Քյարամյանին՝ կոչում, Առուշանյանին՝ կալանավորում, Խաչատուրովին՝ ազատում. ինչպես եղեռնից առաջ…

Քյարամյանին՝ կոչում, Առուշանյանին՝ կալանավորում, Խաչատուրովին՝ ազատում. ինչպես եղեռնից առաջ…

Փաշինյանական Հայաստանում ամեն ինչ գլխիվայր է շրջվել, պարտված պատերազմում նահանջած, դիրքեր, բարձունքներ ու տարածքներ հանձնած հրամանատարները կոչումների ու պարգեւների են արժանանում: Ամաչելու փոխարեն ոմանք հպարտանում են պարտությամբ: Պարտված գերագույն գլխավոր հրամանատարը երկրի կառավարումից հեռացվելու կամ ինքնակամ հրաժարական տալու փոխարեն մուրճը վերցնում է ձեռքը եւ սկսում սպառնալ երկիրն անվտանգ պահած նախորդ ղեկավարներին եւ վերընտրվում է:

Թշնամին խոշտանգում է մեր զինվորներին ու ասպատակում մեր երկրի ինքնիշխան տարածքը, իսկ մեր երկրի ղեկավարը նրան համարում է կառուցողական: Մեր հայրենիքն ազատագրած ու երկար տարիներ անվտանգ պահած գեներալներն ու հրամանատարները համարվում են թշնամի, ազատվում են պաշտոններից եւ անգամ քրեական հետապնդումների են ենթարկվում: Թշնամու հանդեպ քարոզում են սեր եւ հանդուրժողականություն, հայրենասեր հայերի հանդեպ՝ ատելություն եւ վրեժ: Զավեշտների այս ցանկը կարելի է երկար շարունակել: Այս աբսուրդի թատրոնում այնքան ենք խեղկատակություններ տեսել, որ կորցրել ենք զարմանալու հատկությունը:

Օրերս ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին տվեցին Արիության մեդալ: Իսկ թե որտեղ, երբ եւ ինչ հանգամանքներում է Քյարամյանն արիություն դրսեւորել, մեդալ շնորհողը չի մանրամասնում: Քյարամյանին մամուլն անդրադարձել է բազմիցս, ներկայացրել, թե ինչպես է անհասկանալի ու գաղտնիքներով լի այս երիտասարդին Փաշինյանը թռիչքաձեւ բարձրացնում տարբեր պաշտոնների եւ ինչու այդքան արագ նշանակեց երկրի ամենակարեւոր կառույցի ղեկավար, անգամ այն դեպքում, երբ դրա դեմ ընդվզեցին ԱԱԾ վաստակաշատ գեներալներ:

Պատերազմը սկսվելու ժամանակ հենց Քյարամյանն էր ԱԱԾ տնօրենը: Նա, առանց պաշտոնական հիմնավորման, ազատվեց պաշտոնից եւ անհասկանալի առաքելությամբ մեկնեց Արցախ: Թե ինչով էր զբաղված այնտեղ, ինչ էր անում Շուշիում, որը լքեց հանձնելուց ժամեր առաջ, հայտնի չէ: Քյարամյանն այս ողբերգական պատերազմի «սեւ արկղերից» է, որը շատ գաղտնիքների ու հարցերի պատասխաններ գիտի: Թերեւս Փաշինյանը Քյարամյանին կապված է շատ գաղտնիքներով․ ինչպես հայտնի չէ այս երիտասարդի ծագումնաբանությունը, այնպես էլ հայտնի չէ նրա դերակատարումը Փաշինյանի իշխանության համար: Եվ այսօր նա Արիության մեդալ է ստանում…

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գրիգորի Խաչատուրովին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիր է ստորագրել: Խաչատուրովն այն բացառիկ հրամանատարներից է, որը սկզբունքորեն մինչեւ վերջ պահանջում էր պատերազմը պարտության տարած գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականը: Նա նաեւ այն պրոֆեսիոնալ  ու հայրենասեր հրամանատարներից է, որը երբեւէ գործարքի չէր գնա իշխանության հետ եւ իրեն վստահված ու իր հրամանատարության տակ գտնվող Տավուշի մարզի գյուղերից չէր զիջի թշնամուն: Ուստի Փաշինյանին պետք էր նրան հեռացնել իր ճանապարհից, որպեսզի Ալիեւին տված խոստումներն անարգել իրականացնի: Խաչատուրովին պաշտոնանկ անելով՝ Փաշինյանը վերջնականապես գլխատեց հայկական բանակը: 

Իշխանությունն ակնհայտորեն քաղաքական հետապնդումներ է սկսել Սյունիքի համայնքապետերի նկատմամբ: Արդեն կարելի է վստահորեն ասել, որ այդ ամենն արվում է Սյունիքում եւս Հայաստանի աշխարհագրական քարտեզի փոփոխությունն անխոչընդոտ իրականացնելու համար: Սյունիքի համայնքների ղեկավարներն ակնհայտորեն դիմադրություն են ցույց տալիս ու դեռ կդիմադրեն իրենց համայնքների եւ մարզի հանդեպ ոտնձգություններին:

Իսկ Փաշինյանին նման գլխացավանք պետք չէ: Այդ պատճառով էլ նորից բերման են ենթարկվում Քաջարանի, Գորիսի քաղաքապետերը, շուտով՝ նաեւ մյուսները: Առուշ Առուշանյանը պատերազմի առաջին օրերից զենքը ձեռքին պաշտպանում էր իր երկրի սահմանները, բայց նա Արիության եւ այլ մեդալների չարժանացավ: Ի տարբերություն անհայտ ծագմամբ Արգիշտի Քյարամյանի, Առուշանյանի հայրը, հորեղբայրները, պապերը Սյունիքի պաշտպաններ են եղել Հայաստանի դժվարին պատմության տարբեր ժամանակներում, նա հայտնի Առուշանյանների տոհմի զավակ է: Այսօր նման մարդկանց ուզում են պահել ճաղերի ետեւում…

Մեծ եղեռնից առաջ էլ էին գլխատում ազգի մտավորականներին, հայրենասերներին, հայրենիքի համար պայքարողներին: Նույնը կրկնվում է հիմա, մեր աչքի առաջ՝ 21-րդ դարում, քաղաքակիրթ աշխարհի ու հայրենիքի հանդեպ անտարբեր դարձած հայության աչքի առաջ…
Ակնհայտ է, որ առաջիկայում փոփոխվելու է ոչ միայն Հայաստանի աշխարհագրական քարտեզը, այլեւ՝ հայության ճակատագիրը։