Զուտ ոճային առումով Արթուր Մկրտչյանին նման չի, բայց չեմ բացառում

Զուտ ոճային առումով Արթուր Մկրտչյանին նման չի, բայց չեմ բացառում

Ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Վարագյանը նախօրեին գրառում էր կատարել՝ պատմելով, որ ինքն ականատես է եղել, թե ինչպես է նախօրեին «Տրիումֆ» սրճարանում Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը հեռախոսով գոռում․ «Ի՞նչ կապ ունի որ երեք անչափահաս երեխա ունի ու օրենքով նրան ազատազրկել չի կարելի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, ոնց ուզում ես՝ արա, դրանք պետք է նստեն»:

Նույն օրը գիշերը՝ ժամը 2-ի կողմերը, Երեւանի դատարանի Ավանի նստավայրում տեղի է ունեցել «Գագիկ Սողոմոնյան» կեղծ էջի գործով դատական նիստը, քննվել է ԱԱԾ-ի կողմից ձերբակալված չորս անձանցից մեկի՝ Արամ Լեւոնի Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը։ Դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը՝ երկու ամսով կալանավորելով Արամ Սարգսյանին, ով երեք անչափահաս երեխաների հայր է։ Վարագյանը նաեւ գրել էր․ «Արթուր Մկրտչյանի կողմից երեկ այդ ժամին «Տրիումֆ» կաֆեում գտնվելու եւ իրար խառնված եղանակով հեռախոսով խոսալը, սեղանից սեղան քայլելը կարող են հավաստել ոչ միայն իմ հետ միաժամանակ եղած իմ ընկերները, այլեւ «Տրիումֆ» կաֆեում տեղադրված տեսախցիկները։

Ավելին, բավարար է ստուգել, թե երեկ ժամը 22:00-ից հետո երեք անչափահաս երեխաներ ունեցող որ անձն է կալանավորվել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, եւ պարզ կդառնա, թե որ անձն է ապօրինի բանտարկվել Արթուր Մկրտչյանի ուղղակի հանձնարարությամբ»։ Ցավոք, «Տրիումֆ»-ում մեզ ասացին, որ տեսախցիկներ չունեն, իսկ մատուցողները Մկրտչյանին լուսանկարով չճանաչեցին։ Չնայած, օգտատերը նշել է, որ այս փաստերի շուրջ պատրաստ է հարցաքննվել ցանկացած քննչական մարմնում՝ խնդրելով իր գրառումը դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում։ 

Երեկ մենք զրուցեցինք ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ՝ արդյոք ԲԴԽ-ն պատրաստվո՞ւմ է ընթացք տալ այս հրապարակմանը եւ որեւէ գործընթաց սկսել դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի նկատմամբ։ «Միանշանակ՝ ոչ, որովհետեւ Բարձրագույն դատական խորհուրդը նման լիազորություն չունի։ ԲԴԽ-ն կարող է արձագանքել միայն այն դեպքում, երբ որ կլինի կարգապահական վարույթ, կամ վարույթ հարուցող մարմիններից որեւէ մեկն այդ հարցով կդիմի ԲԴԽ։ Իր նախաձեռնությամբ ԲԴԽ-ն ոչինչ չի անելու, քանի որ հավանականությունը, որ վերջում դա կարգապահական վարույթի տեսքով է քննվելու, հետեւաբար, որեւէ նախաձեռնություն ԲԴԽ-ի կողմից չի կարող լինել»,- ասաց Ռ․ Վարդազարյանը։

- Այսինքն՝ արդարադատության նախարարությա՞ն կողմից պիտի վարույթ հարուցվի, որ քննեք։

- Այո, եթե գտնեն, որ առերեւույթ խախտման հիմքեր կան, եւ գտնեն, որ խախտում կա, պետք է հարուցվի եւ ուղարկվի Բարձրագույն դատական խորհուրդ՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու։ Կամ միգուցե հարուցեն իրենք վարույթը, նյութերն ուսումնասիրեն եւ գտնեն, որ չկա, որը ես շատ հավանական եմ համարում եւ շատ լավ ճանաչում եմ պարոն Մկրտչյանին, զուտ ոճային առումով իրեն նման չի, որ պարոն Մկրտչյանը կարող էր նման քայլի դիմել, թեեւ հարցազրույցներից մեկում ինձ հստակ հարց տվեցին՝ Դուք բացառո՞ւմ եք, թե՞ ոչ, ես պատասխանեցի՝ չեմ բացառում, բայց չեմ հավատում, ճիշտն ասած, որ նման բան կարող էր տեղի ունենալ։

- Այս օրերին տեղի ունեցող ձերբակալությունների եւ կալանավորումների հետ կապված՝ մեզ տեղեկություններ են հասնում, որ այս գործընթացներին միջամտում է ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը, ով ստվերային կերպով փորձում է ազդել դատարանների որոշումների վրա։

- Ես նման տեղեկության չեմ տիրապետում, դատարանի գործունեությանը միջամտելը քրեորեն հետապնդելի արարք է, եւ նման պնդումներ անելիս պետք է չափազանց զգույշ լինել, որովհետեւ դա շատ նման է մեղադրանքի։ Միայն ապացույցների առկայության դեպքում կարելի է նման պնդում անել, հակառակ դեպքում դա ասեկոսե է, որը վնասում է ե՛ւ դատական իշխանությանը, ե՛ւ Հայաստանի Հանրապետության՝ որպես իրավական երկրի, հեղինակությանը։ Ցանկացած պնդում՝ դատարանի հետ կապված, պետք է լինի շատ խիստ, համոզիչ եւ փաստարկված։

- Խոսում են, որ Գագիկ Ջհանգիրյանի համար սա քննության փուլ է՝ իշխանությանն ապացուցելու, որ ինքը կարող է ազդել դատարանների գործունեության վրա։

- Տեսա՞ք, Դուք հարցն էսպես ձեւակերպեցիք՝ ասում են։ Է, Դուք էլ ասեք։ Դուք էլ ասեք՝ էդպես չի, կամ ասեք՝ էդպես է, ի՞նչ է դրանից փոխվելու։

ՀԳ․ Մենք փորձեցինք այս թեմայով մեկնաբանություն ստանալ ինչպես Արթուր Մկրտչյանից, այնպես էլ Արմեն Աբազյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։