Ալիեւի հիմարությունը

Ալիեւի հիմարությունը

Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններին հաջորդեցին ռազմաօդային ուժերի ուսումնա-փորձնական վարժանքներ, որոնց ընթացքում մշակվել են «պայմանական հակառակորդի հրամանատարական կետերի ռմբակոծման գործողություններ»:  Մամուլում հատկապես ընդգծվում է Նախիջեւանում «դիրքերն առաջ բերելու եւ Արենի գյուղը նշանառու կրակի տակ առնելու» հանգամանքը: Դա դիտարկվում է որպես պատերազմի դեպքում Երեւան-Գորիս-Ստեփանակերտ մայրուղին «փակելու» հնարավորություն: Իրեն հարգող ոչ մի երկիր սեփական ռազմական ծրագրավորումները մամուլի սեփականության չի դարձնում: Բայց դա այլ խոսակցության թեմա է: Եթե ելակետային է ընդունվում որեւէ խաղաղ բնակավայր, իսկ Արենին ռազմահենակետ չէ, կրակի տակ առնելու եւ այդպիսով իրավիճակի տեր դառնալու «ռազմագիտական սկզբունքը»՝ դրանից բխող հետեւություններով հանդերձ, ապա ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով քանի՞ ադրբեջանական բնակավայր կա, որ հայկական կողմի կրակային խոցման տակ կարող է հայտնվել պատերազմի վերսկսման հենց առաջին րոպեներին: Հյուսիսից՝ հարավ՝ շփման գծի երկայնքով տասնյակ ադրբեջանական քաղաքներ եւ գյուղեր, որտեղով անցնում են հակառակորդի զինված ուժերի մատակարարման ուղիները, հաշված ժամերի ընթացքում կարող են վերածվել ավերակների: Իսկ եթե հաշվի առնենք հայկական զինանոցի արդիական միջոցները, ապա հրթիռային խոցման տակ է ընկնում նաեւ Եվլախ հանգուցային քաղաքը: Ինչպես արցախցին է ասում՝ մեր թնդանոթները «մածուն չեն կրակում»:

Թիրախ ընտրել Արենին եւ դա տարփողել մամուլով մեկ, նշանակում է պատասխան հարվածի տակ դնել Գյանջա, Գյոյգյոլ, Նավթալան, Գերանբոյ, Թարթառ, Բարդա, Բեյլագան, Աղջաբեդի քաղաքները, Հորադիզ ավանը եւ երկաթուղային կայարանը: Չխոսած այդ գոտու հարյուրավոր գյուղերի մասին, որոնք վաղուց վերածված են ռազմական հենակետերի: Սա՞ է ալիեւյան վարչախմբի տեսլականը: Դրանով նա կարող է լիուլի կերակրել սեփական հանրությանը, բայց լուրջ մարդիկ հասկանում են, որ Ադրբեջանում իշխանության համար կատաղի մրցակցություն է սկսվել: Շատ հավանական է, որ ռազմական գերատեսչությունը պատերազմական հռետորաբանությամբ պարզապես զինված հեղաշրջման հող է նախապատրատում: Ադրբեջանական վտարանդիության աղբյուրները խոսում են Զաքիր Հասանովի նկատմամբ Մեհրիբան Ալիեւայի պաթոլոգիկ ատելության մասին: Առաջին փոխնախագահը պաշտպանության նախարարի իր թեկնածուն ունի: Դա պետական անվտանգության ծառայության նախկին տնօրեն, ներկայումս ռազմական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիեւն է: Ինչպե՞ս կհանգուցալուծվի իշխանության հարցը Բաքվում՝ կախված է ուժային կենտրոններից: Մինչ այդ պատերազմական հռետորաբանությունը նոր հիմարություններ է թույլ տալու: Ամեն ինչ՝ ըստ ժանրի կանոնների: