Աստված իմ, այս մարդն ինչքա՜ն է կորցրել իրականության հետ կապը

Աստված իմ, այս մարդն ինչքա՜ն է կորցրել իրականության հետ կապը

Նախկինում էլ եմ բազմիցս զարմացել մեր վարչապետի հայտարարությունների ու լայվերի վրա։ Մանավանդ երբ ամեն լայվից ու հրապարակված ուռա-վիճակագրությունից հետո գրագետ, խելացի մարդիկ, ոլորտի մասնագետները բացահայտել են նրա ասածների անճշտությունները, ստերը։ Միշտ մտածել եմ, որ վարչապետ մարդն իրավունք չունի սուտ ասելու, տեղեկությունը չճշտած հրապարակելու։ Տպավորություն է, որ լրագրողի հետ գործ ունենք, որը շտապում է առաջինը տեղեկությունը հաղորդել մարդկանց եւ շտապելու ընթացքում սխալներ է անում, չճշտված ինֆորմացիա է բաց թողնում։ Մտածում էի՝ էս մարդը դեռ չի գիտակցել, որ էլ թերթի խմբագիր չի, որ վարչապետ է, ոչինչ՝ ժամանակը կանցնի, կգիտակցի, կհասկանա, կզգա կարգավիճակի տարբերությունը։ Բայց պարզվեց՝ լիքը ուրիշ հարցերում լավ էլ զգացել է իր կարգավիճակի «առավելությունները»։
Օրինակ՝ այլեւս լրագրողի-խմբագրի նման օրինականության եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ չի զբաղվում, չի խոսում անմեղության կանխավարկածից, չի պահանջում, որ մինչեւ դատարանի դատավճիռը մարդուն ազատ թողնեն եւ միայն մեղքը հաստատվելուց հետո խոսեն հանցագործության մասին՝ ինչպես տարիներ շարունակ անում էր իր խմբագրած թերթը՝ «Հայկական ժամանակը»։ Ասենք, գիտակցել է, որ վարչապետ է ու կարող է ուզած պահին քրեական գործ հարուցելու հրահանգ տալ քննիչներին, կարող է մարդ բռնել տալ, մարդ նստացնել, կարգադրել, որ փողոցը փակեն՝ որ ինքը հանգիստ ուղիղ եթեր մտնի եւ այլն։ Իսկ լրագրողի-խմբագրի շտապողականությունից, լուրն առաջինը հաղորդելու «կայֆի» զգացումից չի ազատվել։ Ասենք օրինակ, ժամանակին օրվա պուլսը զգացող խմբագիր էր՝ անմիջապես զգում էր քաղաքական պրոցեսների ընթացքը, պահի կարեւորությունը, մարդկանց տրամադրությունները։ Հիշում եմ՝ դիպուկ խմբագրականներ էր գրում, օրվա ամենակարեւոր դեպքերը վերլուծում էր, կարդում՝ հաճույք էինք ստանում։
Հիմա՝ որպես վարչապետ, բացարձակապես չի զգում, թե ինչ է կատարվում երկրում, որն է կարեւոր, որը երկրորդական։ Առաջին անգամ ունեցա այդ զգացողությունը՝ որ Նիկոլ Փաշինյանը կտրվել է իրականությունից, Կապանի հայտնի ասուլիսից հետո։ Չե, չեմ խոսում մատից ծծած ու խնդալու 100 փաստի մասին, որ մարդկանց մեծամասնությունը քմծիծաղով լսեց։ Խոսքը Հրայր Թովմասյանի դեմ աշխարհացունց կոմպրոմատի հայտարարությանն է վերաբերում։ Երբ Կապանում ասաց՝ ժողովուրդ, սպասեք, հասնեմ Երեւան, տեսեք՝ ոնց եմ Հրայրի ծախու դեմքը պարզելու, դիմակը պատռելու։ Իսկ երբ պարզվեց՝ որոշել են Աննայի հետ մի գիշեր էլ մնալ Կապանում, սիրտներս պայթում էր անհամբերությունից, թե՝ երբ է հասնելու Երեւան, որ տեսնենք Հրայրի կոռումպացվածության մասին էդ ինչ փաստ ունի, որ ազգովի թքենք Հրայրի դեմքին ու դուրս վռնդենք Սահմանադրական դատարանից։ Հաջորդ օրը շատերը հիասթափություն ապրեցին՝ ճտիկով գրիչի պատմությունից, իսկ ես մտածեցի․ Աստված իմ, այս մարդն ինչքա՜ն է կորցրել իրականության զգացումը, որ նման բան է հայտարարում։ Եւ այս մարդն ինչպես է նման զգացողություններով, նման աշխարհընկալմամբ ու պատկերացումներով երկիր ղեկավարում։ Դուք պատկերացնո՞ւմ եք ինչքան բարդ է նրա համար ընկալել օբյեկտիվ իրականությունը, ճիշտ գնահատել մարդկանց, որոշումներ կայացնել։ Պատկերացնո՞ւմ եք միջպետական հարաբերություններում, կադրային հարցերում, բարդ պետական խնդիրներ լուծելիս ի՜նչ ավերածություններ կարող է անել նման աշխարհընկալում ունեցող մարդը, որը պարզ բաներում ճիշտ չի կողմնորոշվում։ Ըստ էության չի զգում, թե որն է կոմպրոմատը, որն է կոռուպցիան, ինչը կարող է մարդուն խայտառակ անել եւ ինչը խայտառակ կանի նման «բացահայտում» անող պաշտոնյային։
Երեկ, երբ հետեւում էի Նիկոլ Փաշինյանի լայվին, որտեղ ընտանեկան ֆորմատով փորձում էին մարդ ու կնիկ «հանճարեղ» լուծում տալ կոմունալները չվճարած եւ գազից ու լույսից զրկված մարդկանց խնդրին, կրկին արձանագրեցի, որ այս մարդը կտրվել է իրականությունից։ Առնվազն խղճահարություն էր առաջացնում նրա այն հրճվանքը, թե՝ «գտել եմ լուծումը», ժողովուրդ ջան, իրար պարտքերը փակեք եւ ամեն ինչ լավ կլինի։ Մի կողմից զարմանալի էր, որ ինքը կարծում է, թե իր մի կոչով մարդիկ նետվելու են հարեւանների պարտքերը փակելուն։ Զարմանում էի, թե ինչ ինքնավստահություն եւ իր վարկանիշի վրա ինչպիսի համոզվածություն ունի այս մարդը եւ ինչքան մանկամիտ է, որ կարծում է իր մի լայվով լուծեց «գլոբալ» պետական խնդիր։
Իսկ լայվերն ու քաղաքացու հետ զրույցներն արդեն հոգնեցրել են, դարձել ձանձրալի, ոչինչ չտվող, պետական պաշտոնին ոչ հարիր։ Եւ իրականությունից կտրված այս անձի կողքին չկա մեկը, որ հուշի դա եւ ամենակարեւորը՝ չկա մեկը, որին ինքը կլսի։ Իսկ ում էլ լսում է, հավանաբար, շատ չեն տարբերվում իրենից՝ իր մտավոր ունակություններից, իր աշխարհընկալումից, եւ իրականության հետ էլ կապված են ճիշտ այնքան,որքան ինքը։