆիլմով, մեխանիկորեն բացի բերանը: Սրա հետեւանքով ձեւավորվում է սովորություն՝ ուտելիս էկրանից աչքը չկտրել, որն ուղեկցում է նրան նաեւ հետագա կյանքում: Մինչդեռ երեխան պետք է ուտի սեղանի մոտ՝ առանց գաջեթների ու հեռուստացույցի:

«Կախվածություն էկրաններից». ինչպե՞ս ձերբազատվել

• Երեխայի հետ զրուցեք եւ զրուցեք ոչ թե բղավոցներով, արգելքներով, այլ բացատրելով, որ մտերիմների հետ իրական շփումը հնարավոր չէ փոխարինել որեւէ խաղով կամ գաջեթով: Այո՛, դրանք պետք է առկա լինեն երեխայի կյանքում, բայց խելամիտ սահմաններում՝ առանց ֆանատիզմի:
• Կարելի է օրագիր պահել, որտեղ կգրեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ էկրանի առջեւ անցկացրած ժամանակը, ինչը վիճաբանությունների ժամանակ ձեզ համար լավ փաստարկ կդառնա:
• Երեխային առաջարկեք արժանի այլընտրանք: Օգնեք նրան իրական կյանքում նոր հետաքրքրություն գտնել: Եթե երեխան տարվի այդ նոր զբաղմունքով, նա այլեւս չի կառչի էկրանին: 
• Փոքրիկներին ուրախացրեք նոր խաղալիքներով, որոնք զարգացնում են նրանց երեւակայությունը: Չէ՞ որ այդպիսի խաղալիքների տեսականին այսօր շատ մեծ է՝ կոնստրուկտորներ, մատներով նկարելու ներկեր, փազլներ:
• Դեռահասի համար կարելի է հեծանիվ, անվաչմուշկ գնել, դրանցով գնալ զբոսանքի: Իսկ երեկոյան ընտանիքի բոլոր անդամներով, օրինակ, կազմեք «ցանկությունների տախտակ», որտեղ յուրաքանչյուրը կներկայացնի իր երազանքը: Կամ՝ տանը ֆիլմեր դիտելը փոխարինեք համերգների ու ներկայացումների հաճախելով, այցելեք հետաքրքիր միջոցառումներ, որոնք կազմակերպվում են հանգստյան օրերին:
• Ավագ դպրոցականները հաճախ են դպրոցական տարբեր նախագծեր կատարում համակարգչով: Հնարավորության դեպքում նրանց առաջարկեք տեղեկատվությունը փնտրել ոչ թե համացանցում, այլ՝ գրադարաններում, ընթերցասրահներում, թանգարաններում, այնտեղ, որտեղից կարելի է անհրաժեշտ տեղեկատվությունը գտնել:
• Մի մոռացեք, որ երեխաներն օրինակ են վերցնում մեծահասակներից: Եվ եթե դուք ամբողջ օրը սմարթֆոնը ձեռքիդ չեք նստում կամ չեք երազում եւս մեկ հեռուստացույց ունենալ խոհանոցում, ապա երեխան նույնպես կփորձի շփվել ձեզ հետ ու հասկանալ, թե ինչ եք դուք իրենից ուզում:
• Ցույց տվեք սեր, համբերատարություն. ձեր օրինակով երեխան պիտի տեսնի, որ ոչ մի գաջեթ չի կարող փոխարինել մտերիմների հետ շփմանը: Երեխայի համար բացահայտեք իրական կյանքը՝ իր բոլոր գույներով, եւ վստահ եղեք՝ այդ աշխարհը նա, անկասկած, կհավանի:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Աղբյուր՝  ya-roditel.ru