Մի հարցում նրանք հիացմունքի արժանի են

Մի հարցում նրանք հիացմունքի արժանի են

Չենք կարող չարձանագրել, որ մի բանում, այնուամենայնիվ, մեր երիտասարդ իշխանավորներն անկեղծ հիացմունքի են արժանի՝ իրենց համառության եւ հետեւողականության համար։ Ընդ որում՝ համառ են ու հետեւողական ոչ թե աշխատելու, արարելու, գաղափարներ առաջ տանելու, երկիրը շենացնելու հարցերում, այլ՝ իրենց սխալները պնդելու։ Երբ մեծ թվով մարդիկ, ամիսներ շարունակ հանդիմանում ու քննադատում են երկրի վարչապետին, որ դատավորների հասցեին «վնգստալ» բառն օգտագործել չի կարելի՝ դա ոչ միայն վատ տոնի ու թերի դաստիարակության նշան է, այլեւ մի ողջ ինստիտուտի է վնասում եւ հակաիրավական հետեւանքներ ունի մեր պետության համար, սակայն նա ամիսներ անց կրկին օգտագործում է այդ արտահայտությունը, հասկանում ես, որ համառությունն այս երիտասարդների գլխավոր ու գրեթե միակ որակն է։ 

Երկու տարի շարունակ հասարակությունը քննադատում է Հայկ Մարությանին՝ «սեւ-սպիտակի» տարանջատումը մտցնելու, այդ վնասակար ու վտանգավոր հասկացությունը մեր կյանք ներմուծելու համար, 2 տարի անց, երբ հույսեր ես փայփայում, որ երիտասարդ քաղաքապետը հասկացել է իր սխալը եւ զղջացել իր անզգույշ արտահայտության համար, նա նորից կրկնում է այդ արտահայտությունը՝ հպարտորեն շեշտելով, որ չի զղջում, չի ափսոսում, ճիշտ է ասել։ Երբ մեծ խումբ մարդիկ անընդհատ խոսում են քաղաքական հետապնդումների անթույլատրելիության մասին եւ հորդորում են զերծ մնալ քաղաքական հակառակորդների նկատմամբ ռեկետից, սպառնալիքներից, նրանց քրեական մեղադրանքներ առաջադրելուց, ձեռնպահ մնալ մեղադրանքն ապացուցելուց առաջ հայտարարություններ անելուց կամ մարդուն հանցագործ հռչակելուց, սակայն իշխանությունը շարունակում է դա անել։

Բացի այդ՝ անընդհատ մատնացույց է անում տգետ խավի տեսակետը, որ, այ, տեսեք՝ նրանք էլ սամասուդի, շուշաթղթի կողմնակիցն են, մեզնից հակառակն են պահանջում, շատ մի պնդեք, թե չէ կսկսենք նրանց լսել եւ նրանց թույլ կտանք անցնել «սամասուդի», հասկանում ես, որ անհույս է նրանց հետ որեւէ հույս կապելը եւ քաղաքակիրթ կառավարում ակնկալելը։ Նրանք իշխանության են եկել փողոցից, նրանք փողոցի իշխանություն են եւ ենթակա են փողոցին, այլ ոչ թե օրենքին, բանականությանը, քաղաքակրթությանը եւ առաջընթացին։