ԵՄ-ի ռազմական ամրապնդումը  ԱլԳ տարածքում 

ԵՄ-ի ռազմական ամրապնդումը  ԱլԳ տարածքում 

Երեկ երեւի շատերի ուշադրությունից չվրիպեց ՔՊ-ի կողմից ՀՀ Գլխավոր դատախազի պաշտոնում հերթական թյուրիմացությանը առաջադրելու մասին լուրը: Թե ընդհանուր թվով քանի ուսապարկ կա երկրի պետական համակարգում, երեկվա դատախազի թեկնածուն էլ ներառյալ, հազիվ թե որեւէ մեկը հստակ գիտի, բայց որ իրենք բոլորը միասին են հեռանալու` ամենքին է հասկանալի: Ընդ որում, դժվար է պատկերացնել որեւէ հաջորդ իշխանություն Հայաստանում, որ ՔՊ-ականերին ու մերձՔՊ-ականներին առաջին մարդուց մինչեւ վերջինը դատարանի առջեւ չկանգեցնի եւ պետական հանցագործությունների ու պետությանը պատճառված վնասների ամբաստանությամբ ազատազրկում չպահանջի: Տա Աստված, հաջորդ իշխանության օրոք ՔՊ-ականները այնպիսի վիճակում լինեն, որ 2020-ի նոյեմբերի 9-ի` բունկերից անգիտակից ձայնարկող Փաշինյանի կամ փողոցում մահից փրկված Միրզոյանի վիճակներին երանի չտան: 

Բայց որքան էլ օտարոտի հնչի Հայաստանի ներկայի եւ ապագայի համար այնքան նշանակություն չունեն ՔՊ-ականները, նույնիսկ դրանց գահընկեց լինելն ու արդարադատության առջեւ կանգնելը, որքան Հայաստանի շուրջ, հատկապես Եվրամիության Արեւլյան գործընկերության գոտում (Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Հայաստան, Բելառուս, Ադրբեջան) ընթացող բուռն ռազմա-քաղաքական տեղաշարժերը: Իհարկե, էականը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմն է, Ռուսաստանին ուկրաինական Դոնբասից ու Ղրիմից դուրս մղելը, բայց դրան զուգահեռ եւ գուցե դրա հաշվին, քանի դեռ Ռուսաստանը մինչեւ կոկորդը խրվել է պատերազմի մահճում, տնտեսական պատժամիջոցներն էլ երկրի ապագան են փլուզում ու ավերակում, կարծես Ուկրաինայում պատերազմին զուգահեռ Ռուսաստանին ՌԴ սահմաններից դուրս բոլոր տարածքներից հեռացնելու միտում է հստակվում: 

Եթե տարեսկզբին ՌԴ նախագահը ճամարտակում էր այն մասին, որ չի կարող թույլ տալ ՆԱՏՕ-ի ամրապնդում ՌԴ սահմանների մոտ, այժմ` պուտինյան արկածախնդրությունից երեք ամիս անց, ՆԱՏՕ-ական զենքը` հեռահար հրթիռային համակարգերից սկսած բառացիորեն կանգնեց Բոլգորոդից, Դոնի-Ռոստովից ու ՌԴ բազմաթիվ այլ քաղաքներից հարվածային հեռավորության վրա, Ուկրաինան եւ Մոլդովան ռազմա-տեխնիկական առումով անթաքույց ինտեգրվում են ՆԱՏՕ-ին, 200 տարի չեզոքություն պահպանած Շվեդիան եւ Ֆինլանդիան պաշտոնապես դառնում են ՆԱՏՕ-ի անդամ, եւ ինչը Հայաստանի համար առանձնակի կարեւորություն ունի` անցյալ շաբաթ հայտարարվեց ԵՄ-ի հետ ասոցացված երկրների, ներառյալ Վրաստանի պաշտպանական համակարգը ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ ինտեգրման ռելսերի վրա դնելու ծրագրերի մասին:

Այն ինչ Եվրամիության կողմից հետագայում դառնում է քաղաքականություն եւ գործողություն, սկզբում հայտարարվում է, հանրությանը հայտնի է դառնում Եվրախորհրդարանի կողմից ընդունվող բանաձեւերի տեսքով: Հիշում եմ 2013-ի դեկտեմբերին, երբ Ուկրաինայում Եվրոմայդանն էր, ես այդ ժամանակ Բրյուսելում էի, Եվրախորհրդարան ճանաչողական այցի առիթով, եւ այն ժամանակ Եվրոխորհրդարանի հանձնաժողովների նիստերին հնչող ֆրազները, օրինակ` «Եթե Ռուսաստանը Եվրոպայի գործընկերն է, այդ դեպքում թշնամին ո՞վ է», որ բանավեճերի մակարդակում էին, հետո դարձան բանաձեւեր՝ ի տես Ռուսաստանի ագրեսիվության, Ղրիմը զավթելու եւ այլն, հետո դարձան քաղաքականության ուղեգիծ, վերջում վեածվելով գործողությունների, պատժամիջոցների եւ այլն: 

Հետեւաբար, եթե մի զարգացման մասին խոսվում է Եվրախորհրդարանի բանաձեւերում, կարելի է վստահ լինել, որ դրանով վաղվա քաղաքականությունը եւ գործողություններն են հռչակվում: Այս առումով հունիսի 8-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված “Security in the Eastern Partnership area and the role of the common security and defence policy” բանաձեւը (թարգմանաբար` “Անվտանգությունը Արեւելյան գործընկերության տարածքում եւ CSDP-ի (Ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության) դերակատարությունը”) ուղենիշային փաստաթուղթ է, որը հաշվի առնելով ծավալի մեծությունը, պետք է դեռ ուշադիր ուսումնասիրել եւ լուսաբանել, հասկանալու համար թե ինչ է սպասվում մեզ ապագայում: Դա նույն այն բանաձեւն է, որ Հայաստանում ուշադրություն գրավեց, արդեն անցյալ շաբաթ դրա մասին խոսվում էր շնորհիվ նրա, որ բանաձեւում գլխավորապես Դավիթ Շահնազարյանի ուժերով կարեւոր, ճշմարտացի եւ հայանպաստ ձեւակերպումներ էին կատարվել մի քանի կետերում (BY, BZ) Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի եւ Ղարաբաղյան հակամարտության լուծված չլինելու մասին: Ընդսմին իմ տեղեկությամբ, ՀՀ իշխանությունները առանձնապես ներդրում չէին ունեցել այդ ձեւակերպումներին հասնելու հարցում: 

Սակայն շատ ավելի կարեւորն այդ բանաձեւոմ անվտանգության քաղաքականության հռչակումն է Արեւելյան գործընկերության տարածքի առնչությամբ, ամրագրումը, որ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն համատեղ գործողությունների ծրագրով ամրապնդվելու են Արեւելյան գործընկերության տարածքում` խորացնելով պաշտպանական ինտեգրումն այդ երկրների հետ: Այդպիսով մեկնարկը տրված է, քաղաքական խնդիրը՝ ձեւակերպված, անգամ ակնկալվող քայլերն են այդ բանաձեւում շարադրված, եւ Հայաստանում դրանք պետք է ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրվեն՝ ապագայում ռազմաքաղաքական անակնկալների չբախվելու եւ չխարխափելու համար: