Կարեւորն այն է, որ թրենդը խաղաղության օրակարգն է

Կարեւորն այն է, որ թրենդը խաղաղության օրակարգն է

Բաքվում սպասում են, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին մանրամասներ պատմի եռակողմ հանդիպումից։ Ադրբեջանական տելեգրամյան ալիքների եւ սոցկայքերի օգտատերերը շարունակում են ակտիվորեն քննարկել կիրակի օրը Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիեւ եռակողմ հանդիպումը։ Մենք արդեն ներկայացրել էինք, որ ադրբեջանական հասարակությունը, ընդհանուր առմամբ, գոհ է այդ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից։ Սակայն, այդ ընդհանուր դրական ֆոնի հետ մեկտեղ, կան նաեւ բավականին ուշագրավ նյուանսներ։ «Մեզ պետք է խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ։ Ինչո՞ւ է Հայաստանն ուշացնում, անհասկանալի է։ Պուտինը վաղուց էր ասել՝ ստորագրեք։ Բայց Փաշինյանը ձգձգում է։ Ո՞վ է մեղավոր, որ Փաշինյանն Արեւմուտքի նվագի տակ է պարում եւ ոչ թե Ռուսաստանի»,- նշում են տելեգրամյան մի շարք օգտատերեր։

«Ո՛չ Եվրոպային, ո՛չ Արեւմուտքին, առհասարակ, եւ ո՛չ էլ Ռուսաստանին պետք չէ, որ Ղարաբաղում հանգիստ լինի։ Ու, ցավոք, մեր հարեւանները մարիոնետներ են՝ ով ինչ ասի, անում են։ Սա մեծ խաղ է, համբերատարության փորձություն»,- նկատում են այլ օգտատերեր։ «Եվրոպային պետք է խաղաղ Ադրբեջան՝ որպես ռուսական գազի այլընտրանքային մատակարար»,- արձանագրում է օգտատերերի մեկ այլ խումբ։ Ուշագրավ է այն, որ ադրբեջանական հասարակությունում սպասում են, թե տեղի ունեցած եռակողմ հանդիպման նույնիսկ ոչ հրապարակելի մանրամասները կներկայացնի ոչ թե իրենց նախագահը, այլ Հայաստանի վարչապետը, քանի որ Փաշինյանը սովոր է խոսել ամեն ինչի մասին, անկախ այն հանգամանքից, թե ինչն է կարելի ասել, ինչը՝ ոչ։ «Մի քանի օրից հայկական խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին Փաշինյանը կներկայացնի մանրամասներ։ Նա իրականությունը մի փոքր գունավորելով ու չափազանցնելով՝ կպատմի ամեն բան։ Բայց սովորաբար ամեն բան կգնա իր հունով, մինչեւ Մոսկվա զանգահարելը կամ Մոսկվայից զանգ ստանալը»,- նշում է Կամրան անունով օգտատերը։

Մի օգտատեր էլ նկատել է, որ եթե ռուսները «ջուրը չպղտորեն», ամեն ինչ լավ կլինի, սակայն Հայաստանը Ռուսաստանի բռի մեջ է ու ինչ որոշում էլ կայացնի ԵՄ-ի հետ, պետք չէ 100 տոկոսով հավատալ։ Ֆարհադ Մամեդովի կարծիքով, շատ բան կախված կլինի որոշումների մեկնաբանության ձեւից։ Ու այն, որ հինգ ժամ քննարկել են, ցույց է տալիս, որ օրակարգային հարցերը եղել են բարդ, որոշումներն էլ կայացվել են ծանր քննարկումներից հետո։ Սակայն կարեւորն այն է, որ թրենդը խաղաղության օրակարգն է։ Հետաքրքիր է, որ ադրբեջանական փորձագետները չեն հավատում, թե Փաշինյանը մինչեւ վերջ իր խոսքի տերը կլինի եւ կկատարի ստանձնած հանձնառությունները, թեեւ կան նաեւ այնպիսիք, որ կարծում են, որ «Փաշինյանն ազնիվ է, իսկ Ալիեւը՝ իմաստուն, ու ամեն բան կընթանա դեպի խաղաղության կայացում»։ Առավել լավատեսներն էլ ֆիքսում են․ «Արդեն ժամանակն է եկել, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները հաշտվեն»։