Ոստիկանները դժգոհում են չդադարող միտինգներից

Ոստիկանները դժգոհում են չդադարող միտինգներից

Ոստիկանության համակարգում լուրջ դժգոհություն կա՝ կապված այն բանի հետ, որ իրենց ամբողջ ռեսուրսն ամիսներ շարունակ կենտրոնացնում են միտինգների եւ մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու վրա։ Նախ հիշում են, որ նախկինում երբեք նման բան չէր եղել, որ երկրի ղեկավարի տեղաշարժի համար բազահազարանոց ոստիկանական ուժեր մոբիլիզացվեին։ Հետո դժգոհում են, որ իրենց բանուգործը թողած՝ ամբողջ օրը Ազգային ժողովի պատերի տակ կանգնած են։ «Մեր գործը հանցագործությունները կանխելը, նախականխելն ու բացահայտելն է, բայց մեզ օրերով տանում կանգնեցնում են ԱԺ-ի պատերի տակ, ինչի համար՝ մենք էլ չգիտենք»,- դժգոհում էին ոստիկանության ծառայողները։

Դրա հետեւանքով, ի դեպ, մեծացել է նաեւ հանցագործությունների ռիսկը։ Նմանատիպ դժգոհություններ, որոնք հաճախ ուղեկցվում են գործող իշխանությունների ու հատկապես Նիկոլ Փաշինյանի հասցեին վատ խոսքերով, կարելի է լսել նաեւ ցույցերի ժամանակ։ Ոստիկանները երբեմն մեզնից են հետաքրքրվում․ «Ե՞րբ է սա գնալու՝ մենք էլ ազատվենք, դուք էլ»։ Ընդ որում, խոսակցությունները, թե ոստիկաններին օրը 20 հազար դրամ կամ ինչ-որ պրեմիաներ են տալիս, մեզ հետ զրուցող ոստիկանները հերքեցին՝ ասելով․ «Ոչ մի կոպեկ էլ չեն տալիս, մենք որ չենք ստացել, մենք մեր հաշվին գնում ենք, մեր հաշվին սնվում»։

Օրերս Ֆեյսբուքում այս իրավիճակից իրենց դժգոհությունն էին հայտնել նաեւ ոստիկանության ծառայողների կանայք, որոնք իրենց ամուսիններին ամիսներ շարունակ օրերով չեն տեսնում։ Ի դեպ, մեզ ասացին, որ երկու մարզից՝ Շիրակից ու Լոռուց, ոստիկանները հրաժարվել են գալ Երեւան։ Նրանց բերում էին, որպեսզի ապահովեին իրենց ծառայակից ընկերներին Շուշիում «սպանդի» ուղարկած Փաշինյանի անվտանգությունը կամ ցրելու նրա դեմ իրականացվող միտինգները։ Այս տեղեկությունը պաշտոնապես ճշտել չհաջողվեց։