Որտե՞ղ եմ, արդյոք, սխալվում

Որտե՞ղ եմ, արդյոք, սխալվում

Կարծում եմ՝ շատերն ինձ հետ կհամաձայնեն, եթե ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը պրոյեկտ է: Նա քաղաքական օյ, օյ, օյ դեմք չէ, ոչ էլ, մանավանդ, ինքնուրույն խաղացող: Քաղաքական ասպարեզում նրա ամենալուրջ ներկայացվածությունը 2017 թվականին էր, երբ որպես ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար՝ հայտնվեց խորհրդարանում: Ասել, որ դա տեղի ունեցավ առանց ՀՀ իշխանությունների «հոգատարության», ճիշտ չի լինի: Բավական է հիշել ՀՀ իշխանությունների կողմից ՀԱԿ-ի «երկխոսացումը», այդ երկխոսության արդյունքում Նիկոլի ազատ արձակումը եւ 2012թ. խորհրդարանական ընտրություններով նրա՝ ԱԺ-ում հայտնվելը, որպես ՀԱԿ պատգամավոր:

Իսկ թե ինչպես «վատացան» ՀԱԿ-ի ու Նիկոլի հարաբերությունները, հիշում են բոլորը: Նիկոլի «կոնցեպցիան»՝ «ո՛չ Հայաստանի սերժանտացմանը, ո՛չ Հայաստանի դոդացմանը», ՀԱԿ-ի մոտ չէր աշխատել, փաստորեն: Լեւոն Տեր-Պետրոսյանը բավականին «մտերիմ» էր Սերժ Սարգսյանի հետ եւ միեւնույն ժամանակ ընկերություն էր անում Գագիկ Ծառուկյանի հետ, ինչն ուղղակի կրախի էր մատնել Նիկոլ Փաշինյանի «ընտանեկան» թերթի հռչակած սկզբունքները: Այսուհանդերձ, «արմատական» ընդդիմադիրի թիկնոց հագած, Նիկոլը 2017թ. «Ելք» դաշինքով մտավ ԱԺ՝ մեկ վայրկյան անգամ չհապաղելով ընդունել ընտրությունների արդյունքները, որոնք միանձնյա իշխանություն էին ապահովել նրա «երդվյալ հակառակորդ» ՀՀԿ-ի համար:

Կեղծվե՞լ էին այդ ընտրությունների արդյունքները: Իհարկե: Եվ, առհասարակ, 1991-ից այսկողմ Հայաստանում չկեղծված ընտրություններ չեն եղել: Մի օր ժամանակ ունենանք՝ Մուկուչյանին տանենք իր խոստովանահոր մոտ ու կողքից ականջ դնենք… Ինչե՛ր կպատմի… Կեղծված էին նաեւ 2017թ. խորհրդարանական ընտրությունները: Փաշինյանի գլխավորած «Ելք» դաշինքը ՀՀԿ-ի կողմից «նայվող» շատ ընտրատարածքներում երկրորդն էր, ինչը նոնսենս էր գոնե ինձ համար:

Դիցուք՝ Ավանում, որտեղից օձն իր պորտով, հավքն իր թեւով չէր կարող քվե փախցնել, Փաշինյանը հանկարծ հայտնվեց 2-րդ տեղում՝ շրջանցելով անգամ ՀՀԿ-ի ավանդական մրցակից ԲՀԿ-ին: Իսկ ո՞վ էր Մալաթիա-Սեբաստիայում աջակցում Նիկոլին: Սամվել Ալեքսանյանին չի՞ պատկանում, արդյոք, «Նիկոլը մեր ախպերն ա» հայտնի «բացահայտումը»: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ այդ ընտրություններից ընդամենը մեկ տարի հետո, չի տեղավորվում անգամ հրաշապատումների անծայրածիր անդաստաններում: Թավշյա հեղափոխություն հորջորջված այդ թատրոնին այստեղ չեմ անդրադառնա եւ կբավարարվեմ ընդամենը մեկ-երկու հարցադրմամբ՝  ինչո՞ւ Սերժ Սարգսյանը ՀՀ ոստիկանությանը չարտոնեց լուծել Փաշինյանի փոքրաթիվ խմբի հարցերը մինչեւ նրա՝ Երեւան հասնելը, ինչո՞ւ Փաշինյանի երթումիտինգները չորակվեցին որպես հեղաշրջման փորձ, եւ ինչո՞ւ այնպես արվեց, որ Երեւանի կայազորն ու բարձրաստիճան ոստիկաններ հայտնվեցին այդ երթերում:

Սերժ Սարգսյանի ուշացած բացահայտումները, թե իր դեմ իրականում ավելի հզոր ուժեր էին կանգնած, քան Նիկոլն էր, եւ ինքը ոչ թե Նիկոլին, այլ այդ ուժերին է պարտվել, մեղմ ասած, չեն փարատում այն կասկածները, որ Փաշինյանն ընդամենը պրոյեկտ է, որ իշխանության է բերվել հատուկ նպատակով, այն է՝ մեղմացնել հիշյալ հզոր ուժերի հարվածները եւ ապակողմնորոշել նրանց՝ վերահաս գունավոր հեղափոխությունն իրականացնելիս: Կարճ ասած՝ չենք կարող բացառել, որ հենց ՀՀ իշխանությունների առաջարկով է Փաշինյանը հանվել փողոց, որպեսզի կարողանանք խուսափել ուկրաինական մայդանների սցենարից:

Կարճ ժամանակ անց «հայկական հեղափոխությամբ» հիացած Արեւմուտքը հասկացավ, թե ինչ է կատարվել, բայց գնացքը, ինչպես ասում են, գնացել էր, իսկ մինչեւ ուղնուծուծը ռուսալեզ Փաշինյանն էլ խրոխտ ելույթներ էր ունենում արեւմտյան մայրաքաղաքներում, զավեշտալի ընդունելություններ կազմակերպում արեւմտյան ղեկավարների համար՝ Երեւանում: Արեւմուտքն ուշքի եկավ միայն այն ժամանակ, երբ իր հովանավորած «հեղափոխության» գլուխ անցած Նիկոլն սկսեց բացվել ու ղարաբաղյան հարցի կարգավորման «սեփական» ծրագիրը ներկայացնել: Ապշած էին բոլորը՝ թե՛ ռուսները, որ Լավրովի պլանն էին մտմտում, թե՛ Արեւմուտքն ու Լոնդոնը, որոնց հետաքրքրում էր իրենց խողովակաշարերի անվտանգությունը, թե՛ Իրանն ու Չինաստանը, որոնց համար Հայաստան-Արցախը դարպաս էր դեպի Եվրոպա, եւ թե՛ մենք՝ հայերս: Ինչպիսի՞ հոգեզմայլանք էր մեզ համար «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությունը, թեկուզ Նիկոլի ճղճղան կատարմամբ:

Արեւմուտքին, սակայն, վերջնականապես զզվեցրեց Փաշինյան-Պուտին անսքող սիրախաղը, եւ հայտնի ուժերը «շրխկացրին» թակարդը Փաշինյանի շուրջ՝ վերջինիս դոսյեն, փոխանցելով Թուրքիային, որն էլ իր հերթին չհապաղեց Ռուսաստանին կանգնեցնել կատարված փաստի առաջ: 44-օրյա պատերազմից հետո մեր տարածաշրջանում հաստատվեց միանգամայն նոր «ստատուս քվո»՝ թե՛ պետական սահմանների, թե՛ ազդեցության գոտիների եւ թե՛ հիմնական խաղացողների առումով: Խնդիրը, ինչպես ասում են, լուծվեց «սիրիական» սցենարով՝ բոլորը գոհ են, բացի Հայաստանից. Ադրբեջանը մի բան էլ ավելիով հետ ստացավ տարածքները, Ռուսաստանը կարողացավ ամրապնդել իր իշխանությունը թուլացած Հայաստանում եւ Արցախում, արեւմտյան խողովակաշարերն ապահովագրվեցին առնվազն հայկական կողմի հնարավոր «դիվերսիաներից», հեռանկար բացվեց Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ցամաքային հաստատուն կապի եւ պանթուրանական նկրտումների համար, մեր տարածաշրջանով երբեւէ դեպի Եվրոպա անվտանգ ճանապարհ ունենալու հույսեր ստացան Չինաստանն ու Իրանը, բայց արդեն ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի եւ Թուրքիայի թողտվության եւ բարի կամքի շնորհիվ:

Ի՞նչ է սպասվում Նիկոլին թուրք-ադրբեջանական գերության մեջ: Փայլուն ապագա, փող, փառահեղ կյանք՝ Հայաստանի ու հայ ժողովրդի հաշվին: Բավական է Փաշինյանը փորձի ազատվել Թուրքիայի կապանքներից, կանգնել Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին, եւ նրա համար ամեն ինչ կվերջանա:

Փաշինյանը, ըստ էության, Հայաստանի այն ղեկավարն է ճակատագրով, որին երկար էին սպասել մեր դարավոր թշնամիները: Ահա թե ինչու ոչ մի պարագայում չի կարելի բացառել, որ նրա վերջին հաղթանակն ԱԺ արտահերթ ընտրություններում մեծապես պայմանավորված է նաեւ թուրք-ադրբեջանական գործոնով: Լեւոն Տեր-Պետրոսյանը պատահաբար չնախազգուշացրեց, որ այս ընտրությունները լինելու են ամենախայտառակը Հայաստանի Հանրապետության կյանքում: Այդպես էլ կա: Սուտ են այն պնդումները, թե հայ ժողովուրդը ձայն տվեց կապիտուլյանտ, ազգադավ, դավաճան, հողատու, ստահակ, ստոր եւ խաբեբա իշխանությանը: Նման բան լինել ուղղակի չէր կարող, եթե չկեղծվեին ընտրության արդյունքները:

Փաշինյանը դեռ երկար կարող է մնալ իշխանության, այնքան, որքան կպահանջեն օտարների շահերը, գուցե նաեւ այնքան, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ պետություն, չի վերանա քարտեզի երեսից: Իսկ ամենացավալին էլ այն է, որ կաշխատեն Փաշինյանին իշխանության գլխին պահել նաեւ հայկական այն շրջանակները, որոնք վստահ են, որ Թուրքիային փոխանցված Փաշինյանի դոսյեում իրենց մասին էլ հետաքրքիր տեղեկություններ կան: