Ինչպես էր փոխվում թավիշը. մայիսի 4

Ինչպես էր փոխվում թավիշը. մայիսի 4

Մեր այսօրվա ողբերգական վիճակի հիմքը դրվեց 2018-ի մարտի 31-ին, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց Գյումրի-Երեւան քայլարշավն ու հասավ այն բանին, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եւ մայիսի 8-ին ինքը դարձավ վարչապետ: Մենք փորձել ենք վերականգնել անցյալը եւ ներկայացնել հեղափոխականների տրանսֆորմացիայի համառոտ ժամանակագրությունը՝ ըստ օրերի եւ տարիների։ Օր երեսունհինգերորդ՝ մայիսի 4:

2018թ․ մայիսի 4

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, «Քաղպայմանագիր» կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ բողոքի գործողությունների ժամանակ ցուցարարների՝ սեւ ժապավեններով ՀՀԿ-ականների նկարներ եւ խորհրդանշական դագաղներ պատրաստելն «Իմ քայլը» շարժման պատասխանատուների մտահղացումները չեն: «Դրանք ինքնաբուխ գործողություններ են եղել»,- վստահեցնում է նա, չնայած Նիկոլ Փաշինյանն էր հրապարակել հայտնի ՀՀԿ-ականների հեռախոսահամարներն ու բնակության հասցեները: Արայիկ Հարությունյանը հայտարարում է, թե իրենց համար անընդունելի են անձնական վիրավորանքները եւ վենդետաները: Սակայն իշխանության գալով՝ զբաղվում են միայն հայհոյել-վիրավորելով եւ վենդետաներով:

Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ քաղաքական դաշտում առկա արհեստավարժ կադրերը տեղ կունենան կառավարությունում, որի ձեւավորումը միանձնյա չի լինելու: Սփյուռքից եւս թեկնածուներ ունենք: Իրականում դա չարվեց: Պատմաբանը նշանակվեց մարզպետ, ապա՝ Հայաստանի բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար, այնուհետ՝ առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն: Մեկ այլ պատմաբան նշանակվեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, փոխվարչապետ, պաշտպանության նախարար, պատերազմում ամենաշատ մարդկային եւ տարածքային կորուստներ տված զինվորականը նշանակվեց արտակարգ իրավիճակների նախարար, եւ այսպես շարունակ: Սփյուռքից նշանակվեց միայն Զարեհ Սինանյանը, որից դժգոհ են բոլոր հայ համայնքները:

2019թ․ մայիսի 4

Պարզվում է, որ Երեւանի ավագանին մտադիր է կրկնապատկել քաղաքապետարանի աշխատողների, այդ թվում՝ քաղաքապետի աշխատավարձը։ Քաղաքապետը նախկին 575 հազար դրամի փոխարեն կստանա ամսական 1,2 միլիոն դրամ, ճիշտ այնքան, ինչքան երկրի վարչապետն է ստանում։ Քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն կստանան 641 հազար, եւ այսպես շարունակ: Իսկ քաղաքի խնդիրները մնում են չլուծված:

2020թ․ մայիսի 4

Մայիսի 3-ին կառավարությունը հայտարարել էր կարանտինային սահմանափակումները մեղմելու մասին: Մայիսի 4-ին «Այլընտրանքային նախագծեր խումբը» փաստերով հիմնավորում է, որ դա նշանակում է ամբողջ պատասխանատվությունը դնել հասարակության վրա, քանի որ․
ա․ որեւէ պետություն հիվանդացության աճի պայմաններում չի գնացել կարանտինի թուլացման 
բ․ առանց թեստավորումների քանակի էական ավելացման՝ կարանտինի թուլացումը կույր խաղի է նման․ մի պահից անհնար է լինելու տիրապետել իրականությանը 
գ․ առանց հիվանդանոցային ռեզերվների էական ավելացման՝ կարանտինի թուլացումը նմանվում է ավանտյուրայի 
դ․ որպես ամենահավանական սցենար՝ նշվում է այսուհետ ասիմպտոմ եւ թեթեւ հիվանդներին տնային պայմաններում մեկուսացնելու տարբերակը։ Արդյոք իշխանությունը չի՞ հասկանում, որ Հայաստանում բնակարանային պայմաններն այնպիսին են, որ մեծամասնությունը չունի տնային պայմաններում մեկուսանալու հնարավորություն։ Ի դեպ, նախարար Թորոսյանը բարձրաձայնում է, որ ասիմպտոմ կամ թեթեւ հիվանդը կարող է դառնալ այլոց ծանր հիվանդության կամ մահվան պատճառ։ Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե 2 սենյականոցում 5-6 հոգով ապրող մարդիկ ինչպես կարող են մեկուսանալ։ Պարետ Ավինյանի զգուշացումը, թե իրավիճակի վատթարացման դեպքում ամեն պահի կարող է վերադարձ լինել դեպի ավելի խիստ սահմանափակումների ռեժիմի, հակասական զգացողություններ է առաջացնում։ Չի բացառվում, որ Ավինյանն ուղղակի գտնվում է վարչապետի իմպուլսիվ քաղաքական ազդեցության տակ եւ չի կարողացել կասեցնել նմանօրինակ ավանտյուրան։ Կա վարկած, որ իշխանությունը շատ լավ հասկանում է ռիսկերը, բայց ունի իր հաշվարկները, այն է՝ մայիսի 14-ին լրանում է արտակարգ դրության վերջնաժամկետը, եւ դրանից հետո մի քանի օրվա ընթացքում իշխանությունը, վկայակոչելով հիվանդների թվի կտրուկ աճը, նորից արտակարգ դրություն կհայտարարի։ Իսկ իշխանությանն արտակարգ դրություն պետք է նաեւ քաղաքական պրոցեսները հետաձգելու համար։ Ակնհայտ է, որ լուրջ սոցիալական լարվածություն է կուտակվում։ Կա նաեւ ամենապարզ վարկածը՝ իշխանությունը պարզապես չգիտի ինչ անել։ Իսկ հայ հասարակության մի զգալի հատվածի համար սահմանափակումների թուլացումը նույնականացվում է վիրուսի վերացման հետ։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասում է, որ եթե մենք կարողանանք մեր աշխատանքի վայրում, ընտանիքում, փողոցում, տարբեր միջավայրերում պահպանել կանոնները, կկարողանանք հարմարվելով գնալ առաջ, իսկ եթե չկարողանանք, կունենանք պայթյունավտանգ բռնկումներ, երբ Հայաստանում հնարավոր է վարակված լինի 500 հազար քաղաքացի, տասնյակ հազարավոր հոսպիտալացվածներ, հազարավոր մահեր: Իսկ եթե, իսկապես, հասարակությունը չկարողանա պահել կանոնները: Ստացվում է, որ ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ոչ թե պետության, այլ հասարակության՝ ժողովրդի վրա: Ամբողջ խնդիրն այն է, որ նման պայմաններում սահմանափակումների էական թուլացումը, ամենայն հավանականությամբ, բերելու է հիվանդների թվի զգալի աճի։ Ինչ հաշվարկ էլ որ ունենա իշխանությունը, դրա հիմքում դրվում է տասնյակ հազարավոր մարդկանց առողջությունը։ 

2021թ․ մայիսի 4

44-օրյա պատերազմում գերի ընկած արաբներ՝ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամադ ալ-Շխերին եւ Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջին, դատապարտվում են ցմահ ազատազրկման՝ վարձկանության եւ պատերազմական այլ հանցագործությունների համար: Դատավճիռը կայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը։ Դատապարտվածները հայտարարում են, որ իրենց՝ ավելի քան 250 հոգու, Թուրքիայի Հանրապետության դրոշը կրող քաղաքացիական ինքնաթիռներով տեղափոխել են Թուրքիայի քաղաքացիական մեկ օդանավակայանից մյուսը, որտեղ իրենց են դիմավորել շուրջ 50 թուրք զինվորականներ: Վերջիններիս ուղեկցությամբ իրենք Ադրբեջանի դրոշը կրող ինքնաթիռով 2020 թվականի հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղափոխվել են Ադրբեջանի քաղաքացիական օդանավակայան, որտեղ նրանց դիմավորել են Ադրբեջանի զինված ուժերի համազգեստով ավելի քան 30 զինվորականներ, ովքեր, հաստատապես տեղյակ լինելով վարձկանների կողմից գումարի դիմաց Արցախի եւ Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմին մասնակցելու նպատակի մասին, առանց որեւէ հարց ուղղելու, անձնագրերը պահանջելու կամ ստուգելու, նստեցրել են ավտոմեքենաները եւ տեղափոխել Ադրբեջանի ռազմական օբյեկտներից մեկը: Թուրք եւ ադրբեջանցի զինվորականների կողմից պարբերաբար իրականացվել են նախապատրաստվող ռազմական գործողությունների վերաբերյալ քննարկումներ, որոնց ընթացքում վերջիններիս կողմից ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչեր են հնչել, այն է՝ չխնայել որեւէ անձի կյանքը, բոլոր հայերին գլխատել եւ սպանել: Բացի այդ, վարձկանները ստացել են Ադրբեջանի զինված ուժերի տարբերանշանով համազգեստ եւ զենք:

Հայաստանի Հանրապետության թավշյա իշխանությունը չցանկացավ միջազգային հարթակներում բարձրացնել այս հարցը եւ խոսում էր խաղաղության օրակարգից:

Շարունակելի

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ