Ինչո՞ւ կառավարությունը սոցիալական աշխատատեղեր չի ստեղծում

Ինչո՞ւ կառավարությունը սոցիալական աշխատատեղեր չի ստեղծում

Մեր խմբագրություն էր զանգահարել Ռազմիկ անունով մի գործարար, որն առաջարկություն ունի կառավարությանը սոցիալական խնդիրների հաղթահարման վերաբերյալ։ Ու խնդրեց հանրայնացնել իր առաջարկը՝ գուցե կառավարության «խելքին նստի» և մի օգուտ տան ժողովրդին։

«Գործարարն առաջարկում է պետական մակարդակով սոցիալական աշխատատեղեր ստեղծել, որ ճգնաժամային այս իրավիճակում մարդիկ անգործ չմնան, գնան տարբեր հասարակական բնույթի աշխատանքներ իրականացնեն իրենց համայնքներում։ Օրինակ՝ քաղաքապետարանը սանմաքրման կամ ծառատնկման աշխատանքներ է իրականացնում, որոնց համար աշխատուժ է հարկավոր, մեկ այլ տեղ մեկ այլ աշխատանքի կարիք կա, որոնց համար գուցե մարդկային ռեսուրսի խնդիր է առաջանում, ուստի կառավարությունը կարող է գումար հատկացնել, որ աշխատանք չունեցողները դիմեն և ժամանակավոր վարձու աշխատանք կատարեն։

«Թող ստեղծեն սոցիալական աշխատատեղեր։ Օրինակ՝ օրը 5000 դրամի չափով, ովքեր կարիքավոր են, թող գնան կատարեն այդ աշխատանքը և վարձատրվեն, օրինակ՝ ծառատունկ, օրինակ ճանապարհի մաքրում, միայնակ ծերերի խնամք և այլն։ Թող կայքում տեղադրվի այդ անձանց ցուցակը, և տվյալ համայնքի ղեկավարները, որ նման աշխատանքի կարիք կունենան, այդ ցուցակով աշխատող գտնեն, կամ էլ մարդիկ իրենք դիմեն իրենց համայնքապետարան, որ ընդգրկվեն աշխատանքի։ Բայց մի պայմանով՝ յուրաքանչյուրը կարող է մեկ ամսվա ընթացքում 10 օր աշխատի, ոչ՝ ավել, որ մյուսներին է հասնի»,-ասաց մեր զրուցակիցը։

Նա հաշվարկ կատարել էր, և կարծում է, որ բյուջեում ամսական 500 մլն դրամից մինչև 1 մլրդ դրամ նախատեսելու դեպքում հնարավոր է դա իրականացնել։ «Եթե ամսական 500 մլն դրամ հատկացնեն, 10 հազար սոցիալական աշխատատեղ կստեղծվի, ինչու՞ չեն անում»,-ասաց գործարարը։

Ընդ որում, դա կարելի է անել ոչ միայն կորոնավիրոսային այս շրջանում, այլ տարին կլոր, քանի որ կարիքավոր ընտանիքները միայն կորոնավիրոսի օրերին չեն, միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք այդ աշխատանքի կարիքը կունենան։