Նամակներ ինքնամեկուսացումից-4

Նամակներ ինքնամեկուսացումից-4

Վարք ապիկարաց

Եվ ահա, սիրելի Արմինե, այս համաճարակահալած գարունն ավարտվեց: Հեռացավ մեզնից` ինքն իրենից ու մեզնից էլ նեղացած: Ինքը հեռացավ մեր կյանքից, բայց համաճարակը չտարավ իր հետ` մեզ թողնելով վերահաս ամառվա ահագնացող շոգի եւ համաճարակի հետ դեմառդեմ... Տնից տուն անցնող ամենօրյա հեռուստալուրերը տագնապ ու ցավ են շնչում: Եվ երբեմն ինձ, կեսգիշերային իմ աղապատանքի ժամերին, թվում է, թե, ահա, ուր որ է՝ կսկսի խալխվել կամքս եւ հին մատուռի նման կփլվի դեպի ներս` ինձ ու իմ ցավը ծածկելով մոռացությամբ:

- Ինչ մոռացություն,- ապստամբում եմ իմ ներսում,- ո՞ւմ ես թողնում երկիրը, չէ որ մեր տխուր ժամանակներում հայրենիքն էժան է, իսկ ֆեյքը՝ թանկ, ֆեյքասիրությունը` կրոն:

- Ուշանում ենք, ուշացել ենք,- հնչում են սթափ ձայներ: -Հանգիստ նստեք տեղներդ, մենք երբեք սխալ չենք անում,- ցինիկ հռհռում է շատվորյանների խմբակը Ազգային ժողովում: Մենք եթե ուշանում էլ ենք, գիտենք, թե ինչու ենք ուշանում, եւ ընդհանրապես՝ մենք ամեն ինչ գիտենք, մի խանգարեք մեզ, մենք ուշանում ենք ճիշտ ժամանակին... Գլխապտո՞ւյտ է, թե՞ ինձ է պատկերանում. անծանոթ մի երիտասարդ, ամուր կառչած ամբիոնից, հոխորտում է մարդու իրավունքի արժանապատիվ պաշտպանի հասցեին: Լսում եմ ու զարմանում, թե ով է այս տղային ներս թողել Ազգային ժողով: Չնայած պատկերը, կարծես, ինձ ծանոթ էր:

Այդ ե՞րբ էր, ե՞րբ, որ մեր հարեւանի աղջիկ Սեդան եւ ես երրորդ դասարանում էինք, չեմ հիշում` ում հորթը ում բոստանն էր մտել: Սեդայի մայրը եւ տատս հարեւանավարի վիճեցին: Հիշում եմ, սակայն, որ մեր դասարանցի Սեդան, մոր փեշը բռնած, գոռում էր տատիս` օպորտունիստ, ժողովրդի թշնամի... Խեղճ իմ Նազիկ տատ, ում եղբայրներին Ստալինը գնդակահարել էր...
Այո, լինում է այդպես, որ նոր եկող, չձեւավորված սերունդն իր համար էլ անհասկանալի բառեր է օգտագործում՝ համարելով, որ ինքը շատվորյան է եւ կարող է...

Ինքն իրավունք ունի արտակարգ իրավիճակի պայմաններում չքննարկված, չխմբագրված, հում օրենքներ եւ հասարակությունից թաքուն մատաղ սերունդն այլասերող կոնվենցիաներ ընդունել, քանզի իրեն թվում է, թե ինքը տեր է եւ ֆեյքերի զրահաբաճկոն է հագած:
Այո, հիմա այդպիսի ժամանակներ են: Ասացի եւ հիշեցի, թե ինչպես մարտի սկզբներին հերթական անգամ բացեցի «Գրական թերթը», որտեղ Գրողների միության մի քանի անդամներ պատասխանում էին Սահմանադրական դատարանի կազմի լուծարման հանրաքվեի այո-ին կամ ոչ-ին: Ես` համքարության անդամս, հետաքրքրությամբ կարդացի եւ ապշեցի, թե ինչպիսի անհասկանալի հիմնավորումով բոլորը համաձայն էին իշխանությունների հետ եւ ասում էին` այո:
Տեր Աստված, մտածում էի՝ 37 թվականին, երբ Չարենցին հեռացնում էին Գրողների միության անդամությունից, որ հետո բանտարկեին ու սպանեին՝ պատճառաբանելով, թե Չարենցը խանգարում է այն ժամանակների նոր Հայաստանի գրականության առաջընթացին, այս նույն մարդիկ էին, ոչինչ չի փոխվել, ինչպես որ հիմա իշխանությունների կարծիքով, Սահմանադրական դատարանն է խանգարում մեր երկրի բարգավաճմանը...
Ականջդ կանչի, Մեծն Հրանտ Մաթեւոսյան, դու ավելի դառը կարտահայտվեիր եւ թերեւս կավելացնեիր` իմ քայլն ավարտել է իր քայլը, հիմա ուրիշի քայլի ժամանակն է, այսինքն` մեր եւ մեր հայրենիքի, որի ոտնաձայները լսվում են արդեն:

Հարգանքներով` Մերուժան 
ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ