Փաշինյանի թիմում մնացողներն ու գնացողները

Փաշինյանի թիմում մնացողներն ու գնացողները

Պատերազմում պարտվելուց, հողերը հանձնելուց եւ հազարավոր զոհեր տալուց հետո, երբ բոլորը Նիկոլ Փաշինյանին անվանում էին ազգի դավաճան ու կապիտուլյանտ, մարդիկ եղան, որոնք մնացին նրա թիմում ու շարունակեցին պաշտոնավարել եւ, Փաշինյանին հավասար, դավաճանի պիտակ ձեռք բերեցին։ Բայց ոմանք էլ պաշտոն ստացան պատերազմից հետո։ Մարդկանց թվում էր, թե պատերազմից հետո Փաշինյանին լքելու փոխարեն նրա կառավարությանը մաս կազմելն ընդամենը հայրենիքի կորստի ու հազարավոր զոհերի արյան գնով դավաճանական թիմում պաշտոն զբաղեցնելու կարիերիստական մղում է, ուրիշ ոչինչ։ Ժամանակը, սակայն, ցույց տվեց, որ ոչ բոլոր դեպքերում է այդպես։

Ոմանց դեպքում Նիկոլ Փաշինյանի թիմում պաշտոն զբաղեցնելը ոչ թե կարիերիզմ ու աթոռամոլուցք էր, այլ՝ հայրենասիրություն եւ անգամ՝ հերոսություն։ Խոսքը, իհարկե, ՔՊ-ականների մասին չէ, որոնք նրա թիմում են բացառապես նեղ անձնական շահից ելնելով, այլ այն մարդկանց, որոնք հույս են ունեցել, որ ինչ-որ հարցերում կկանգնեցնեն մեր երկրի գահավիժումը, երբեմն կբռնեն Փաշինյանի ձեռքը` թույլ չտալով, որ նա կործանարար սխալներ գործի: Եվ դա հատկապես արտաքյին գործերի նախարարությանը եւ դիվանագետներին է վերաբերում: Ինչքան էլ քննադատենք Զոհրաբ Մնացականյանին, նա պրոֆեսիոնալ դիվանագետ էր եւ փորձել է ինչ-որ հարցերում դերակատարում ունենալ, իսկ նոյեմբերի 9-ից հետո հրաժարական տվեց, քանի որ էական հակասություններ էին առաջացել նրա եւ վարչապետի միջեւ: Խոսքը նաեւ հաջորդ ԱԳ նախարարի` Արա Այվազյանի մասին է, ով նույնպես` կես տարի պաշտոնավարելուց հետո, ինքնակամ ազատվեց պաշտոնից՝ տեսնելով, որ անզոր է կանգնեցնել Նիկոլ Փաշինյանի կործանարար արտաքին քաղաքականությունը։ Խոսքն այն դիվանագետների մասին է, որոնք հրաժարականներ են տվել ու հեռացել. փոխնախարարներ Ավետ Ադոնց, Գագիկ Ղալաչյան, Արտակ Ապիտոնյան, Շավարշ Քոչարյան, ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյան: Այս անձինք 2018-ից ի վեր դիմադրել են հեղափոխականների ձեռնարկած քայլերին, փորձել են կանգնեցնել պրոցեսները, հիմա պայքարը շարունակում են փողոցում։ Վերջերս Ազատության հրապարակում հայտնված Արա Այվազյանը մեր հարցին, թե ինչու համաձայնեց նախարարի պաշտոն զբաղեցնել Փաշինյանի կառավարությունում, ասաց․ «Հուսով եմ՝ հավատում եք, որ այդ պաշտոնը ստանձնել եմ՝ չելնելով կարիերայի եւ առաջխաղացման անհրաժեշտությունից»։

Նրա դեպքում հավատում ենք, բայց դժվար է հավատալ, օրինակ, պատերազմից հետո սոցապնախարարի պաշտոն զբաղեցրած Մեսրոպ Առաքելյանին, ով մեզ հետ զրույցում վստահեցնում էր, թե այդ պաշտոնը ստանձնել է, որպեսզի թեթեւացնի պատերազմից հետո սոցիալական ծանր վիճակում հայտնված մեր քաղաքացիների հոգսն ու որեւէ օգտակար գործ անի Հայաստանի ու Արցախի համար։ Նա, ճիշտ է, մի քանի ամիս անց դարձյալ հրաժարական ներկայացրեց ու դուրս եկավ պետական կառավարման համակարգից, բայց այնպես չէ, թե դեմ էր Փաշինյանի վարած քաղաքականությանը եւ հիմա փողոց է դուրս եկել՝ ընդդեմ Արցախը հանձնելու։ Այսօր նա ու իր գլխավորած կուսակցությունն ավելի շատ Փաշինյանին աջակցող ընդդիմության դեր են ստանձնել։

Այս տարիներին աշխատած եւ հրաժարական տված պաշտոնյաներից է նաեւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Թեեւ նա իր պաշտոնավարման ընթացքում հիմնականում արդարացնում էր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, սակայն ինչ-որ պահի վճռականություն ցուցաբերեց եւ դեմ դուրս եկավ նրան՝ չկատարելով Փաշինյանի հրահանգը՝ մաքսային պաշտոնյային զուտ վարչապետի քմահաճույքով աշխատանքից ազատելու հետ կապված։ Գուցե այլ տարաձայնություններ էլ է ունեցել վարչապետի հետ, ուստի որոշ ժամանակ անց ազատվեց պաշտոնից։

Ի դեպ, Անանյանը հրաժարական էր ներկայացրել պատերազմից առաջ՝ 2020 թ․ հունիսի 4-ին։ Այսինքն՝ տարաձայնությունները, հավանաբար, պայմանավորված էին ոլորտի կառավարման հետ կապված հարցերով։ Անանյանից մոտ մեկ տարի ավելի վաղ իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվեցին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք 2018 թվականի հերոսներից էին եւ, կարելի է ասել, Փաշինյանի հետ էին եկել իշխանության։

Նրանք, անշուշտ, կարող էին մնալ ու շարունակել պաշտոնավարել, սակայն, հավանաբար, մեզնից շատ էին տեղեկացված եւ մեզնից լավ էին հասկանում, թե Փաշինյանն ուր է տանում երկիրը: Վանեցյանը հրաժարվեց պաշտոնից 2019 թ․ սեպտեմբերի 16-ին, իր հրաժարականի տեքստում հանդես գալով կոչով․ «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»։ Այդ ժամանակ շատ քչերը հասկացան, թե ինչ է ասում Վանեցյանը։ Երեք օր անց՝ սեպտեմբերի 19-ին, պաշտոնից ազատվեց նաեւ Վալերի Օսիպյանը: Այսօր նրանք երկուսն էլ փողոցում են՝ ընդդեմ Փաշինյանի ու հանուն Արցախի եւ Հայաստանի։

Այս բոլորի փոխարեն Նիկոլ Փաշինյանի թիմում հայտնվեցին յուրային ՔՊ-ականներ, որոնք որեւէ կերպ չեն հակառակվի իր՝ ամենակործանարար որոշումներին։ ԱԳ նախարարի պաշտոնում Արա Այվազյանին փոխարինեց Արարատ Միրզոյանը, քննչականի Հայկ Գրիգորյանի փոխարեն՝ Արգիշտի Քյարամյանը, Դավիթ Անանյանի փոխարեն՝ Ռուստամ Բադասյանը, Դավիթ Սանասարյանի փոխարեն՝ Ռոմանոս Պետրոսյանը: