Նոյեմբերի 9-ի դավադրագիրը քաղաքական ուժ չունի
44-օրյա պատերազմը անսպասելի դադարեցվեց այն ժամանակ, երբ մեր ժողովուրդը հավատով և հպարտությամբ ամեն օր լսում էր լուրերը ռազմաճակատից, և պետական տեղեկատվությունը փոխանցող սպան վստահեցնում էր մեզ, որ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:
Եվ հանկարծ Հայաստանի Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարը, որ դիվանագիտական և ռազմական գործի մասնագետ չէ և պետության կառավարման բացարձակ փորձառություն չունի, կեսգիշերին պաշտոնապես համաձայնում է դադարեցնել պատերազմը և ստորագրում է մի թուղթ,որի անվանումը այդպես էլ չի հստակեցվել քաղաքականորեն:Այդ թուղթը եռակողմ որոշում է եղել, ո՛չ, երկկողմ պայմանավորվածություն է եղել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ,իսկ ՀՀ վարչապետից ստորագրություն է վերցվել , որպեսզի այն համարվի եռակողմ և իբր ապահովի այդ թղթի իրավական կողմը:Ահա թե ինչու ես այն անվանում եմ ԴԱՎԱԴՐԱԳԻՐ:
Երբ բացահայտվեց պետական այս դավադրությունը, մի խումբ մարդիկ՝ որպես անհամաձայնություն, զայրացած մտել էին կառավարական շենք՝ վարչապետի աշխատասենյակ և նստավայր–բնակարանը՝վայրենի ավերածություններ անելով այնտեղ / ցավոք, մեզանում կան դեռ մարդիկ, որոնք խուլիգանական գործողությունները շփոթում են քաղաքական բողոքի հետ /:Մի քանի օրից կազմակերպվեցին ցույցեր և հանրահավաքներ, որոնք ամենայն հավանականությամբ կազմակերվել և ուղղորդվում էին որոշակի տեղից, որը ,դարձյալ ամենայն հավանականությամբ,վարչապետին ձեռնտու էր:Ո՞վ կարող է բացատրել,թե ինչո՞ւ այդպես կտրուկ, դիրիժորի փայտիկի մի շարժումով Վազգեն Մանուկյանի հանրահավաքները դադարեցին:
Եվ ահա, ես,այս ամենը տեսնելով և վերլուծելով, 2020թ.նոյեմբերի 15-ին ֆեյսբուքյան իմ էջում կատարել եմ հետևյալ բովանդակությամբ գրառումը:
«Եռակողմ այս դավադրագիրը քաղաքական և իրավական ոչ մի ուժ չունի, քանի որ կողմերից մեկը՝ Հայաստանի վարչապետը, լիազորված չի եղել Արցախի Հանրապետության անունից ստորագրելու որևէ փաստաթուղթ:
Դեռ մինչև պատերազմը՝ Արցախի անկախության միջազգային ճանաչումը պահանջող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անընդհատ պնդում էր, որ ինքը լիազորված չէ Արցախի ժողովրդի անունից բանակցելու կամ որևէ որոշում կայացնելու, քանի որ ինքը՝որպես վարչապետ, չի ընտրվել Արցախի ժողովրդի կողմից: Վարչապետը միտումնավո՞ր էր ասում, թե՞ իսկապես չգիտի 1989թ. Դեկտեմբերի 1-ի ՝ ՀՀ և ԼՂԻՄ Գերագույն խորհուրդների միաժամանակյա որոշման մասին, որով հաստատվում է ԼՂԻՄԻ վերամիավորումը Հայաստանին:Նա 10 տարի եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր և գոնե մեկ անգամ պետք է, որ լսած լիներ այդ որոշման մասին:Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ,երբ դեռ ընթանում էր արցախյան պատերազմը,անսպասելի, մի քանի րոպեում, առանց Արցախի ղեկավարության և ժողովրդի գրավոր համաձայնությունը ստանալու, անգամ առանց Հայաստանի ժողովրդին տեղեկացնելու, ստորագրում է, ուշադրությո՛ւն՝ Արցախի և Հայաստանի կ ա պ ի տ ու լ յ ա ց ի ա յ ի մասին մի թուղթ, որը, կրկնում եմ, ի ր ա վ ա կ ա ն որևէ ուժ չունի, քանի որ նախ՝ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես այդ պատերազմի կողմ չի համարվում և հետևաբար բացառվում է Հայաստանը կ ա պ ի տ ու լ յ ա ց ի ա յ ի պահանջը և այն հաստատող որևէ փաստաթղթի ստորագրումը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, իրավա-քաղաքական տեսակետից, պաշտոնապես Ադրբեջանի հետ պատերազմող կողմ չի եղել, հետևաբար նաև չի կարող որևէ պետության կողմից ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԵԼ և տարածքային կորուստներ ունենալ,և առավել ևս օրինական և իրավական չէ այդ ստորագրությունը, քանի որ վարչապետը,իր իսկ խոսքերով ասած,նաև լիազորված չէ Արցախի ժողովրդի կողմից՝ նրա քաղաքական և ռազմական ճակատագրի վերաբերյալ որևէ որոշում կայացնելու:.
Կարծում եմ, մեր քաղաքագետները և իրավաբանները պետք է այս հարցը դնեն քննարկման:
Եթե ՀՀ վարչապետի վրա եղել է քաղաքական և իրավական անհամաչափ ճնշում դրսից, ուրեմն նա անհապաղ, մինչև հրաժարական տալը, պետք է կառավարություն հրավիրեր քաղաքագետների և հեղինակավոր քաղաքական գործիչների,ներկայացներ իրավիճակը, խորհրդակցեր ,ձևավորեր նոր կառավարության կազմը, ապա հրաժարական տար: Հակառակ դեպքում ՝ նրան պետք է պարտադրվեր հրաժարական տալը, որովհետև դա կհեշտացներ այդ դավադրագրի հետագա բողոքարկումը և կասեցումը: Երբ նոյեմբերի 9-ին Փաշինյանը, մեր ժողովրդի կամքին հակառակ, անակնկալ ստորագրեց այդ ազգակործան դավադրագիրը և կամավոր հրաժարական չտվեց, ՀՀ Նախագահը քաղաքական հայտարարություն պիտի աներ այդ կապակցությամբ, պահանջեր վարչապետի հրաժարականը և ստանձներ երկրի ժամանակավոր կառավարման պատասխանատվությունը, մինչև կստեղծվեր ժամանակավոր կառավարություն: Ավա՜ղ,չեղավ և դա:
Այս դավադրագիրը, որքան էլ որ իրավական ուժ չունի, իսկ դա մենք պետք է հաստատենք իրավաբանորեն, միևնույն է, Հայաստանի համար ծանրագույն հարված է դարձել և՛ դիվանագիտական, և՛ քաղաքական,և՛ աշխարհաքաղաքական, և ռազմական տեսանկյուններից»:
Պատերազմող կողմ չհամարվող Հայաստանին անարդարացիորեն պարտադրվում է ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ՝բռնազավթելով նրա ինքնիշխան պետության տարածքները, որոնք ճանաչված են դեռևս 1920թ. Ազգերի Լիգայի կողմից և չի չեղարկվել. խոսքը 1918-20թթ.Հայաստանի առաջին հանրապետության քաղաքական քարտեզին է վերբերում, որի մեջ էին Լեռնային և Դաշտային Ղարաբաղը և Նախիջևանը:1920թ. նոյեմբերին Հայաստանի բռնի խորհրդայնացումը և մի քանի տարի հետո՝1924 թ. բռնակցումը Խորհրդային Միությանը,սառեցրեց Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի գործողության մեջ մտնելը, քանի որ քաղաքական ասպարեզում այլևս չկար անկախ Հայաստանի Հանրապետությունը: Իրավարար վճիռը երաշխավորում էր ոչ միայն Արցախի ու Նախիջևանի՝ Հայաստանի կազմում լինելը, այլև Արևմտյան Հայաստանի 3 նահանգների և Տրապիզոնի՝ելք դեպի Սև ծով ապահովումը: Թուրքիայի քաղաքական խորամանկ միջամտությամբ Ադրբեջանը խորհրդայնացվեց՝պայմանով, որ Ղարաբաղն ու Նախիջևանը տրվեն Խորհրդային Ադրբեջանին: Այս մասին բազմից է խոսել ու պարզաբանել արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքագետ ու պատմաբան Արա Պապյանը.ավելի մանրամասն իմանալու համար կարդացե՛ք և լսե՛ք Արա Պապյանի հոդվածները, ֆեյսբուքյան գրառումները և youtube-յան ելույթները:
Զարմանալին ու ցավալին այն է, որ Հայաստանի անկախության առաջին իսկ տարիներից մեր երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձ անագամ չարեց անդրադառնալու Իրավարար վճռին:Ճիշտ է, այդ ժամանակ դեռ Իրավարար վճիռը ներկայացվում էր սովետական քաղաքագետների ու պատմաբանների թյուր՝ ի վնաս Հայաստանի մեկնաբանությամբ, բայց մասնագիտությամբ պատմաբան Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր հանձնարարել մեր պատմաբաններին ուսումնասիրելու Իրավարար վճռի քաղաքական ուժը:Դա չի արվել,իսկ երբ բացահայտվել է Իրավարար վճռի անժամանցելի և կատարման համար պարտադիր լինելու իրական իրավական ուժը, մեր երկրի հաջորդ երկու նախագահներն ու այսօրվա վարչապետը նույնպե՞ս չհասկացան դրա կարևորությունը մեր երկրի համար, թե՞ ժամանակ չունեին իրենց համար անկարևոր գործով զբաղվելու:Հավատացնում եմ, եթե անկախության առաջին տարիներին Հայաստանը Իրավարար վճիռը դներ միջազգային իրավունքի սեղանին, չէր լինի նախ՝ առաջին արցախյան պատերազմը:
Դե գոնե հաղթանակից հետո պետք էր Իրավարար վճիռը բերել իրավական դաշտ, մանավանդ,որ երկուհազարականների սկզբում Արա Պապյանի ուսումնասիրությունների շնորհիվ արդեն հայտնի էր Իրավարար վճռի իրավական և քաղաքական անժխտելի և անժամանցելի ուժը: Ահա, այդ ժամանակ,երբ Թուրքիան ու Ադրբեջանը զբաղված կլինեին միջազգային դատարաններում պարզաբանելու և ապարդյուն ուղիներ փնտրելու՝ Իրավարար վճռի հարվածը չեզոքացնելու համար, ժամանակ չէին ունենա հզորանալու, ընդհակառակը, տարածքային կորուստներ կունենային,Ադրբեջանում ոտքի կկանգնեին բնիկ ժողովուրդները, և կփլուզվեր այն՝ որպես միասնական պետություն՝կորցնելով իր քաղաքական, էներգետիկ,աշխարհաքաղաքական և ռազմական կարևորությունը տարածաշրջանում:Նույն ճակատագրին կարժանանար նաև Թուրքիան, որի բնակիչները դարերի ընթացքում բռնի թրքացած բնիկ ազգերն են…
Իսկ մեր երկրի ղեկավարներն ի՞նչ են արել…..Բոլորիս է հայտնի…Այսօր Հայաստանը քաղաքական շատ ծանր վիճակում է. նրան պարտադրվում է սահմանների սահմանազատում և սահմանագծում խորհրդային տարիների երկու հարևան դարձած միութենական հանրապետությունների վարչական՝ Խորհրդային Միության ներքին սահմանների վավերացում և ճանաչում,մինչդեռ այդ սահմանները միջազգայնորեն ճանաչված սահաններ չեն, հետևաբար, այս շտապողականությունը և ադրբեջանցի զինվորականների սահմանային խժդժությունները ռուս-թուրք-ադրբեջանական դաշնության հատուկ մշակված սցենար են: Այս սահամանային անկարգությունների մեջ ներգրավել են նախ՝Իրանին՝ որպես սահմանակից հարևան երկրի:Հայաստանի կառավարությունը ոչ միայն հայաստանյան տարածքները հանձնել է ադրբեջանի տնօրինությանը՝հրաժարվելով դրանց Հայաստանին պատկանելուց, այլև դրանով հարվածի տակ է դրել հարևան Իրանի և՛ քաղաքական վարկն ու հեղինակությունը, և՛ տնտեսական շահը.ի դեպ այդ բեռնափոխադրումները միակողմանի են,այսինքն՝ ապրանքը գալիս է Իրանից, որի կարիքը ունի Հայաստանը…Եթե մենք կորցնենք մեր բնական դաշնակից հարևան Իրանի հետ բարիդրացիական, քաղաքական և տնտեսկան հարաբերությունները, ապա Հայաստանը անդառնալիորեն կկորցնի իր քաղաքական և տնտեսական հեռանկարը:Սահմանային այս սանձարձակությունը օր օրի ավելի է խստացվում, որպեսզի Հայաստանի կառավարությունը արդարացնի ակնհայտ անօրինական զիջումները և արագացնի սահմանազատման և սահմանագծման գործը,ի դեպ, նույն տրամադրությունն է արտահայտում նաև Ռուսաստանը՝արտգործնախարարության խոսնակի շուրթերով՝ միակ ելքը համարելով շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը:Սակայն ինչպես վերը նշվեց, այս սահամանզատումը ապօրինի կլինի, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած սահմանը ոչ թե երկու ինքնիշխան պետությունների քաղաքական սահման է, այլ այն եղել է մեկ ընդհանուր պետության ներքին վարչական սահմանազատում:
Դեռևս 1998 թվականին ամերիկացի քաղաքագետ ոմն Փոլ Գոբլ արցախյան հիմնախնդիրը լուծելու իբր մի անարյուն առաջարկ է արել Հայաստանին՝Արցախը մնա Հայաստանին,Մեղրին տալ Ադրբեջանին:Ասում են, որ այդ ծրագրին համաձայն է եղել երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանը, բայց, բարեբախտաբար, մեր երկրում այդ ժամանակ եղել դրա կործանար հետևանքները հասկացողներ,և գործարքը կասեցվել է: Այսօր փորձում են գործողության մեջ դնել Սյունիքի օտարումը Հայաստանից:
Նախ՝ այն, որ եթե Մեղրիից ճանապարհ բացվի դեպի Նախիջևան, որը կկապի Ադրբեջանը Թուրքիայի հետ, դա կնշանակի Հայաստանի վերջնական և ամբողջական շրջափակում հարավից:
Այս ծրագրի իրականացումը կլինի ի վնաս նաև Արևմուտքի և Իրանի, քանի որ մեծ է աշխարհաքաղաքական այդ դարպասի ռազմավարական և տնտեսական կարևորությունը:
Այս պատերազմից հետո ,Նոյեմբերի 9-ի այս դավադրագրով փորձում են իրականացնել արդեն ոչ թե Փոլ Գոբլի ծրագիրը, այլ Թուրքիայի պանթուրանական ծավալապաշտական ձգտումները, որը դաժանորեն իրականցվում է մեր իշխանությունների անհեռատես, բայց ոչ բնավ փափկանկատ քաղաքականությամբ, որի հետևանքը մեր տարածքային ահռելի կորուստերն են, հազարավոր արցախցիների հայրենազրկումը, հինգ հազարից ավելի երիտասարդ հայ զինվորների կյանքը և հազարավոր զինվորների խեղված ճակատագիրը...
Հայտնի իրողություն է աշխարհում.պատերազմում պարտված երկրի թագավորին անգա՛մ գահընկեց է արել ժողովուրդը:Փաշինյանը հպարտանում է իր վերընտրվելով և համարում է հաղթանակ, հաղթանակ, ցավոք ոչ թե պատերազմում, այլ այդ չարաբաստիկ նախկինների հանդեպ. սա զավեշտ է, բայց և վիրավորանք մեր ժողովրդի համար….
Այսօր տասնյակ հազարավոր մարդիկ զղջացել են իրենց ընտրության համար, շատերն են ընդունում, որ մոլորեցրել են իրենց ընտրարշավի ժամանակ և հիմա խղճի խայթ ունեն հայրենիքի հանդեպ…
Կարծում եմ, այն մարդիկ, ովքեր զղջացել են ,թող միանան նրանց, ովքեր իրենց ձայնը չեն տվել ՔՊ-ին, հետևաբար նաև Փաշինյանին, նախկիններին և հետ կանչեն իրենց քվեն,իրենց ձայնը…Հայաստանը պետք է փրկել:
Մարի Բարսեղյան-Խանջյան
գրող, հրապարակախոս
Կարծիքներ